National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.06.2009
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Հունիսի 5-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի
նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է ակնագործության եւ ոսկեգործության զարգացման հայեցակարգով նախատեսված, ճյուղի զարգացմանն ուղղված միջոցառումներից եւ նպատակաուղղված է օրենսդրական դաշտի բարեփոխմանը եւ բիզնես միջավայրի բարելավմանը:

Առաջարկվում է  ոսկերչական իրերի արտադրությունը ազատել1% շահութահարկի կանխավճարի վճարումից:

Հանձնաժողովը քննարկեց   նաեւ  երկրորդ ընթերցման ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ երրորդ ընթերցման ներկայացված «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրինագծերը  եւ քննարկված բոլոր նախագծերն էլ դրական եզրակացությամբ երաշխավորեց առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար: 

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց հեղինակ Արա Բաբլոյանը: Նա նշեց, որ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի նպատակն է բարելավել հոգեկան առողջության բնագավառի իրավական դաշտը եւ ապահովել հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքների շարունակականությունը: Ըստ հեղինակի` նախագիծը հստակեցնում է հոգեբուժական օգնության իրականացման հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ձեւերը` վերանայելով մինչ օրս օրենսդրության ոլորտում կիրառվող, սակայն գործնական գործածությանը եւ նշանակությանը չհամապատասխանող մի շարք հասկացություններ: Արա Բաբլոյանը նշեց, որ գործող օրենքի բացերից է նաեւ այն, որ կարգավորված չէ հոգեբուժական հետազոտման իրականացման կարգը առանց հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության: Այս բացը կարող է բերել մարդու ազատ կամքի արտահայտման իրավունքի ոտնահարման: Հաշվի առնելով այս հանգամանքը` նախագծով առաջարկվում է հոգեբուժական հետազոտումն իրականացնել առանց հետազոտվողի կամ իր օրինական ներկայացուցչի համաձայնության այն դեպքում, երբ հետազոտվողը իր հոգեկան վիճակից ելնելով` անկարող է հոգալ սեփական կենսական կարիքները ու արտահայտել իր ազատ կամքը եւ չունի օրինական ներկայացուցիչ: Արա Բաբլոյանը նշեց, որ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարությունը մի շարք առաջարկություններ է արել, որոնք գրեթե բոլորն էլ ընդունվել են:

Հանձնաժողովը  դրական եզրակացություն տվեց նախագծի վերաբերյալ`  նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը նաեւ որոշեց հաստատել «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման արդյունքները:

Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ ՀՀ կառավարության ներկայացրած «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը քննարկման էր ներկայացված երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Օրինագծում ավելացվել է նոր  հոդված, որը սահմանում է միջազգային միջոցառումներում առավել բարձր արդյունքների հասած մարզիկներին ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման արժանացնելու, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց խրախուսման կարգերը:
 
Օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն րիգորյանը տեղեկացրեց, որ պատգամավորների առաջարկների արդյունքում օրինագիծը լրամշակվել է: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովն անդրադարձավ նաեւ օրակարգային երկրորդ` «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որի քննարկումը  պետք է կայանար երկրորդ ընթերցման ընթացակարգով, սակայն քննարկումը 30 օրով հեղինակի առաջարկությամբ հետաձգվեց, քանի որ, ինչպես նկատեցին հանձնաժողովի անդամները, օրինագիծը ներկայացվել էր ոչ պատշաճ մակարդակով:

Նույն օրը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ ՀՀ կառավարության հեղինակած «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Վազգեն Կարախանյանի նախագահությամբ քննարկվեցին երկու միջազգային պայմանագրեր եւ մեկ օրենքի նախագիծ:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2008 թ. նոյեմբերի 10-ին Աթենքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում եւ ուսումնական կենտրոններում ՀՀ զինված ուժերի անձնակազմի ուսուցման մասին» արձանագրությունը, որը ստորագրվել է 2008 թ. նոյեմբերի 10-ին Աթենքում: Փոխնախարարի խոսքով` ՆԱՏՕ-ի անդամ պետություն Հունաստանի ռազմակրթական համակարգը համապատասխանում է այդ կազմակերպության չափանիշներին եւ ներկայումս պաշտպանական բարեփոխումների ճանապարհին գտնվող ՀՀ զինված ուժերի համար կարեւոր նշանակություն ունի ՀՀ ԶՈՒ սպաների նեղ մասնագիտական ուսուցման կազմակերպումը Հունաստանի համապատասխան ռազմաուսումնական հաստատություններում: Արձանագրության դրույթներով սահմանվում են ՀՀ զինված ուժերի անձնակազմին Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում համապատասխան տեղեր տրամադրելու, ուսանելու կարգը եւ պայմանները: Տեղեկացվեց, որ Հունաստանի Հանրապետությունը հոգալու է Հունաստանի ռազմակրթական հաստատություններում հայ սպաների ուսման ֆինանսական ծախսերը, իսկ Հայաստանը` միջազգային տրանսպորտային եւ ապահովագրական ծախսերը:
 
ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի ներկայացմամբ քննարկվեց «2008 թ. դեկտեմբերի 10-ին Սոֆիայում ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» 1995 թ. ապրիլի 10-ին Սոֆիայում ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակն է համաձայնագիրը համապատասխանեցնել երկու պետությունների տնտեսական եւ իրավական փոփոխություններին: Արձանագրությամբ Հայաստանը պարտավորվում է Բուլղարիայի Հանրապետության ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացված որոշ տեսակի եկամուտները չհարկել կամ հարկել նվազեցված դրույքաչափերով:

Քննարկված երկու միջազգային համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Պատգամավորներն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեցին «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողամասեր եւ շենքեր տրամադրելու հարցը  փոխադարձության սկզբունքով լուծելու, ինչպես նաեւ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական ու ներկայացուցչական նպատակների համար հողի տրամադրման հարցերը կարգավորելու անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց եւ առաջարկեց ընդգրկել  նստաշրջանի օրակարգում:

Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ նաեւ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների   մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց համահեղինակ Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ առաջարկվում է «Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետից հանել «1750 դրամ» բառերը: Կառավարության ներկայացուցիչ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ օրինագծի վերաբերյալ կառավությունը չունի սկզբունքային առարկություններ:     

Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի  նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հեղինակի առաջարկով հանձնաժողովը մինչեւ 30 օրով հետաձգեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում  Իշխան Խաչատրյանի  նախագահությամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի համահեղինակ Ստեփան Ասլանյանը: 

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում  լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցման ընթացակարգով  հանձնաժողովի  քննարկմանը ներկայացրեց  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը:

Քննարկված երկու օրինագծերն էլ ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Պատգամավորները քննարկեցին եւ դրական եզրակացություն տվեցին «ՀՀ 2008թ. պետական   բյուջեի կատարման մասին» տարեկան  հաշվետվությունը  պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ: 

Հեղինակների առաջարկով մինչեւ 30 օրով հետաձգվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 5-ին հրավիրած նիստում` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, քննարկեց  օրակարգային երեք հարց:

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ պատգամավորների նախաձեռնությունը հանձնաժողովի գնահատմանը ներկայացրեց նախագծի համահեղինակ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Անցյալ տարեվերջին օրենքում կատարված փոփոխությամբ  խոշոր` 500 մլն. դրամից ավելի հասույթ  եւ 500 մլն. դրամը գերազանցող ակտիվների հաշվեկշռային արժեք ունեցող կազմակերպությունների համար նախատեսվել էր  տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու պարտադիր պայման:  Համահեղինակի հիմնավորմամբ`  համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, երբ առկա է ֆինանսական միջոցների դեֆիցիտ, նպատակահարմար չէ ձեռնարկությունների համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստեղծել, աուդիտորական ուսումնասիրություններ կատարել: Օրինագծի հեղինակներն առաջարկում են աուդիտ անցկացնելու պայմանը պարտադիր համարել միայն նախորդ տարվա գործունեությունից 500 մլն. դրամ եւ ավելի հասույթ ստացած խոշոր կազմակերպությունների համար` հարկադիր պարապուրդի մեջ հայտնված կամ ուղղակի փոքր հասույթ ունեցող ձեռնարկություններին ազատելով օրենսդրական այդ պահանջից: Օրինագծի հեղինակները սա համարում են անհրաժեշտ քայլ Ճգնաժամի պայմաններում: Կառավարությունը, սակայն, ի դեմս ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի, այս նախաձեռնությունը հակաճգնաժամային միջոցառում չի գնահատում եւ համարում է այն ոչ նպատակահարմար: Փոխնախարարի կարծիքով` խոշոր հանդիսացող եւ հանրային շահերը շոշափող կազմակերպությունները պարտավոր են անցկացնել աուդիտ եւ հանրությանը հաշվետվություն ներկայացնելով` ապահովել գործունեության թափանցիկությունը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ  Արծվիկ Մինասյանն անհամաձայնություն հայտնեց հարցին մասնակի լուծում տալու կապակցությամբ: Գագիկ Մինասյանը նկատեց, որ նախագծի գործողության դաշտն ընդլայնելու հնարավորությունը կդիտարկեն  առաջին ընթերցումից հետո: Հանձնաժողովը հարցը երաշխավորեց դրական եզրակացությամբ ընդգրկել նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում:

Դրական եզրակացություն ստացավ նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար  ներկայացված` «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու գործադիրի առաջարկը: Առաջին ընթերցումից հետո նախագիծը, ֆինանսների փոխնախարարի ներկայացմամբ, փոփոխությունների չի ենթարկվել:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորներին ներկայացրեց  ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրի` 2009 թ. առաջին եռամսյակի գնաճի հաշվետվությունը:  Ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է թողել ինչպես համաշխարհային, այնպես էլ մեր երկրի տնտեսական աճի տեմպերի վրա: Պրն. Ջավադյանի գնահատմամբ`ազդեցությունը սպասվածից ավելի է: Տնտեսական աճի ռիսկերը, ԿԲ-ի գնահատմամբ, երկկողմանի են եւ պայմանավորված թե արտաքին եւ թե ներքին գործոններով:  Եթե 2009 թ.   համար կանխատեսվել էր ՀՆԱ-ի նվազում 3 տոկոսի չափով, այսօր ակնհայտ է, որ անկումն ավելի մեծ կլինի` 5,8 տոկոս:

Կանխատեսվել էր, որ մասնավոր ներդրումները կնվազեն 5-6 տոկոսով,  այսօր արդեն արձանագրված համանուն ցուցանիշը կազմում է 8-9 տոկոս: 2009 թ. մարտին նախորդ տարվա մարտի համեմատությամբ, գրանցվել է  1 տոկոս գնաճ: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին գնաճը 2008 թ. համադրելի ցուցանիշի համեմատությամբ կազմել է 2 տոկոս: Չնայած ճգնաժամի պայմաններում ձեւավորված գնանկումային միջավայրին` մարտին դրամի արժեզրկման արդյունքում որոշ ապրանքատեսակների գները բարձրացել են: Դրանով պայմանավորված` Կենտրոնական բանկը 1 տոկոսային կետով բարձրացրել է  վերաֆինանսավորման տոկոսադրույքները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am