National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
02.06.2009
Քաղծառայության համակարգի կատարելագործմանը միտված խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում

Հունիսի 2-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` օրակարգում ունենալով կառավարության հեղինակած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարությունների, մարզպետարանների եւ պետական կառավարման այլ գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարներ, լրագրողներ:
 
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը բացման խոսքում տեղեկացրեց, որ օրինագիծը հանձնաժողովում եւ ԱԺ նիստում քննարկելիս եւ պատգամավորներները, եւ կառավարության ներկայացուցիչը բարձրացրել են բազմաթիվ վիճահարույց հարցեր: Հարցը քննարկվել է նաեւ ՀՀ վարչապետի հետ: Պարոն Հարությունյանն ընդգծեց, որ լսումների նպատակն է բնագավառի պատասխանատուների առաջարկներով նպաստել քաղաքացիական ծառայության համակարգի զարգացմանը:
 
Հիմնական զեկույցը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը` տեղեկացնելով, որ պատգամավորների դիտողությունները, մտահոգությունները եւ մեթոդոլոգիական հարցերի զարգացման ու կատարելագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով` կառավարությունն առաջարկում է մրցույթի արդյունքում հաղթողներ ճանաչել 3 հոգու, սահմանել բանավոր հարցազրույցի շեմ, որը հաղթահարողներից առավելագույնը 3-ը կհամարվեն հաղթողներ: Նախագծով առաջատար խմբի պաշտոնների վերաբերյալ առաջարկվել է փակ մրցույթի գաղափար: Փակ մրցույթը հնարավորություն կտա տվյալ մարմնում կրտսեր պաշտոն զբաղեցնող մարդկանց մասնակցել մրցույթին, սակայն փակ մրցույթը միակ տարբերակը չէ. աշխատակազմի ղեկավարի կամ տվյալ մարմնի ղեկավարի հայեցողությամբ պետք է որոշվի` տվյալ թափուր պաշտոնը համալրել փակ, թե բաց մրցույթով: Նախագծով առանձին դեպքերում քաղաքացիական ծառայության խորհուրդը, հաշվի առնելով մարմնի ղեկավարի պատճառաբանված գրավոր առաջարկությունը, կարող է տվյալ մարմնի քաղծառայության բարձրագույն խմբի կամ գլխավոր խմբի առաջին ենթախմբի պաշտոնի համար սահմանել աշխատանքային ստաժի եւ փորձի այլ չափանիշներ: Այս դրույթը չպետք է վերաբերի պահանջները նվազեցնելուն, որովհետեւ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է չափանիշներ, այն վերաբերելու է մասնավոր հատվածում ճանաչված ընկերություններում դիրք ունեցող պաշտոնյաներին, ովքեր քաղծառայության ստած կամ պետական կառավարման ոլորտում աշխատանքային ստաժ չունեն:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն անդրադարձավ նաեւ մրցութային հանձնաժողովների հարաբերակցությանը, ձեւավորման կարգին: Նշվեց, որ քաղծառայության խորհուրդն առաջարկել էր հանձնաժողովում համապատասխան մարմինների ներկայացուցիչների  թվաքանակը 2-ի փոխարեն դարձնել 3 հոգի, խորհրդի ներկայացուցիչների թվաքանակը` մեկ, իսկ գիտական եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները շարունակեն պահպանել իրենց քվոտան: Օրենքի նախագծով մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովի անդամ կարող են լինել մարմնի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարը, նրանց տեղակալները, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարը: Պարոն Բադալյանի հաղորդմամբ` առաջարկություն է եղել այս խմբում ավելացնել նաեւ հանրապետության նախագահի եւ վարչապետի խորհրդականներին ու օգնականներին: Մեկ այլ նորամուծությամբ բարձրագույն խմբի պաշտոնյաների մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովներում վարչապետը պետք է ունենա իր ներկայացուցիչը: Փորձ է արվում կադրերի ընտրության, ատեստավորման հարցերում մեծացնել պաշտոն նշանակելու իրավասություն ունեցողի դերակատարությունը: Զեկուցողի գնահատմամբ` այսուհետ համապատասխան մարմինները առավել մեծ պատասխանատվություն կունենան կադրերի ընտրության, ու գնահատման գործում: Կառավարությունը նպատակահարմար չի գտնում արտամրցույթի անցկացումը: Նախագծով արտամրցույթը պահպանվում է վերակազմակերպումների կառուցվածքային փոփոխության, անվանափոխության դեպքերում նշանակումներ անելու համար:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ընդգծեց, որ չնայած պատգամավորների մեծամասնությունը դեմ է փակ մրցույթի անցկացմանը, բայց կառավարության ներկայացուցչի կարծիքով արտամրցութային նշանակումների գաղափարից հրաժարվելու դեպքում արագ նշանակումների խնդիր կարող է առաջանալ: Պարոն Դավթյանն իրազեկեց, որ շրջանառության մեջ է գտնվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է հրաժարվել փակ մրցույթի գաղափարից: Մրցույթներում հաղթողները պետք է լինեն 2 կամ 3 հոգի, քանի որ կարող է հաղթող ճանաչվել մեկը, ով իր մարդկային հատկանիշներով չի կարող աշխատել տվյալ պետական հիմնարկում: Հարակից զեկուցողը նշեց, որ գործող օրենքով ցածր պահանջներ են առաջադրվում կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար եւ այս հարցում ԱԺ պատգամավորները ողջունեցին հավաստագրման ինստիտուտի ստեղծումը: Ըստ նրա` քաղծառայության համակարգը կայացած է եւ շատ դեպքերում տիպային օրենսդրության օրինակ է եղել այլ համակարգերի համար: Պարոն Դավթյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կներկայացվեն նոր առաջարկներ օրինագիծը լրամշակելու նպատակով:

Հարցի առնչությամբ ծավալվեցին բուռն քննարկումներ, ոլորտի պատասխանատուների մտահոգությունները եւ առաջարկները բազմաբնույթ էին: Նրանք անդրադարձան քաղծառայության համակարգում տարիքային սահմանափակման խնդրին, փակ եւ բաց մրցույթների անցկացման ընթացակարգերի հստակեցմանը, փակ մրցույթը միայն առաջատար պաշտոններում անցկացնելու նպատակահարմարությանը, հավաստագրի ինստիտուտի ներդրմանը եւ այլ հարցերի: Քննարկումներից պարզ դարձավ, որ լսումների մասնակիցները աննպատակահարմար են գտնում լրացուցիչ փակ մրցույթի անցկացումը, կարեւորում են բաց մրցույթների ու արտամրցույթի կազմակերպումը եւ քաղաքացիների իրազեկվածության ապահովումը պաշտոնական կայքէջերի եւ տեղեկատվական այլ աղբյուրների միջոցով:

Եզրափակիչ ելույթում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն անդրադարձավ հնչեցված հարցադրումներին եւ մտահոգություններին` նշելով, որ դրանք հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը լրամշակելիս:

Ամփոփելով խորհրդարանական լսումները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ հարցադրումները կքննարկվեն կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ: Արտամրցույթը պահպանելու հարցը, ըստ հանձնաժողովի նախագահի, վիճելի է, այս հարցում կարեւոր է վիճակագրության ուսումնասիրությունը` հասկանալու համար, թե ինչպես է այն կիրառվել եւ որ դեպքերում: Պարոն Հարությունյանը նշեց, որ փակ մրցույթի անցկացումը նպատակահարմար չէ: Նրա առաջարկով` եթե քաղաքացին չունի համապատասխան աշխատանքային ստաժ, սակայն ունի աշխատանքային փորձ մասնավոր կառույցներում, այլ պետությունների կառավարման համակարգերում եւ քաղաքական գործունեության մեջ, ապա մարմնի միջոցով կարող է դիմել խորհրդին եւ մինչ մրցույթի անցկացումը պարզել` կարո՞ղ է մասնակցել մրցույթին, թե` ոչ: Նշվեց նաեւ, որ որոշվել է պահպանել հանձնաժողովի ներկա կազմը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am