National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.07.2010
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ԱՄՆ Անկախության տոնին նվիրված հանդիսությանը
1 / 1

 Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ դեսպանությունում մասնակցեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 234-ամյակին եւ 1776թ. հուլիսի 4-ին  Անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված հանդիսությանը:

Ողջունելով ներկաներին ՀՀ ԱԺ նախագահը ասաց.

«Հարգարժան տիկին դեսպան,

Հարգելի ներկաներ,

Տիկնայք եւ պարոնայք 
  
Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ եւ ի դեմս Ձեզ`  Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

1776թ. հուլիսի 4-ին մայրցամաքային Կոնգրեսը հավանություն տվեց «Անկախության հռչակագրին», որում ամրագրված սկզբունքները թույլ են տալիս ամերիկացիներին առ այսօր այդ օրը կոչել պարզապես հուլիսի 4: Այս ամսաթիվը խորհրդանշում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը որպես պետություն, որպես հաղթանակ անարդարության դեմ մղած իր պայքարում:

Հարգելի ներկաներ, տիկնայք եւ պարոնայք,

Այդ ժամանակվանից ուժի մեջ են այն գաղափարախոսական դրույթները, որոնք ուղեցույց են հանդիսանում ԱՄՆ-ի  ժողովրդի համար: Քաղաքակրթական արժեքների ճիշտ ընտրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներին հաջողվեց ամուր հիմքերի վրա դրված  պետություն ստեղծել:

Տարիներ շարունակ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր ծանրակշիռ ավանդն է ներդնում միջազգային այնպիսի կարեւորագույն հարցերի լուծման գործում, ինչպիսիք են ժողովրդավարական արժեքների զարգացումը, խաղաղության եւ անվտանգության հիմնախնդիրների կարգավորումը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, մարդկության դեմ ծառացած գլոբալ մարտահրավերների հաղթահարումը:

Նորագույն պատմությունը ապացուցում է, որ Հայաստանը պատրաստակամ է իր համեստ ներդրումն ունենալ նշված մարտահրավերների դիմագրավման համատեղ գործողություններում:

Հայաստանը մշտապես շահագրգռված է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմաբնույթ կապերի ամրապնդման մեջ եւ շատ բարձր է գնահատում ԱՄՆ Կառավարության համակողմանի օգնությունը` ուղղված անկախության տարիներից ի վեր մեր երկրում  տեղի ունեցող բարեփոխումների իրականացմանը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը:

Հայաստանը մեծապես գնահատում է ԱՄՆ-ի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետությանը եւ Լեռնային Ղարաբաղին ամեն տարի հատկացվող ֆինանսական օգնությունը, որը նպատակաուղղվում է կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Արձանագրենք, որ 2011 թվականի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացվող ֆինանսական աջակցությունը  գերազանցում է   նախորդ տարվա ցուցանիշը: 
  
Քաղաքական եւ տնտեսական զարգացող հարաբերությունների հետ մեկտեղ, մենք բարձր ենք գնահատում նաեւ բազմաթիվ մշակութային եւ պատմական կապերը, որ մերձեցնում են մեր երկու ժողովուրդներին:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի միջեւ գոյություն ունեցող հարաբերություններն էլ ավելի կաշխուժանան` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման:

Օգտվելով առիթից` կրկին մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց եւ  բարօրություն»:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am