National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
04.06.2009
ԱԺ մշտական հանձնաժողովները եզրակացություն են ներկայացնում օրինագծերի վերաբերյալ

Հունիսի 4-ին Մխիթար Մնացականյանի նախագահությամբ  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց եւ ի գիտություն ընդունվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ներկայացրած 2008 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը:

Արմեն Հարությունյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ  2008թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 4090 դիմում-բողոք, որից 1227-ը՝ գրավոր, իսկ 2863-ը՝ բանավոր: Նշված ժամանակահատվածում դրական լուծում է ստացել 122 դիմում-բողոք, ինչի արդյունքում վերականգնվել է 429 անձանց խախտված իրավունքը: Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ վերականգնվել են 6526 անձանց խախտված իրավունքները: Այս թվի մեջ ներառված են նաեւ այն 6097 քաղաքացիները, որոնց իրավունքները վերականգնվել են Պաշտպանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու մասին դիմումի բավարարման արդյունքում:

2008 թ. ընթացքում 534 դեպքերում տրամադրվել է պարտադիր խորհրդատվություն դատարանի որոշման, վճռի կամ դատավճռի հիմնավորվածությունը բողոքարկելու, դիմողին իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունների ներկայացման վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները վերաբերել են քաղաքացիական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովմանը, զինծառայողների,  քրեական դատավարության ոլորտում անձանց իրավունքների ապահովման հիմնահարցերին, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների միջազգային-իրավական պաշտպանության եղանակներին: Ինչպես 2007 թ. ընթացքում, այնպես էլ 2008թ ընթացքում  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից հատուկ ուշադրություն է հատկացվել քաղաքացիների ընդունելության կազմակերպմանն ու անցկացմանը: Հաշվետու ժամանակահատվածում պաշտպանն  ընդունել է 175 քաղաքացիներ,  քաղաքացիների ընդունելություններ են կազմակերպվել նաեւ պաշտպանի` ՀՀ մարզեր կատարած այցերի ընթացքում:

Անդրադառնալով հաշմանդամներին վերաբերող հիմնահարցերին` մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ 2008 թ. ընթացքում հաշմանդամության ոլորտին վերաբերող օրենսդրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Ըստ պարոն Հարությունյանի` զբաղվածության հարցը ամենաարդիական խնդիրներից մեկն է:

Տեղեկացվեց նաեւ, որ 2008 թ. ընթացքում մանկատներում գտնվող երեխաների նորմալ ու առողջ զարգացման համար անհրաժեշտ պայմանները եւ դրանց համապատասխանությունը սոցիալական պաշտպանության սահմանված չափորոշիչներին ուսումնասիրելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համապատասխան խումբը  պարբերաբար այցելել է  մանկատներ, դպրոցներ եւ անչափահասների գաղութներ:

Կարեւորելով ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները` մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ 2008 թ. չեն եղել  գրավոր դիմում -բողոքներ   ազգային փոքրամասնությունների  իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ:

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը հունիսի 4-ին հրավիրած նիստում Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց եւ հավանության արժանացրեց օրակարգում ընդգրկված երեք օրենսդրական նախաձեռնություններ:  «Հայաստանի Հանրապետության ջրի  ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած նախագիծն առաջարկվեց հետաձգել մինչեւ 30 օրով:  Հանձնաժողովի անդամ Վահագն Մախսուդյանի առաջարկով որոշվեց նախ քննարկումներ կազմակերպել համապատասխան գերատեսչությունների մասնագետների հետ:

«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» առաջարկով գործադիրը  նախատեսում է օրենսգիրքը համալրել նոր ձեւակերպմամբ եւ   ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման հայտի գնահատման ժամանակ հաշվի առնել նաեւ կառավարության  կողմից իրականացվող ծրագրերը` դրանց պահանջները դիտարկելով որպես նախապայման: Հարցը հանձնաժողովը  երաշխավորեց ներառել նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում:

«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենսդրական փաթեթը քառօրյա նիստերի օրակարգում ընդգկվելու համար դրական եզրակացություն ստացավ: Բնապահպանության  նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց, որ այս փաթեթով ներդնում են «ինքնահսկում» հասկացությունը: Օրենքն ընդունվելու դեպքում կազմակերպությունը արտադրական պրոցեսի ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող նյութերի  եւ օգտագործվող բնական ռեսուրսների նկատմամբ ինքնահսկում է իրականացնելու:  Նպատակը համալիր միջոցառումների իրականացման միջոցով շրջակա միջավայրի վրա տվյալ կազմակերպության ունեցած վնասակար ազդեցությունը նվազեցնելն ու կանխարգելելն է, ինչպես նաեւ բնական ռեսուրսների գերշահագործումից խուսափելը: Ինքնահսկումը, նախագծի պահանջներով, պետք է իրականացվի հաստատված ծրագրի համապատասխան: Ինքնահսկումը պարտադիր կլինի շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցություն ունեցող կազմակերպությունների համար, որոնք մեր հանրապետությունում երեսունն են:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների  նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը հանձնաժողովի գնահատմանը ներկայացվեց երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Ինչպես նշեց բնապահպանության նախարարը` հանձնաժողովի առաջարկությամբ նախագծում շրջապատի վրա վնասարկար ազդեցություն ունեցող կազմակերպությունների ցանկում ներառվել է նաեւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, որի բնապահպանական վճարներից մասհանումները նույնպես կատարվելու են առանձին տողով եւ արտացոլվելու տվյալ համայնքի բյուջեում:  




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am