National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.09.2010
Տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 1

Սեպտեմբերի 3-ին Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ տիկին Պետրոսյանի` օրինագծով առաջարկվում է օրենքով կոնկրետ սահմանել քաղաքացիական ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերում ընդգրկվող համապատասխան մարմնի ներկայացուցիչների հստակ շրջանակ, այն է` համապատասխան մարմնի ղեկավարը եւ նրա տեղակալները, աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, նրա տեղակալը, ներքին ստորաբաժանման ղեկավարը: Օրենքի նախագծի ընդունման դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթին եւ այն զբաղեցնող անձի ատեստավորմանը համապատասխան մարմնից կմասնակցեն միայն այն պաշտոնատար անձինք, ովքեր ղեկավարում, համակարգում, վերահսկում եւ պատասխանատու են այն ստորաբաժանման համար, ուր տվյալ քաղաքացիական ծառայողը աշխատում է կամ աշխատելու է: Ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակի` առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ապահովել մրցութային եւ ատեստավորման գործընթացներում գիտելիքների, հմտությունների, գործնական կարողությունների ստուգման պրոֆեսիոնալ, իրավասու, պատասխանատու մասնակցությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Ողջունելով ներկայացված նախագիծը` նա նշեց, որ այն բխում է համակարգային ու գործնական անհրաժեշտությունից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ նախագիծն ընդգրկեց ԱԺ չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի, Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի, Գագիկ Մելիքյանի, Մարտին Սարգսյանի եւ Վոլոդյա Բադալյանի ներկայացրած օրենքի նախագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Կարեն Ավագյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱԺ պատգամավորի կողմից կառավարությանը բանավոր հարցով դիմելու դեպքում կառավարության առաջարկով այդ հարցին գրավոր պատասխանելու  եւ  օրենքի 105 հոդվածով սահմանված մեկ բանավոր հարցով կառավարությանը դիմելու իրավունքի պահպանման կարգի հստակեցմամբ:

«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի ներկայացրած օրինագծերի փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցումով: ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչական իրավախախտումների վերաբերյալ հայցադիմումով դատարան դիմելու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավական հնարավորության ապահովման անհրաժեշտությամբ: Հստակեցվել են առաջին ատյանի դատարանի քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով դատարան դիմելու դեպքերը եւ հայցադիմում ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք` սահմանելով, որ օրենքով նախատեսված դեպքերում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից դատարան հայցադիմում ներկայացնելիս վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի, ներկայացրել է իրավական բնույթի տեխնիկական առաջարկներ:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հովհաննես Սահակյանի եւ Կորյուն Նահապետյանի հեղինակած օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Կորյուն Նահապետյանը նշեց, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի 2010 թ. հունիսի 15-ի ՍԴՈ-896 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն իրացնելու անհրաժեշտությամբ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ եվ 240-րդ հոդվածներով վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները գործն ըuտ էության լուծող դատական ակտի վերանայման արդյունքում լիազորված են վերաքննիչ բողոքը մերժելու դեպքում դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ պատճառաբանել դատարանի կայացրած գործն ըuտ էության ճիշտ լուծող, սակայն թերի պատճառաբանված, uխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված դատական ակտը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` «...թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված» բառակապակցությունը սահմանադրականության խնդիր չի առաջացնում, մինչդեռ այլ է վիճակը «...կամ պատճառաբանված չէ» բառակապակցության առնչությամբ: Նման ձեւակերպման առկայությունը ենթադրում է չպատճառաբանված դատական ակտի գոյություն, մինչդեռ օրենսդրությունը պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, քանի որ նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաեւ ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: Նշվեց, որ նույն պատճառներով են պայմանավորված նաեւ ՀՀ քրեական դատավարության եւ դատական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները:

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Ռաֆիկ Պետրոսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Պարոն Պետրոսյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունները գործող օրենսգրքի որոշ դրույթներ հստակեցնելու նպատակ ունեն:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ  Պետրոսյանի, Արամ Սաֆարյանի եւ Հովհաննես Մարգարյանի ներկայացրած օրենքի նախագիծը նպատակ ունի վերացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա կրկնաբանությունները եւ այն համապատասխանեցնել իրավաբանական տեխնիկայի կանոններին:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը եւս քննարկվեց առաջին ընթերցումով: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով` առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով հստակեցվում են համայնքային ծառայության պաշտոնում նշանակման հետ միաժամանակ համապատասխան դասային աստիճանի շնորհման դեպքերը, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի կայացումն ապահովելու նպատակով նախատեսվում է լիազորված մարմնում անձանց թեստավորման եւ հարցազրույցի միջոցով կադրերի ռեզերվ ընդգրկելու հնարավորությունը, ինչպես նաեւ կադրերի ռեզերվում գրանցված անձանց տրվում է հնարավորություն համայնքային ծառայության թափուր պաշտոններում արտամրցութային կարգով նշանակվելու համար:

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց Լարիսա Ալավերդյանը: Հեղինակը նշեց, որ անհրաժեշտ է  ՀՀ օրենսդրությամբ ու ելնելով անհայտ կորած զիվորների  վերաբերյալ Ժնեւյան կոնվենցիայի հիմնադրույթներից` անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր ամրագրել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում: Առաջարկվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր ամրագրել հունիսի 29-ը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը տեղեկացրեց, որ գործադիրը օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ ՀՀ կառավարության կողմից ներկայացվելիք նախագծի քննարկումների համատեքստում:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ այս եւ քննարկված մյուս օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթներն ընդգրկել ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մինչեւ 60 օրով հետաձգվեցին երկու օրենքների նախագծերի եւ մեկ օրենսդրական փաթեթի քննարկումները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am