National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.11.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.11.2010
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 4

Նոյեմբերի 3-ին ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ երկու` նույն դաշտում գտնվող օրինագծերի վերաբերյալ:

Քննարկման էին ներկայացվել ՀՀ կառավարության եւ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հեղինակած եւ քննարկումների արդյունքում  միավորված «Գրադարանային գործի մասին» ՀՀ  օրենքի նախնական նախագիծը եւ կառավարության հեղինակած «Փաստաթղթերի / վավերագրերի/ պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ օրենքի նախագիծը:

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, գրադարանային գործի մասնագետներ  եւ գրադարանների տնօրեններ::

Մինչ  աշխատանքն սկսելը, լսումների մասնակիցները  ծանոթացան ԱԺ Կանաչ սրահում կազմակերպված բազմաբնույթ գրքերի եւ ալբոմների ցուցադրությանը, որը նույնպես կազմակերպել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին` ցուցաբերած աջակցության համար, տեղեկացրեց, որ ցուցադրված շուրջ 280  գրքերը, որոնք հրատարակվել են վերջին տարիներին,  նվիրաբերվում են ԱԺ գրադարանին:  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանին նվիրեց նաեւ   հայ գեղանկարիչների գործերը ամփոփող ալբոմներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին արժեքավոր նվիրատվության համար եւ հույս հայտնեց, որ նման ցուցադրությունները շարունակական կլինեն եւ կհամալրվեն այլ գրադարանային հավաքածուներ եւս:

Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկաներին հորդորեց անկաշկանդ ներկայացնել օրինագծերի վերաբերյալ իրենց տեսակետները, դիտողություններն ու առաջարկները, որոնք կքննարկվեն եւ կընդգրկվեն օրինագծերի լրամշակված տարբերակներում:

Լսումների մասնակիցներին ողջույնի խոսք ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նշեց.  «Խորհրդարանական լավագույն ավանդույթների շարունակությունը մեզ հնարավորություն է ընձեռում համատեղ աշխատանքի, ուղղակի երկխոսության եւ հարցերի բազամակողմանի քննարկման: Մշակութային քաղաքականության հստակեցման, գրադարանային գործի կազմակերպման շրջանակում հարաբերությունների հստակեցման, պետական աջակցության երաշխիքների սահմանման, գրադարանային հավաքածուի ձեւավորման, պահպանման եւ ժառանգականության փոխանցման հիմքերի ստեղծման միտումով այսօր հանդիպել ենք  մտքեր փոխանակելու եւ արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Համաձայն «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի պետական մշակութային քաղաքականության հիմնական նպատակները չորսն են` հասարակության կողմից մշակույթի` որպես զարգացման միջոցի գիտակցումը, նոր արժեքների եւ նոր գաղափարների որոնումը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման եւ զարգացման համար պայմանների ստեղծումը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը:

 Գրադարանային գործի տեսանկյունից հղումը դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ գրադարանները լավագույն վայր են ու միջոցն են թե մշակութային գիտակցության ձեւավորման, թե անցյալի ու ներկայի արժեքների բացահայտման եւ թե վերարտադրման համար: Ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման ձգտումը ցանկացած երկրի համար իրատեսական է, եթե տվյալ երկրում ստեղծված են տեղեկատվական հասարակության նախապայմանները: Այսինքն, երբ հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է փնտրել, գտնել, ստանալ կամ ձեռք բերել իր հետաքրքրությունների ու մտավոր կարիքների բավարարմանը միտված իրազեկում:

 Գրադարանները համարվում են տեղեկատվության համալրման, համակարգման եւ հասարակության տեղեկատվության կարիքների ապահովման կարեւորագույն օղակներից մեկը:

Հետեւաբար, մեր խնդիրն է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որի արդյունքում գրադարանները կկարողանան նպաստել միջմշակութային երկխոսության, ստեղծագործ մարդու ու զարգացող հասարակության ձեւավորմանը:

Անկախացումն իր հետ բերեց սոցիալ-տնտեսական հարաբերությունների նոր ձեւաչափ, որը բոլոր ոլորտներում չէ, որ հնարավոր եղավ կանոնակարգել: Գրադարանային գործի հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ընդհանուր եւ միջանկյալ կայացված որոշումների միջոցով:

Մինչդեռ թե հարաբերությունները, թե հետաքրքրությունների շրջանակը եւ թե սպասարկման ավանդական ձեւերը էականորեն փոխվել են: Մտահոգիչ խնդիր է գրադարանային հավաքածուների համալրման ու թարմացման, նյութատեխնիկական բազայի արդիականացման, շենքային ու աշխատանքային պայմանների բարեկարգման, կադրերի վերապատրաստման, ծառայությունների կազմակերպման բազմաձեւության անցման հնարավորությունները: Սրանք բոլորը խնդիրներ են, որոնք պետք է տեղ գտնեն օրենքի կարգավորման շրջանակներում:

Կենտրոնացված համակարգից գրադարանները վերածվել են ինքնուրույն գործող բազմաձեւ ցանցերի: Այսօր գործում են շուրջ 900 համայնքային գրադարաններ, 10 մարզային գրադարան, ճյուղային գրադարաններ, պետական մարմիններին ու  տարբեր կազմակերպությունների գրադարաններ, անձնական գրադարաններ:

Սակայն ընդհանուր առմամբ գրադարանային ֆոնդը չի համալրվում արդեն քսան տարի: Առանձնակի հոգածություն պետք է ունենան հատկապես համայնքային գրադարանները, քանի որ դրանք, ըստ էության, պետք է ծառայեն մշակութային հաղորդակցման եւ անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության հիմնական օղակներ: Նվազագույնը, որ պետք է արվի, դա օրաթերթերի հատկացումն ու ինտերնետ կապի հասանելիության ապահովումն է յուրաքանչյուր համայնքային գրադարանում: Մշակութային կյանքի նկատմամբ հոգածության հասնելու համար հարկ է համայնքի ղեկավարին պատվիրակել համապատասխան պարտադիր լիազորություններ:

Ազգային նկարագրի պահպանման խնդիր է մանկապատանեկան գրականությունը եւ դպրոցական գրադարանների պահպանումը: Պատահական չէ, մանկավարժական աշխատողների ցանկին է դասվում նաեւ դպրոցի գրադարանի աշխատակկիցը: Սակայն մյուս կողմից դպրոցական գրադարանները վերածվել են դասագրքային պահոցների եւ ոչ թե ինքնազարգացման կամ մշակութային հաղորդակցման միջավայրի: Որքան էլ տեղեկատվական տեխնոլոգիների ընձեռած հնարավորությունները գայթակղիչ թվան, միեւնույնն է ձեւավորվող մարդու անմիջական շփումը  գրքի հետ անհամեմատ դրական ազդեցություն ունի: Ազգային ինքնության պահպանման գործում սերունդների համակողմանի դաստիարակության, շարունակական կրթության իրականացման գործում անփոխարինելի է գրադարանի ու գրքի դերը: Կարծում եմ անհրաժեշտ է առավել խորը վերլուծել պետական պատվերի ձեւավորման ցանկը:

Զարգացող աշխարհի մարտահրավերները եւ տեղեկատվական տեխնոլոգիաների անսահմանափակ հնարավորությունները ստիպում են ավանդական գործառույթներին հավելել տեխնիկական սպասարկման տարբերակներ: Հետեւաբար, գրադարանային ծառայություններում պետք է տեղ գտնեն տարբեր կրիչներով տեղեկությունների համալրումը եւ դրանց սպասարկումը: Առաջնային խնդիր է դառնում կադրերի վերապատրաստման հարցը, որը պետք է հանգեցնի առաջավոր փորձի տիրապետման, սպասարկման ճկունության եւ արձագանքման ունակությունների տիրապետմանը: Ցանկալի կլիներ հասնել ազգային էլեկտրոնային քարտարանի ստեղծմանը, որն այսօր իրականացվում է տարեկան վարձակալության պայմանով ( քսանվեց մլն.դրամ):

«Եվրոպական մշակութային կոնվենցիայի» նպատակն է քաղաքացիների միջեւ խրախուսել միմյանց լեզուների, պատմության եւ քաղաքակրթությունների եւ նրանց բոլորի համար ընդհանուր հանդիսացող քաղաքակրթության ուսումնասիրությունը: Այս առումով երկրում ստեղծվել են առաջավոր նախադեպեր, որոնց երբեմն աջակցում է նաեւ պետությունը: Այսպես, օրինակ, Արեւ համակարգը` տեսողության դժվարություն ունեցող անձանց համար, կամ դպրոցական ծրագրերի թվայնացումը` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից կամ ամբողջ մատենագիտության թվայնացումը կամ ազգային գրադարանային ֆոնդի աստիճանական թվայնացումը եւ այլ նման առաջընթացներ: Դրանք գործընթացներ են, որոնք երաշխավորում են ազգային ֆոնդերի պաշտպանությունը եւ դրանց ժառանգականության ապահովումը, համաշխարհային մշակութային ընտանիքին ներառումը եւ հանրահռչակումը: Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում կստեղծվի այնպիսի օրենսդրական դաշտ, որը կնպաստի բոլոր առաջավոր նախաձեռնությունների իրագործմանը, կամրապնդվի գրադարանային մշակույթը եւ այն կդառնա քաղաքակրթությունների երկխոսությունների կենտրոն:

Համոզված եմ, որ այսօրվա քննարկումները միտված կլինեն բացահայտել առկա բոլոր հիմնախնդիրները եւ տալ ճիշտ լուծումներ: Ուզում եմ հաջողություն մաղթել մեր այսօրվա համատեղ աշխատանքին եւ կոչ անել առավելագույն սրտացավությամբ ու մանրամասնությամբ քննարկել առկա բոլոր խնդիրները: Իսկ ես, որպես ԱԺ նախագահ, իմ լիազորությունների շրջանակներում կփորձեմ անել առավելագույնը գրադարանների խնդիրների լուծմանն օժանդակելու համար»:

Օրինագծերի հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության հեղինակած օրինագծից բացի, գրադարանային գործի մասին օրինագիծ էին մշակել նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները: Երկու օրինագծերը միավորվել են, սկզբունքային մի շարք հարցերի շուրջ  ձեռք է բերվել փոխհամաձայնություն, սակայն դեռեւս կան դրույթներ, որոնց շուրջ քննարկումներ կլինեն:

Տիկին Պողոսյանը նշեց, որ «Գրադարանային գործի մասին» ՀՀ օրինագիծը մշակվել է` հաշվի առնելով ամերիկյան եւ մի շարք եվրոպական երկրների փորձը, ինչը մոտ երեքհարյուրամյա պատմություն ունի:

«Գրադարանային գործի մասին» ՀՀ  օրենքի նախագծի նպատակը գրադարանների ստեղծման, դրանց տեսակների առանձնահատկությունների կարգավորումն է եւ գրադարանային հավաքածուների համալրումը, պահպանումը, մատչելիությունը եւ գրադարանային համակարգի հիմնական գործառույթների ամրագրումը: Ըստ օրինագծի, նախատեսվում է ունենալ երեք տիպի գրադարաններ` պետական, համայնքային, քաղաքացիների եւ իրավաբանական անձանց:

Նախատեսվում է, որ հանրային գրադարանները պետք է ստանան կարգավիճակ, ինչի բացակայությունը մշակույթի նախարարը գրադարանների զարգացմանը  խոչընդոտ է համարում:

Հանրային գրադարանի կարգավիճակ ստանալու հավակնություն ունեցող գրադարանները պետք է համապատասխանեն մի շարք պահանջների:

Մասնավորապես, նրանք պետք է ունենան տպագիր աշխատանքների եւ այլ բնույթի փաստաթղթերի դասակարգված հավաքածու, դրանց պահպանության, դասակարգման եւ գրադարանի գործունեության համար համապատասխան շենք, սարքավորումներ, անվտանգության համակարգ, մշտական ֆինանսավորման ապահովվածություն, համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ կամ աշխատողներ:

Քննարկման ընթացքում լսումների մասնակիցները մտահոգություն հայտնեցին, որ այսօր հանրապետությունում սակավաթիվ են այն գրադարանները, որոնք կկարողանան բավարարել այս պահանջները եւ ստանալ կարգավիճակ:

Լսումների մասնակիցներին մտահոգությունների տեղիք է տալիս նաեւ օրինագծում ամրագրված այն դրույթը, որի համաձայն, համայնքային գրադարանները գործելու են համայնքային միջոցների հաշվին, առանց պետական աջակցության: Հնչեցին կարծիքներ, թե այդ պարագայում համայնքային մոտ 800 գրադարան կդադարի գործելուց:

Ներկաներից շատերի համոզմամբ, «Գրադարանային գործի մասին» օրինագծում որեւէ դրույթ չկա  այլ մարմիններում գործող գրադարանների, նրանց կարգավիճակի վերաբերյալ:  Որեւէ դրույթ  չկա ապագայի` էլեկտրոնային  գրադարանների վերաբերյալ:

Օրինագծի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրեց «Գրադարանային գործի մասին» միավորված օրինագծի համահեղինակ, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Շնորհակալություն հայտնելով օրինագծի` տարբեր ձեւաչափերով քննարկումների   մասնակիցներին, տիկին Բիշարյանը նկատեց, որ ոլորտում անհրաժեշտ է վարել պետական քաղաքականություն, աջակցել եւ ուժեղացնել գրադարանները, նպաստել, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել սպասվող  «քննությունը», հակառակ պարագայում կվերանան գյուղական գրադարանները:

Ելույթ ունեցողներից շատերի դիտարկմամբ, երկու օրինագծերն էլ կարիք ունեն մանրակրկիտ լրամշակման եւ հստակեցման:

Եզրափակիչ ելույթում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ կքննարկվեն հնչած բոլոր առաջարկները, կհստակեցվեն մտահոգիչ դրույթները:


03.11.2010
Քննարկում հանձնաժողովում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 3-ին նախաձեռնել էր քննարկում` նվիրված հանրապետության տեղական արտադրության կենսապարարտանյութերի շուկայի զարգացմանը: Քննարկումը կազմակերպելու առիթ էր հանդիսացել «ՍԻՍ 95» ՍՊԸ-ի դիմումը հանձնաժողովին` գալիք տարվա բյու...

03.11.2010
Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարարին
Նոյեմբերի 3-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ -Կասիմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր խորին ցավակցությունը հայտնեց  ԱՄԷ Ռաս ալ-Խայմայի կառավար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am