National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.07.2010
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Եվրոպական խորհրդարան

Հուլիսի 13-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Եվրոպական խորհրդարան:

ԱԺ նախագահը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում: Դիմելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանն ասաց. 

«Հարգելի պարոն Ալբերտինի,

Եվրախորհրդարանի հարգելի պատգամավորներ,

Տիկնայք եւ պարոնայք, 

Թույլ տվեք, առաջին հերթին,  ողջունել Ձեզ,  Եվրոպական խորհրդարանի բոլոր անդամներին եւ շնորհակալություն հայտնել Ձեր հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Հայկական կողմը նույնպես կարեւորում է հանդիպման նման ֆորմատը, հաշվի առնելով հանձնաժողովի դերակատարությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին քաղաքականությանը վերաբերող դիրքորոշումների ձեւավորման մեջ: Հուսով եմ, որ շահագրգիռ քննարկումների արդյունքում մենք երկուստեք հնարավորություն կունենանք հանգամանալից քննարկել փոխշահավետ համագործակցության հեռանկարները:

Այսօր ես պատիվ ունեմ Ձեր առջեւ ներկայացնել իմ երկիրը` Հայաստանն այս գեղեցիկ Պալատում, որը լավագույնս է խորհրդանշում  եվրոպական արժեքները: Այն արժեքները, որոնք հայ ժողովուրդը փայփայել է իր գոյատեւման 3000 տարիների ընթացքում եւ որոնց շնորհիվ հաղթահարել մեր ազգի առաջ ծառացած բոլոր արհավիրքներն ու բնածին աղետները, ներառյալ իր պատմության մեջ ամենադաժան եւ ամենաողբերգական էջը` 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Պատմությունը վկայում է, որ եվրոպական երկրները եւ հայ ազգը համագործակցել են միմյանց հետ դարեր շարունակ եւ մեզ համախմբել են նույն արժեքները, որոնք ընկած են եվրոպական ներկայիս գաղափարախոսության հիմքում: Ես հպարտ եմ, որ այդ նույն գաղափարախոսության եւ համոզմունքների վրա հենված  հայ ժողովուրդը 1991 թ. վերականգնեց իր անկախ պետականությունը: Անկախության գինը հայ ժողովրդի համար միշտ շատ բարձր է եղել, բայց մենք երբեք չենք խուսափել այն վճարելուց: Եվ այս պատմական եւ մշակութային համատեքստում է, որ բացատրվում է Հայաստանի` եվրաինտեգրման ուղղությամբ, Եվրամիության հետ սերտ հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը: Այո, երկար ճանապարհ ունենք հաղթահարելու, բայց մենք վճռական ենք հասնելու արդարության, ժողովրդավարության, համերաշխության, կայունության եւ տարածաշրջանային համագործակցության հաստատման:

Հայաստանն իր դավանած արժեքներով ու ձգտումներով Եվրոպայի անբաժան մաս է կազմում: Եվրոպայի հետ ընդհանրությունը պայմանավորված է ոչ միայն պատմական, լեզվամշակութային եւ գաղափարական գործոններով, այլեւ եվրոպական երկրներում ապրող բազմաթիվ հայ համայնքների առկայությամբ: Եվրամիության երկրների եւ Հայաստանի հասարակությունների միջեւ անմիջական շփումներն իրական գործընկերային հարաբերությունների հաստատման լավ նախադրյալներ կարող են ստեղծել տարբեր ոլորտներում: Այս առումով Հայաստանը  կարեւորում է իր երկրի քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցմանն ուղղված գործընթացը: Քաջատեղյակ լինելով այս հարցի նրբություններին, մասնավորապես Եվրամիության մի շարք երկրներում անվտանգության տեսանկյունից խնդրի դիտարկման ընթացքին, կարծում եմ պետք է հաշվի առնել հարցի նաեւ հումանիտար կողմը, որի շնորհիվ հազարավոր մարդիկ հնարավորություն կստանան ազատ տեղաշարժվել ու շփվել միմյանց հետ:

ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի փուլերի, այն է` սկզբնական կապերի հաստատման` 1991-1996 թթ. համագործակցության կառուցվածքային ձեւաչափի ստեղծման եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության ու համագործակցության համաձայնագրի ստորագրման եւ իրականացման` 1996-2006 թթ. եւ փոխադարձ պարտավորություններով ամրապնդված, որակական նոր համագործակցության կայացման շրջան` սկսած 2006 թ.-ից` ԵՄ Հարեւանության քաղաքականության ու Արեւելյան գործընկերության շրջանակներում:

2007 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած Եվրոպական հարեւանության քաղաքականության հնգամյա Գործողությունների ծրագրով Հայաստանը հանձնառություն է ստանձնել 8 առաջնային ուղղություններում համագործակցել ԵՄ-ի հետ եւ առաջընթաց գրանցել: Այդ ոլորտներն են` արդարադատություն, մարդու իրավունքներ, տնտեսություն, ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծում, վարչարարություն եւ օրենսդրության մոտարկում, էներգետիկ ոլորտ, տարածաշրջանային համագործակցություն եւ ջանքեր ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում:

Գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներն առավել կանոնակարգելու նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է եվրոպական կառույցների հետ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

2009 թ. ընթացքում Հայաստանը միացել է ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ 138 հայտարարություններից 108-ին, ավելի քան 85 տոկոս. մեր մյուս հարեւանները` Վրաստանը եւ Ադրբեջանը,  համապատասխանաբար 70 եւ 40 տոկոս: Հայաստանն առհասարակ շատ ակտիվ է ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերում:

ԵՄ գնահատմամբ Հայաստանի պետական եւ ոչ-պետական կառույցներն ակտիվորեն մասնակցել են Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափին, մասնավորապես բաց երկխոսության եւ աշխատանքային ծրագրերի մշակման միջոցով:

Կարեւոր քայլեր են ձեռնարկվել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում իրավական դաշտը բարելավելու ուղղությամբ: 2009 թ. հոկտեմբերին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությունը ներառում է դիտարկման եւ գնահատման համակարգ:

Զգալի տեղ է հատկացվում օրենսդրական բարեփոխումներին եւ շեշտվում է օրենքների կատարման եւ կատարելագործման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ  արձանագրենք, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար քայլեր են ձեռնարկում,  նաեւ ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ, ինչպես զեկույցում արձանագրված առաջարկները կյանքի կոչելու, այնպես էլ տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

2009-10 թթ. ընթացքում նշանակալի զարգացումներ են տեղի ունեցել ինչպես ՀՀ-Եվրամիություն հարաբերություններում, այնպես էլ Եվրամիության շրջանակներում: Մասնավորապես` 2009 թ. մայիսին Արեւելյան գործընկերության մեկնարկով նոր հիմք դրվեց ՀՀ-ԵՄ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: 2009 թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ Լիսաբոնի պայմանագիրը, որով ԵՄ-ը մի շարք բարեփոխումների ենթարկվեց:

Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր Եվրոպական ուղղությունը եւ Եվրամիության հետ մերձեցումը մշտապես եղել են մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության գերակայություններից: Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր հարաբերությունների զարգացմանն ինչպես Եվրոպական կառույցների, այնպես էլ եվրոպական երկրների հետ` երկկողմ հիմունքներով։

Հարկ եմ համարում այստեղ նշել նաեւ, որ Եվրամիության հետ համագործակցության հաստատումը ոչ թե Հայաստանին պարտադրված որոշում է, այլ բխում է Հայաստանի շահերից, քանի որ այն միտված է մեր երկրում տնտեսության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է իրականացնել լուրջ բարեփոխումներ, որոնք արժանացել են միջազգային տարբեր կառույցների հավանությանը: Մենք փոփոխության ենք ենթարկել մեր Ընտրական օրենսգիրքը եւ սահմանադրական բարեփոխումների շնորհիվ բարձրացրել ենք խորհրդարանի դերակատարությունը: Դրանով հասարակության կյանքում լրջորեն ամրապնդվել է նաեւ քաղաքական կուսակցությունների դերը: Չեմ կարող ասել, որ մենք խնդիրներ չունենք: Կա որոշակի գործընթացների ճանապարհ, որ յուրաքանչյուր նորանկախ երկիր պետք է անցնի:

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ներկայումս գտնվում են դինամիկ զարգացման փուլում: Այս համատեքստում առանձնակի կարեւորություն է ստանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացումը: Երկկողմ հարաբերությունները նոր որակական մակարդակի վրա դրվեցին Արեւելյան գործընկերության մեկնարկով: Այն լայն հնարավորությունների դաշտ է ստեղծում գործընկեր պետությունների համար եւ կարող է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ամուր հիմք դառնալ:

Ներքաղաքական բարեփոխումների իրականացման առումով Հայաստանն առաջիններից էր, որ նախաձեռնեց խորհրդատվական աջակցություն ստանալու գաղափարը, համաձայն որի Հայաստանի պետական մարմիններում, այդ թվում նաեւ Ազգային ժողովում, համակարգված բարեփոխումների առաջարկներ ներկայացնելու նպատակով 2009 թ. սկզբից, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության անդամ այլ երկրներում, գործում է Եվրամիության խորհրդատուների խումբ: 2009 թ. Երեւանում կայացած Մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստան-Եվրամիություն երկխոսության առաջին հանդիպումը հնարավորություն տվեց անդրադառնալու փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցերի, ինչպես նաեւ քննարկելու մարդու իրավունքներին առնչվող կոնկրետ համագործակցության հեռանկարները:

Ցանկանում եմ գոհունակություն հայտնել Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի  մեկնարկի կապակցությամբ, որը նախատեսված է հուլիսի 19-ին Երեւանում: Այն նոր հեռանկարներ է բացելու Եվրամիության հետ առաջիկայում առավել ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով, ներառյալ ազատ առեւտրի գոտու ստեղծման հնարավորությունը: Հայաստան Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը հերթական, սովորական պայմանագիր չէ: Այն խորհրդանշում է համագործակցության զարգացման որակական նոր փուլ, հարաբերությունների խորացման նոր հանգրվան: Նոր համաձայնագիրը հիմնված կլինի քաղաքակրթական արժեքների, ընդհանրության եւ ապագայի համատեղ տեսլականի վրա եւ կարտահայտի կողմերի կոնկրետ եւ պրագմատիկ շահերը: Ուստի, մենք լրջորեն ենք նախապատրաստվում բանակցային գործընթացին` իրականացնելով  համապատասխան կառուցվածքային բարեփոխումներ եւ ընդունելով նորմատիվ ակտեր, որոնք միտված են գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելուն: Խիստ գնահատելի է այս խնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի հատուկ ուշադրությունը, ինչի վկայությունն է զեկուցողի նշանակումը:

Այսօր շատ կարեւոր է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը եւ դրա նշանակալի ավանդը պետություններում ժողովրդավարության կայացման ու ամրապնդման գործում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանձնառու է օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, որոնք միտված են եվրոպական եւ միջազգային չափանիշներին մեր երկրի օրենսդրության համապատասխանեցմանը:

Մենք խիստ կարեւորում ենք խորհրդարանական համագործակցության կայացումը թե երկկողմ եւ թե բազմակողմ ձեւաչափերում եւ պատրաստ ենք համագործակցելու Եվրոպական խորհրդարանի տարածաշրջանային բոլոր նախաձեռնություններում, որոնցից է նոր սկիզբ առնող «Եվրանեսթ»  խորհրդարանական վեհաժողովը: Այն կնպաստի ինչպես երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, այնպես էլ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակմանն ու ընդլայնմանը:

 Գոհունակություն եմ հայտնում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության ներկա մակարդակից: Այստեղ իր արդյունավետությամբ աչքի է ընկնում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, որի հերթական նիստը կայանալու է այս տարվա աշնանը: Այս դաշտում դեռեւս անելիքներ ունենք եւ հետագա լրացումների կարիք է զգացվում:

Հայկական կողմն ուշադրությամբ հետեւում է Եվրոպական խորհրդարանում Հայաստանին, Հարավային Կովկասին, Սեւծովյան տարածաշրջանին, Արեւելյան գործընկերությանը վերաբերող զեկույցների պատրաստման ընթացքին: Այս հանգամանքը մեր տարածաշրջանի նկատմամբ եվրոպական կողմի աճող ուշադրության խոսուն վկայությունն է:

Ցանկանում եմ նաեւ ընդգծել, որ Հայաստանի եւ Եվրոպայի վերազգային քաղաքական կուսակցությունների միջեւ համագործակցության խորացման միտումներ կան, մասնավորապես Եվրոպական ժողովրդական կուսակցության, սոցիալիստների եւ եվրոպական լիբերալների հետ հարաբերությունների նկատվող ակտիվացումը: Սա կարեւոր հանգամանք է եվրոպական կառույցների հետ մեր հարաբերությունների հետագա խորացման գործում:

Կարծում եմ, որ Հարավային Կովկասի երկրների միջեւ համագործակցությունը խթանելու Եվրոպական Միության պատրաստակամությունը կվերածվի գործուն քայլերի, ինչը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանում կայունության ու համերաշխ գոյակցության հաստատմանը: Ցավոք, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են պատրաստակամ լիարժեք ներգրավվելու Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության հաստատմանն ուղղված աշխատանքներին, մասնավորապես խոսքս վերաբերում է այս նախաձեռնության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունը բացառելու Ադրբեջանի դիրքորոշմանը: Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ընդգրկուն տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված Արեւելյան գործընկերության հիմնարար սկզբունքին հակասող գործողություններից ու հայտարարություններից: Գնահատելի է Եվրոպական Հանձնաժողովի մոտեցումը` հնարավորինս ապաքաղաքականացնել համագործակցության վերաբերյալ պլատֆորմների քննարկումները եւ ուշադրությունը կենտրոնացնել կոնկրետ ծրագրերի իրականացմանը: Հայաստանը պատրաստակամ է ոչ միայն ակտիվ մասնակցել, այլ նաեւ հյուրընկալել գործընկերության շրջանակներում տեղի ունեցող միջոցառումները:

Հայաստանի Հանրապետությունը, որդեգրելով փոխվստահության եւ փոխադարձ շահերի հարգման վրա խարսխված արտաքին քաղաքականություն, հանձն է առնում երկկողմ ու բազմակողմ մակարդակներում ստանձնած իր բոլոր պարտավորությունների կատարումը:

Կցանկանայի անդրադառնալ մեր տարածաշրջանում կայունության, տեւական խաղաղության եւ համագործակցության համար առանցքային նշանակություն ունեցող երկու հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կենսական կարեւորություն ունի: Խնդիրը լուծում ունի մասնավորապես ԵԱՀԽ Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Ցավոք, Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր որդեգրած ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է տարածաշրջանում իր նավթային գերշահույթների հաշվին սպառազինությունների մրցավազքը` խախտելով Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով սահմանված բոլոր նորմերը: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը չի դադարում  մշտապես հանդես  գալ ռազմատենչ հայտարարություններով` իր հասարակության մեջ թշնամանք սերմանելով հայերի նկատմամբ: Նույնիսկ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված բանակցությունների շեմին Ադրբեջանը զերծ չի մնում ռազմական գործողությունների սպառնալիքների կիրառումից, ինչի վկայությունն է վերջերս նրա կողմից ընդունված ռազմական դոկտրինը: Սակայն ողջ տարածաշրջանի համար վտանգավոր գործելակերպ որդեգրած Ադրբեջանի կեցվածքը մինչ օրս չի արժանացել որեւէ գնահատականի միջազգային համապատասխան ատյանների կողմից:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը նուրբ եւ զգայուն շատ կողմեր ունի, ուստի հարցին առնչվող հրապարակային հայտարարությունների եւ դիրքորոշումներ արտահայտող փաստաթղթերի ընդունման խնդրում, հայկական կողմն ակնկալում է առավելապես անաչառ ու հավասարակշիռ մոտեցումներ: Այս շարժառիթներով ես նամակ եմ հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին` կապված 2010 թ. մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձեւի հետ: Բանաձեւում ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող ոչ ճշգրիտ ձեւակերպումներ, քանի որ բանաձեւի հեղինակը լավատեղյակ չլինելով հիմնախնդրի նրբերանգներին, երբեւէ չի այցելել տարածաշրջան ու չի խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես Եվրամիության անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ: Արդյունքում անտեսվել են հակամարտության էության հետ առնչվող կարեւորագույն փաստեր.

- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող հակադրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել ոչ 1918 թ. հռչակված անկախ Ադրբեջանի, ոչ էլ վերջինիս իրավահաջորդը հանդիսացող ներկայիս Ադրբեջանի կազմում:

- Ադրբեջանը ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման խաղաղ եւ օրինական գործընթացի, դիմել է ուժի կիրառման եւ 1991-1994 թթ. սանձազերծել է լայնամասշտաբ պատերազմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ինչի հետեւանքն են հակամարտության գոտում առաջացած իրողությունները:

- Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեռեւս միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով, ներկայացնում եւ պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող փոխարինել նրան: Որպես հետեւանք չի կարող ԼՂՀ կենսական շահերին վերաբերող հարցերով ստանձնել պարտավորություններ վերջինիս փոխարեն: Ուստի, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ ճանաչելը կնպաստի արդյունավետ եւ ամբողջական բանակցությունների կայացմանը:

Այս իրողությունների անտեսումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Պատահական չէ սահմանի վրա վերջերս տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքը, որի հետեւանքով զոհվեցին 5 հայ եւ մեկ ազերի զինվորներ:

Ցանկանում եմ նշել նաեւ, որ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւերում հետաքրքիր գաղափարներ են  պարունակվում Հարավային Կովկասի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների հետագա խորացման մեխանիզմների վերաբերյալ:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում: Ցավոք, Թուրքիան ներկայումս պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն, դրանով իսկ վերջ դնելով Եվրոպայում միակ փակ սահմանի գոյությանը: Հայաստանը, մեծապես արժեւորելով իր այս նախաձեռնությանը միջազգային մակարդակով ցուցաբերած միջնորդությունը եւ ձգտելով պահպանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, պատրաստակամ է իր տրամաբանական ավարտին հասցնելու այս գործընթացը, եթե Թուրքիայի կողմից դրսեւորվի քաղաքական կամք եւ դրական քայլեր նկատվեն այդ ուղղությամբ: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին եւ արձանագրություններից բխող իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը` Հայաստանի Հանրապետությունն անմիջապես ներառեց սույն փաստաթղթերի վավերացման գործընթացը Ազգային ժողովի օրակարգում: Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Հայաստանի նման կառուցողական դիրքորոշումը:

Ցավոք, Թուրքիան ավելի քան մեկ տարի ոչ միայն առաջընթաց չգրանցեց այս գործընթացում, այլ հակառակը, սկսեց  առաջ քաշել նախապայմաններ, ինչը որեւէ առնչություն չունի արձանագրություններում ամրագրված դրույթների հետ: Հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ետ կանչեց արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը եւ դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:  Մեր համոզմամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կնպաստի տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության ամրապնդմանը:

Սույն հարցի կապակցությամբ կցանկանայի դիմել Ձեր  Հանձնաժողովին` ակնկալելով, որ Եվրամիությունն ավելի հետեւողական կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման գործում:

Եզրափակելով խոսքս, թույլ տվեք կրկին կարեւորել Եվրոպական խորհրդարանի դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում եւ համոզմունք հայտնել, որ մեր համատեղ ջանքերով եւ բացառապես համագործակցության միջոցով է հնարավոր կարգավորել տարածաշրջանում առկա խնդիրները, ինչն իր հերթին կնպաստի փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Հարգելի գործընկերներ,

Յուրաքանչյուր պատվիրակություն, որն այցելում է այն երկիրը, որը ներկայացնում ենք այստեղ, բոլորովին նոր, ճշգրիտ պատկերացում է ստանում մեր քաղաքական, տնտեսական եւ մշակութային առաջընթացի, եւ ինչու չէ, դժվարությունների մասին: Ճիշտ այնպես, ինչպես վերջերս տրամագծորեն վերափոխված տպավորություններով Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունից հայրենիք վերադարձավ Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությունը, որի կազմում էին ոչ միայն Ֆրանսիա-Հայաստան, այլ նաեւ Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության պատգամավորական խմբերի ներկայացուցիչները:

Օգտվելով այս պատեհ առիթից` գոյություն ունեցող պաշտոնական ձեւաչափերից դուրս, մեր խորհրդարանների միջեւ շփումներն առավել ակտիվացնելու նպատակով ցանկանում եմ ճանաչողական այցով Հայաստան հրավիրել Եվրոպական խորհրդարանում, մասնավորապես Ձեր հանձնաժողովում ներկայացված բոլոր խմբակցություններից ներկայացուցիչների` մեր երկիրը մոտիկից տեսնելու, հոգեւոր եւ պատմամշակութային արժեքներին ծանոթանալու եւ հայ ժողովրդի հյուրընկալությունը վայելելու համար»:

Ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ ժամից ավելի սպառիչ  պատասխաններ տվեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հաձնաժողովի անդամների հարցերին, որոնք առնչվում էին ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների հնարավորություններին, Հայաստան-Եմ փոխգործակցությանը եւ այլն:

Նույն օրը ԱԺ նախագահը հանդիպումներ ունեցավ Եվրոպական  խորհրդարանի փոխնախագահ պարոն  Լասլո Տոկեշի, «Եվրանեսթ»-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկո, Հայաստան-ԵՄ  խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբերնոշի եւ պատվիրակության, «Եվրանեսթ»-ի պատվիրակության ղեկավար Քրիստիան Վիգենինի եւ նախագահության հետ, ինչպես նաեւ ԵԺԿ գլխավոր քարտուղար, ԵԽ պատգամավոր Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթի հետ:


04.06.2024
Քննարկվել է «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթը
Յուրաքանչյուր անձի նկատմամբ հավասար վերաբերմունքի ու իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների իրականացման հավասար հնարավորություններ ապահովելը, ինչպես նաեւ յուրաքանչյուր անձի նկատմամբ խտրականության կանխարգելումն ու խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանությունը մեր, նաեւ իշխող խմբա...

04.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: «Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի եւ Սլովենիայի համագործակցությունը քայլ առ քայլ առաջ է ընթ...

04.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի եւ Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ
Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի եւ Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտ...

04.06.2024
Քննարկվել է ԵԱՏՄ ինտեգրման գործընթացի շրջանակում 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
ԵԱՏՄ ինտեգրման գործընթացի շրջանակում 2023 թվականին Ֆինանսների նախարարության իրավասության ներքո իրականացված աշխատանքներն ընդհանուր առմամբ ուղղված են եղել գնումների, մակրոտնտեսական, հարկային, մաքսային քաղաքականության, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի գործունեության բնագավառներում համագործ...

04.06.2024
ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ներկայացվել է 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 4-ին շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու Ֆինանսա...

04.06.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Քննարկվել են Հ...

04.06.2024
Ալեն Սիմոնյանը Սլովենիայում հանդիպել է ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ
Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ հաստատված հարաբերությունները՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտությ...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Նախագծով լրացվում են «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքի հասկացությունները
Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեություն, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացում, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորու...

04.06.2024
Գործադիրն առաջարկում է սահմանել էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծով լրացվում են օրենքի մի շարք հասկացություններ. կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, որը հնարավորություն կտա արտասահմանյան գրադարանները համալրել հայե...

04.06.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
2023 թ. Արտաքին գործերի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ
2023 թվականին ԱԳՆ-ն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ. փաստացի կատարողականը կազմել է  25 մլրդ  57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի նկատմամբ ծախսերն աճել են 41.2 տոկոսով, ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել արտերկրում դես...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am