National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.10.2009
«Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 2-ին կայացավ «Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՍԴ անդամներ, նախարարներ, դատավորներ, պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների աշխատակիցներ, գիտնականներ, փաստաբաններ, բուհերի դասախոսներ, հ/կ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Երկօրյա խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
Միջազգային խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,
Բարի գալուստ եմ մաղթում եւ ողջունում բոլոր ներկաներին:

Այս խորհրդաժողովի հրավիրումը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի, Հայաստանի Սահմանադրական դատարանի եւ Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային կոնֆերանսի հետ համատեղ, նպատակ է հետապնդում ձեզ հետ միասին վեր հանել ու ամփոփել եվրոպական փորձն ու զարգացման միտումները` համագործակցության այս կարեւոր բնագավառում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ լուրջ փոփոխություններ կատարվեցին 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով: Սահմանադրության արժեքային ողջ համակարգը ներկայումս խարսխված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխավորման, մեր երկրում ժողովրդաիշխանության հաստատման, իշխանությունների բաժանման ու հավասարակշռման, արդյունավետ տեղական ինքնակառավարման արմատավորման եւ սահմանադրական այլ հիմնարար  սկզբունքների իրականացման վրա: 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հսկայական աշխատանք է ծավալել երկրում գործող օրենսդրությունը սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու, օրենսդրական բացերը լրացնելու, սահմանադրական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ: Միայն վերջին գումարման ընթացքում Ազգային ժողովն ընդունել է 545 օրենք, 47 որոշում, վավերացրել է թվով 92 միջազգային պայմանագիր:

 Փաստ է, որ յուրաքանչյուր օրենք քաղաքական փոխհամաձայնության արդյունք է եւ իրավասու սահմանադրական մարմնի կողմից դրա սահմանադրականության բացահայտումը, մեր կարծիքով, պետք է դիտել որպես աջակցություն` խորհրդարանի կողմից իր օրենսդիր գործառույթն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից:
 Իր օրենսդրական քաղաքականությունն իրականացնելիս Ազգային ժողովը չափազանց կարեւորում է իշխանության այլ մարմինների հետ համագործակցված աշխատանքը:

Այդ տրամաբանությամբ առաջնորդվելով էր, որ 2008 թվականի հոկտեմբերին իմ կողմից ՀՀ Ազգային ժողովում ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ` սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներն ուսումնասիրելու եւ օրենսդրական նախաձեռնության առաջարկություններ մշակելու համար: Մենք գտնում ենք, որ նման օպերատիվ արձագանքն արդյունավետ համագործակցության եւ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները հաշվի առնելու կարեւոր քայլ է: 

Այս խորհրդաժողովին մասնակցում են բազմաթիվ երկրների խորհրդարանների ու սահմանադրական դատարանների անդամներ: Ես խորին երախտագիտությունս եմ հայտնում մեր հրավերն ընդունելու եւ խորհրդաժողովին մասնակցելու համար: Համոզված եմ, որ բոլոր երկրներում էլ տարիների ընթացքում գտնվել են արդյունավետ լուծումներ` ակտիվ համագործակցության ու Սահմանադրության գերակայությունը երաշխավորելու գործում: Մեր երկիրը սահմանադրական բարեփոխումների արդյունքում թեւակոխել է իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կառուցման նոր փուլ: Երկրում սահմանադրական ժողովրդավարության հաստատման ճանապարհին մենք պետք է հաղթահարենք այնպիսի դժվարություններ, որոնց ժամանակի ընթացքում առնչվել են Արեւմտյան Եվրոպայի դասական ժողովրդավարության երկրները, եւ որոնք ներկայումս բնորոշ են գրեթե բոլոր երիտասարդ ժողովրդավարության երկրներին: Ուստի, նման ներկայացուցչական լայն կազմով հիմնահարցի քննարկումն օգտակար կարող է լինել ոչ միայն խորհրդաժողովի մասնակիցների համար, այլեւ կարեւոր ներդրում կհանդիսանա այս ոլորտում զարգացումների համաեվրոպական միտումների բացահայտման ու ընդհանրացման տեսանկյունից:

 Կարծում եմ նաեւ, որ տարբեր ժողովրդավարական ինստիտուտների համագործակցությունը եւ համատեղ լուծումներ փնտրելն օգտակար ու օրինակելի կարող է լինել նաեւ պետական իշխանության այլ մարմինների համար, եւ երկխոսության այս ձեւաչափը խրախուսանքի է արժանի:

Հարգելի գործընկերներ.

Ցանկանում եմ երախտիքիս խոսքը հղել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին եւ անձամբ պարոն Բուքիքիոյին` մեզ աջակցելու եւ ակտիվ համագործակցության համար: Մեր երկար տարիների համատեղ ջանքերի արդյունք էր սահմանադրական բարեփոխումների իրականացումը Հայաստանում: Յուրաքանչյուր տարի մեկ տասնյակից ավելի օրենքների նախագծեր են ներկայացվում Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը, որի եզրակացությունները մեզ համար շատ օգտակար են: Մենք այսուհետեւ նույնպես շարունակելու ենք ակտիվ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ եւ համոզված եմ, որ դա դրական դերակատարություն կունենա մեր եվրոպական ինտեգրման ընդհանուր գործընթացն առավել արդյունավետ առաջ տանելու հարցում: Օգտվելով պատեհ առիթից շնորհավորում եմ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոյին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Պատվո շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ:
 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ակտիվ երկկողմանի կապեր է հաստատել բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ: Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ պարոն Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը: Մեր գործընկերները սիրով համաձայնեցին մասնակցել նաեւ այս կարեւոր խորհրդաժողովի աշխատանքներին:

Եզրափակելով խոսքս` մեկ անգամ եւս ողջունում եմ բոլորին եւ մաղթում արդյունավետ աշխատանք եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին այս կարեւոր խորհրդաժողովը Հայաստանում կազմակերպելու համար: 

Շնորհակալություն»:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա համոզված է, որ խորհրդաժողովը հնարավորություն կտա շահագրգիռ երկխոսություն ծավալել խորհրդարանների եւ Սահմանադրական դատարանների միջեւ Սահմանադրության գերակայության երաշխավորման վերաբերյալ: Այս համատեքստում նա անդրադարձավ խորհրդարանների եւ դատական սահմանադրական վերահսկողության ինստիտուտների բազմաշերտ փոխառնչություններին: Պարոն Հարությունյանը նշեց, որ մի կողմից ՍԴ-ն գնահատում է օրենսդիր մարմնի ընդունած որոշումների եւ օրենքների սահմանադրականությունը, սակայն մյուս կողմից խորհրդարանը մասնակցում է ՍԴ-ի ձեւավորմանը, նրա նյութական անկախության ապահովմանը, սահմանում է դատարանի գործունեության կարգն ու դատավարական ընթացակարգերը: Ըստ նրա` սրանք փոխպայմանավորված գործառույթներ են, որոնց արդյունավետ իրականացումն ուղղված է Սահմանադրության գերակայության երաշխավորմանը:

Ողջույնի խոսքում Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոն խոսեց Սահմանադրական  դատարանների  եւ  խորհրդարանների  փոխհարաբերություններից: Նրա գնահատմամբ` այդ  փոխհարաբերությունները  բավականին  ընդարձակ  են, քանի  որ  խորհրդարանը, չունենալով Սահմանադրություն  կամ  օրենքներ  մեկնաբանելու  գործառույթ,  հանդիսանում է  Սահմանադրություն եւ այլ իրավական ակտեր ստեղծող մարմին: Մեկնաբանելու  իրավունքը վերապահված  է  ՍԴ-ին: Խորհրդարանն  էլ  իր  հերթին  պարտավոր  է  ընդունել այս կամ այն օրենքի վերանայման վերաբերյալ ՍԴ-ի եզրակացությունը: Նշվեց, որ խորհրդարանը` որպես օրինաստեղծ մարմին, միեւնույն ժամանակ ստեղծում է ՍԴ-ի  մասին օրենք եւ ունի այն վերանայելու իրավունք:

Խորհրդարանները  մասնակցում  են  նաեւ  ՍԴ-ների  կազմավորմանը: Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարն անդրադարձավ տարբեր երկրներում ՍԴ անդամների ընտրության խնդրին, կարեւորեց դատավորների  անկախության ապահովումը, շուկայական  փոխհարաբերությունների  բացառումը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը բարձրաձայնեց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը.

Խորհրդաժողովի  առաջին նիստը նախագահում էին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոն:

«Սահմանադրության գերակայության ապահովումը որպես իրավական պետությունում սահմանադրական կայունության հիմնական երաշխիք» թեմայի շրջանակներում ելույթ ունեցան Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր, պալատի նախագահ  Ժոզեփ Կասադեւալը, ՀՀ ՍԴ նախագահ ագիկ Հարությունյանը, Վրաստանի ՍԴ նախագահ Գեորգ Պապուաշվիլին, Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահ Պյոտր Զիենտարսկին, Տաջիկստանի ՍԴ նախագահ Մախկամ Մախմուդովը, Բելառուսի ՍԴ նախագահ Պյոտր Միկլաշեւիչը, Չեխիայի պատգամավորների պալատի հանձնաժողովի անդամ Եվա Դունդաչկովան, Ուկրաինայի ՍԴ դատավոր Պետրո Ստեցյուկը: Զեկուցողներն անդրադարձան անցումային հասարակական համակարգերում հանրային կյանքի սահմանադրականացման հիմնական խոչընդոտներին, Սահմանադրության գերակայության երաշխավորման գլխավոր մարտահրավերներին, վերափոխվող համակարգերի արժեբանական առանձնահատկություններին, իներցիոն գործընթացներին, սահմանադրական հիմնարար արժեքների տարաբնույթ ձեւախեղումներին եւ այլ հիմնահարցերի:

Մտքերի փոխանակության մասնակիցներն անդրադարձան հնչեցված զեկույցների վիճահարույց հարցերին եւ համապատասխան դիտարկումներ ներկայացրին:

Խորհրդաժողովի երկրորդ նիստում նախագահում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը եւ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Արդյունավետ սահմանադրական վերահսկողության իրականացման պառլամենտական երաշխիքները» խորագրով եւս եղան բազմաթիվ զեկուցումներ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ խորհրդաժողովը կնպաստի մասնակից երկրների սահմանադրական եւ պառլամենտական մշակույթների զարգացմանը: Նրա համոզմամբ` ինչպես հետհամայնավարական շրջանի գրեթե բոլոր երկրները, Հայաստանը եւս անցել է համակարգային վերափոխումներին բնորոշ իրավիճակներով` ինստիտուցիոնալ համակարգերի բացակայություն, անորոշություններ, անկանխատեսելիություն եւ այլն: Անհրաժեշտ էր հնարավոր կարճ ժամկետներում որոշել առաջնահերթություններ, արմատավորել նոր շուկայակա կան տնտեսական, իրավական պետությանը բնորոշ հարաբերություններ, ձեւավորել նոր օրենսդրական բազա, ընդունել Սահմանադրություն եւ ստեղծել սահմանադրական վերահսկողության համակարգ: Նրա խոսքով` արդյունավետ սահմանադրական վերահսկողության իրականացման պառլամենտական երաշխիքներն առաջին հերթին դրսեւորվում են օրենսդիր մարմնի եւ Սահմանադրական դատարանի գործակցության շրջանակներում: Տիկին Պետրոսյանը տեղեկացրեց, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում սկզբունքային փոփոխությունների է ենթարկվել նաեւ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանող ՀՀ օրենքը, հաշվի են առնվել Սահմանադրական դատարանի առաջարկություններն ու մոտեցումները: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` ՀՀ-ում սահմանադրական վերահսկողության իրականացման պառլամենտական հիմնական երաշխիքներն են Ազգային ժողովի անմիջական մասնակցությունը Սահմանադրական դատարանի կազմավորման, գործունեության ընթացակարգերի սահմանման գործում, Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի որոշումների կենսագործման ապահովումը: Արեւիկ Պետրոսյանը խորհրդաժողովի մասնակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ Սահմանադրությանն ամբողջությամբ կամ մասնակի հակասող եւ անվավեր ճանաչված օրենքների կամ դրանցում պարունակվող դրույթների կամ օրենսդրական կատարելագործման խնդիրներ բովանդակող Սահմանադրական դատարանի որոշումներից բխող օրենսդրական նախագծերի մշակման նպատակով 2008 թ. հոկտեմբերին Ազգային ժողովի նախագահի  կարգադրությամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որն իրականացրել է ծավալուն աշխատանք` ուսումնասիրելով դեռեւս 2006 թ. Սահմանադրական դատարանի կողմից ընդունված եւ օրենսդրական լուծումներ ապահովելու առումով անհետեւանք մնացած որոշումները: Արդյունքում մշակվել են մեկ տասնյակից ավելի օրենքների նախագծեր, օրենսդրական փաթեթներ: Նշվեց, որ շրջանառության մեջ դրված բոլոր օրենսդրական նախաձեռնություններն արդեն ընդունվել են Ազգային ժողովի կողմից եւ ստացել օրենքի ուժ:

Ամփոփելով ներկայացվածը` տիկին Պետրոսյանն արձանագրեց, որ անցնելով կայացման եւ համակարգային վերափոխումների 1-ին եւ 2-րդ փուլերով` հայաստանյան պառլամենտարիզի եւ սահմանադրականության զարգացման գործընթացը գտնվում է երրորդ, որակական նոր` համակարգային արդյունավետ գործակցության  փուլում:

Լիտվայի ՍԴ դատավոր Պրանաս Կուցոնիսը, Ռումինիայի ՍԴ նախագահ Վալենտին Պուշկաշզոլտան, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Պավլե Կուբլաշվիլին, Լատվիայի ՍԴ նախագահ ունար Կուտրիսը, Անդորայի ՍԴ անդամ Միգել Հերերո Դե Մինյոն, Բելառուսի խորհրդարանի օրենսդրության եւ պետական շինարարության մշտական հանձնաժողովի նախագահ Եվգենի Սմիրնովն իրենց ելույթներում անդրադարձան սահմանադրական դատարանների իրավասություններին եւ պարտավորություններին, իրավական ակտերի հակասահմանադրականությանը, պետական կառավարման համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՍԴ-ի դերին եւ նշանակությանը, քաղաքացիների կողմից Սահմանադրության հարգմանը, օրենքների եւ Սահմանադրության համապատասխանությանը, դատարանների անկախ գործունեությանը, ՍԴ-ի բյուջեի կազմավորմանը, մարդու իրավունքների եվրոպական դատարանների եւ տեղական դատարանների փոխգործակցությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am