National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.10.2009
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը հոկտեմբերի 29-ի նիստը սկսեց նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկության կազմակերպմամբ:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հեղինակը օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորեց ՀՀ Կարմիր գրքում, Բնության պահպանության  միջազգային  միության ցանկում գրանցված կենդանիների պահպանության, պաշտպանության եւ վերարտադրության հիմնախնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ: Տեղեկացվեց, որ օրինագծերի փաթեթը լրամշակվել է կառավարության առաջարկությունների հիման վրա: Առաջարկվում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների  հայթայթումը, հավաքումը եւ օգտագործումը /որսը` առանց այդ թռչուններին ու վայրի կենդանիներին սպանելու/ թույլատրել բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաեւ արհեստական եւ բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության  բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ, ՀՀ կառավարության սահմանած կարգով:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը ու ՀՀ կառավարությունը ներկայացրել էին դրական եզրակացություն, ինչը պատգամավորներին փոխանցեցին հանձնաժողովի անդամ Միշա Ստեփանյանը եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հարցադրման միջոցով կարծիք հայտնեց անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու եւ օգտագործելու կարգը քննարկվող օրինագծում սահմանելու վերաբերյալ, ինչին համաձայնեց նաեւ օրենսդրական փաթեթի հեղինակը: Կառավարության ներկայացուցիչ Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ հարցը կքննարկվի գործադիրում եւ համապատասխան տեխնիկական հնարավորության դեպքում կարգը կներառվի վերոնշյալ օրենսդրական փաթեթում: 

Եզրափակիչ ելույթում օրենսդրական փաթեթի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին, գլխադասային հանձնաժողովին եւ կառավարությանը շահագրգիռ քննարկումների համար` առաջարկելով խորհրդարանին ընդունել օրինագիծը` փաթեթից հանելով «որսը` առանց այդ թռչուններին ու վայրի կենդանիներին սպանելու» արտահայտությունը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է տեղանքի առանձնահատկություններով պայմանավորված ջրի որակի ապահովման նորմերի մշակման եւ կիրառման առանձնահատկություններից, որոնք մասնագիտական բնույթ ունեն եւ սահմանվում են` ելնելով ջրային ռեսուրսների դեգրադացման, հյուծման, աղտոտումը կանխելու, բնապահպանական թողքերը ապահովելու պահանջներից: Օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ այն հանգամանքից, որ դրա սահմանումը ՀՀ ստանդարտացման պետական լիազոր մարմնի կողմից կունենա գերատեսչական ակտի կարգավիճակ, այդիսկ պատճառով նպատակահարմար է ՀՀ կառավարության կողմից սահմանումը` օրինագծին նորմատիվ ակտի կարգավիճակ տալու համար:

ԱԺ գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկվող հարցի առնչությամբ տվել էր դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, ինչը եւս ներկայացրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով: Սամվել Նիկոյանը նշեց, որ Վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության ընթացքում կազմված  արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները,  եթե նույնիսկ ունեն կասկածներ քրեաիրավական բնույթի  խախտումների վերաբերյալ, գործող օրենքով  ՀՀ գլխավոր դատախազություն  ուղարկելը մնում  է վերահսկիչ պալատի հայեցողությանը: Նախագծի նպատակն է դրույթը դարձնել իմպերատիվ, ինչը Վերահսկիչ պալատին  կպարտավորեցնի վերահսկողության ընթացքում քրեաիրավական բնույթի կասկածներ լինելու դեպքում վերահսկողության ընթացքում կազմված  արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ պարտադիր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը խորհրդարանին փոխանցեց Հովհաննես Սահակյանը:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան կարծիք հայտնեցին ԱԺ պատգամավորները: Վարդան Բոստանջյանը նպատակահարմար չի գտնում օրինագծի ընդունումը` հիմնավորելով, թե Վերահսկիչ պալատին վերապահված է վերահսկողական գործառույթ, Հայաստանում պատժիչ ֆունկցիա իրականացնող դատաիրավական կառույցներ կան, որոնք էլ պետք է զբաղվեն խախտումներ իրականացրած կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելով: Արծվիկ Մինասյանը էլ գտնում է, որ օրենսդրական փոփոխություններն ուղղված են երկրում օրինականությունը խեղաթյուրող երեւույթների վերացմանը, օրենսդրության հստակեցմանը: Նրա կարծիքով` օրինագիծը նպատակային հակակոռուպցիոն նախաձեռնություն է: Օրինագծի համահեղինակ Արտյուշ Շահբազյանը, կարեւորելով օրենքի նախագծի ընդունումը, անդրադարձավ ՎՊ-ի բացահայտումներին ընթացք չտալուն, ինչը, նրա գնահատմամբ, անպատժելիության արդյունք է դառնում` հասարակության շրջանում առաջացնելով հիասթափություն պետական կառույցի գործունեության նկատմամբ: Հակոբ Հակոբյանի կարծիքով` եթե խախտումներ եւ յուրացումներ են հայտնաբերվել, ապա հարցը պետք է կանոնակարգել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով: ՎՊ-ի նպատակը, ըստ նրա, պետական կառույցների արդյունավետ գործունեության ուսումնասիրությունն է եւ կառույցին ստուգող մարմնի գործառույթներ վերապահելը ճիշտ չի համարում:

Եզրափակիչ ելույթում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ Վերահսկիչ պալատը օրինագծի ընդունումը դրական է գնահատել: Նա գտնում է, որ ամբողջական չեն ՎՊ-ի լիազորությունները` խախտումների վերաբերյալ բացահայտումները ավարտին հասցնելու համար, ուստի այս հարցում անհրաժեշտ է աջակցել կառույցին: ԱԺ փոխնախագահի համոզմամբ` մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն: Նա կարծում է, որ ՎՊ նիստերին պետք է մասնակցեն եւ կարծիք հայտնելու իրավունք ունենան նաեւ այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որտեղ կատարվել են ուսումնասիրություններ: 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թ. գործունեության ծրագիրը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նշվեց, որ հանձնաժողովի գործառույթներից է կարգավորման օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը` ելնելով սպառողների եւ կարգավորվող անձանց իրավունքների պաշտպանության ու շահերի հավասարակշռման, մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, կարգավորվող ենթակառուցվածքներում արդյունավետ ներդրումների խրախուսման եւ կարգավորման դաշտի թափանցիկության ապահովման առաջնահերթություններից: Հեռահաղորդակցության բնագավառն շարունակում է հանձնաժողովի գործունեության մեջ մնալ որպես գերակա ուղղություն: Նա տեղեկացրեց, որ 2009 թ. մեծածավալ աշխատանքներ են տարվել էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելու համար, հաստատվել է միջազգային զանգերի տերմինացիա իրականացնելու կարգը, որով կանոնակարգվել են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում միջազգային մուտքային զանգերի տերմինացիայի (վերջնավորման) իրականացման պայմանները եւ հստակեցվել են անօրինական տերմինացիան բնորոշող չափորոշիչները: Պարոն Նազարյանն իրազեկեց, որ 2010 թվականին հանձնաժողովի գործունեության առաջնահերթություններից կհամարվի նաեւ բջջային կապի 3-րդ սերնդի ցանցերի` 3G ստանդարտի ներդրման ծավալների աճի ապահովումը, ինչը հնարավորություն կընձեռի բջջային ցանցերի բաժանորդներին բարձր արագագործություն ունեցող համակարգի միջոցով ստանալու ծառայությունների ավելի մեծ տեսականի:

Հանձնաժողովի կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը հիմնվում է համաշխարհային պրակտիկայում ընդունված անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքի վրա եւ նպատակաուղղված է հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց բնականոն տնտեսական գործունեության ապահովմանը, ինչպես նաեւ սպառողների եւ կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերի հավասարակշռմանը: 2010 թ. առանձնակի ուշադրություն կդարձվի հեռավոր մարզերում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի զարգացումը խթանող պայմանների ստեղծմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը տեղեկացրեց, որ ամենամյա հաշվետվությունը արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանը եւ Հովհաննես Մարգարյանը անդրադարձան հանրային ծառայությունների սակագների բարձրացման եւ վերանայման, ծառայությունների որակի բարելավման խնդիրներին:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնող Լարիսա Ալավերդյանը արձանագրեց, որ ներկայացված է իրական խնդիրների վերաբերյալ տրամաբանորեն փոխկապակցված հաշվետվություն: Նա գտնում է, որ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ սպառողների միջեւ կնքվող պայմանագրերում պաշտպանված չեն սպառողների շահերը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար, անդրադարձավ պատգամավորներին հետաքրքրող հարցադրումներին: Պարոն Նազարյանը տեղեկացրեց, որ ապրիլից սպասվում են թանկացումներ կապված սահմանում գազի գնի թանկացումով եւ դոլար-դրամ փոխարժեքի տատանումներով:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Անասնակերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Ավետիսյանը: Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անասնակերի մասին» ՀՀ օրենքում կերի, կերի հետ շփվող նյութերի եւ կերային հավելումների մակնիշման պարտադիր տեղեկատվության տվյալներում տեղ գտած բացթողումները լրացնելու եւ դրանք միջազգային պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկվող հարցի առնչությամբ տվել էր դրական եզրակացություն:

Քննարկվեցին 2009 թ. հունիսի 17-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը եւ 2009 թ. հունիսի 26-ին Երեւանում ստորագրված` ՀՀ կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագիրը, որոնք ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկվող հարցերի առնչությամբ բարձրաձայնեց Լյովա Խաչատրյանը:

ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար օրենսդրությամբ սահմանված պատիժը մեղմ է: 

ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին` օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Օրենսդրական նախաձեռնության հեղինակները նպատակահարմար են գտնում իշխանության ներկայացուցչի եւ լրագրողի նկատմամբ հանցավոր արարքներ կատարողների նկատմամբ պատասխանատվությունը պատժաչափի եւ կիրառման առումով հավասարեցնել: Ներկայացված փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն նաեւ խստացնելու տուգանքի չափը` սահմանելով այն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկից հասցնելով մինչեւ չորսհարյուրհիսնապատիկը:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:

Ազգային ժողովը ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am