Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը
հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին եւ փոխդեսպան Մելանի Մոլթմանին` նրանց խնդրանքով:
Ողջունելով հյուրերին, հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ տեղյակ է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերին, ինչպես նաեւ իր ղեկավարած հանձնաժողովի եւ Գերմանիայի դեսպանության միջեւ ձեւավորված սերտ կրթամշակութային համագործակցությանը: Նշվեց, որ հանձնաժողովը հնարավորինս կաջակցի ընդունելի ծրագրերի իրականացմանը:
Տիկին Վիկտորինը պարոն Դավթյանին շնորհավորեց պաշտոնամուտի կապակցությամբ եւ մանրամասն ներկայացրեց Գերմանիայի կողմից Հայաստանում իրականացվող կրթական, մշակութային ծրագրերը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները: Տիկին դեսպանը տեղեկացրեց, որ հունիսին գերմանական մշակույթի օրերի շրջանակում ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա համերգ` գերմանացի երաժիշտների մասնակցությամբ եւ կբացվի լուսանկարների ցուցահանդես:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնեց տիկին Անդրեա Վիկտորինին` արդյունավետ աշխատանքի համար եւ մաղթեց հետագա հաջողություններ: