National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.02.2009
Սկսվեց չորրորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանը


Փետրվարի 2-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ Ազգային ժողովի չորրորդ գումարման  հինգերորդ նստաշրջանի բացումը, որից հետո ԱԺ պատգամավորները քննարկեցին եւ հաստատեցին հինգերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումները:

Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց  ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի գործող կազմը, այնուհետեւ քվեարկությամբ ընդունեց նախորդ նստաշրջանում քննարկված «Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը:

Ազգային ժողովը քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Բանախոսի ներկայացմամբ` վերջին տարիների ընթացքում ձեւավորվեցին եւ կայացան էներգետիկայի ոլորտի ընկերությունները, էներգետիկական շուկայի մասնակիցները: Դրան զուգահեռ  «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը  ունեցավ իր կարեւոր դերակատարությունը էներգետիկական գիտական հետազոտությունների, նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի մշակման եւ էներգետիկայի ոլորտի խնդիրների եւ հիմնավորումների անկախ, անկողմնակալ եւ պետական պաշտոնական քաղաքականությամբ  ղեկավարվող փորձագիտության իրականացման գործում, ուստի առաջարկվում է ընկերության կարգավիճակը թողնել անփոփոխ` 100% բաժնեմասով պետական սեփականությամբ, եւ ընկերության անունը հանել «Պետական գույքի մաuնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մաuին» ՀՀ օրենքում տեղ գտած ընկերությունների ցանկից:

Քննարկվեց  նաեւ «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը, որի համաձայն`  միջուկային տեղակայանքների շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կատարած գործունեության համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող սակագնի հաշվարկում  պարտավոր է նախատեսել   միջուկային, ճառագայթային, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, միջուկային նյութի հաշվառման եւ հսկողության, անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացման, գիտատեխնիկական աջակցության, օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի եւ շահագործումից հանելուն ուղղված  ծախսերի կատարումն ապահովող մասհանումներ:

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ներկայացրեց  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, որի գնահատմամբ`  օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` ռազմական ոստիկանությունը հանդիսանում է հետաքննության մարմին, եւ նրան իրավունք է վերապահված համապատասխան հանցագործությունները կանխելու ու խափանելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: 

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում ռազմական ոստիկանությունը` որպես այդ գործունեությունն իրականացնող մարմին, նշված չէ, որով էլ խոչընդոտ է ստեղծվում «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ռազմական ոստիկանության առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար:

Օրենքների նախագծով առաջարկվում է ռազմական ոստիկանությանը վերապահել օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն:

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը ներկայացրեց «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», \\\\\\\\ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որտեղ, ըստ նրա` հստակեցվել են կարգավորող մարմնի իրավասությունները արտակարգ իրավիճակներում. դրանք համապատասխանեցվել են նաեւ «Երկակի նշանակության ապրանքների եւ սարքավորումների արտահանման, ինչպես նաեւ ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» ՀՀ օրենքի  պահանջներին, տարանջատվել  է ատոմային էներգիայի օգտագործման անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտի՝  շահագործող կազմակերպության սահմանումը այլ օբյեկտներից, եւ կարգավորվել են այլ հարաբերություններ` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր մոտեցումներին ու չափանիշներին համապատասխան:

Անցած տարիների ընթացքում հստակեցվել են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, մշակվել եւ գործողության մեջ են դրվել բնագավառի լիցենզավորման կարգերը, անվտանգության վրա ազդող գործունեության բոլոր տեսակների (աշխատանքների) վերաբերյալ  սահմանվել են կարգավորող պահանջներ եւ վերահսկման մեխանիզմներ եւ վերացել է օրենքում անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքների, դրանց ցանկը հաստատելու եւ այլ  դրույթներ ունենալու պահանջը:

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին» օրինագծի համահեղինակ, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը  տեղեկացրեց, որ 1997թվականին ընդունված օրենքը չի համապատասխանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ տարվող պայքարի արդի պայմաններին եւ այդ պատճառով մշակվել է նախագիծ, որի նպատակն է իրավական դաշտի հետագա բարեփոխումների ամրապնդման շնորհիվ,  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ասպարեզում լայնածավալ եւ կայուն կրթական աշխատանքների միջոցով  կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հետագա տարածումը, պաշտպանել մարդու ազատությունը, նրա արժանապատվությունը եւ իրավունքները: Նախագծով  առաջարկվում է ուժը կորցրած համարել օրենքի 7-րդ հոդվածը եւ վերաշարադրել 8-րդ հոդվածը, որոնք սահմանում են օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայմանները եւ նրանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման հետեւանքները:

Նախագծով առաջարկվում է նաեւ օրենքում սահմանել այն  խմբերը, որոնք պետք է ենթարկվեն պարտադիր հետազոտության` ելնելով միջազգային պահանջներից եւ հանրային առողջապահության հիմնավորումներից` միեւնույն ժամանակ սահմանելով բուժաշխատողների կողմից  խոցելի խմբերի կամավոր հետազոտությունների անհրաժեշտությունը:

Պարոն Բաբլոյանը ներկայացրեց նաեւ իր հեղինակած «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: 

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել գործող օրենքում եւ սահմանել դոնորների համաձայնագրի տրամադրման միջանկյալ համակարգը` հնարավորություն տալով մարդկանց իրենց որոշումը հայտնել կենդանության օրոք եւ գրավոր հրաժարվել մահից հետո որպես դոնոր հանդես գալուց: Այս դեպքում հնարավորություն է ստեղծվում անձի որոշման բացակայության ժամանակ դիմելու նրա հարազատներին եւ դրանից հետո միայն վերցնել օրգանները եւ հյուսվածքները:

Օրենքի սույն փոփոխությունը մշակվել է` հաշվի առնելով, որ մեկ դիակից վերցված օրգաններով կարելի է միաժամանակ մի քանի կյանք փրկել, առավել դյուրին է հայտնաբերել այն մարդկանց, որոնք չեն ուզում հանդես գալ որպես դոնորներ, քան նրանց` որոնք կցանկանան, հնարավորություն կառաջանա նոր կյանքեր փրկել` օգտագործելով նորագույն փոխպատվաստման տեխնոլոգիաներ եւ մեթոդներ: Անհրաժեշտ է ընդունել, որ այսօր գործող օրենքի նշված դրույթների հետեւանքով յուրաքանչյուր օրգան կորցնելով կորցնում ենք մեկ կյանք:

Նախագծով առաջարկվում է նաեւ ներդնել սույն ոլորտում տեղեկատվական միասնական համակարգը ապահովող օրգանների դոնորների եւ ռեցիպիենտների ռեեստր, որտեղ կգրանցվեն տեղեկություններ փոխպատվաստված դեպքերի, դոնորությունից հրաժարված անձանց եւ ռեցիպիենտների վերաբերյալ: Այս համակարգը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել տեղեկությունների հոսքը` նպաստելով փոխպատվաստումների իրականացման վերաբերյալ որոշումների արագ ընդունմանը եւ արձագանքմանը:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումը բացառում է օրգանների եւ հյուսվածքների կոմերցիոն գովազդը:

Պարոն Բաբլոյանի ներկայացրած երկու օրինագծերի վերաբերյալ էլ դրական էին գլխադասային հանձնաժողովի եւ ՀՀ կառավարության տեսակետները:

«Ծխախոտի իրացման, սպառման եվ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական \\\\\\\\ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի համահեղինակ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ ծխախոտի օգտագործումը եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերի բարձր գերակայությունը առողջապահական եւ տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում:

Թեեւ հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող օրենքն արդեն ընդունված է, սակայն դեռեւս գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված որոշ խնդիրներ։ Օրենսդրության գործնական եւ փաստացի իրականացումը պահանջում է այնպիսի համարժեք միջոցներ, ինչպիսիք են վերահսկողություն իրականացնող մարմինների արդյունավետ գործունեությունը, տուգանքների առկայությունը եւ կիրառումը, հասարակության իրազեկումը։

Այդ իսկ պատճառով «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նորմերի խախտման համար իրավական պատասխանատվության նախատեսման նպատակով անհրաժեշտ է լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»` սահմանելով տուգանքների չափերը: Բացի այդ առաջարկվում է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարել կրթական, մշակույթային, առողջապահական հաստատություններում ծխախոտի օգտագործման սահմանափակումների նպատակով`  բացառելով այդ հիմնարկների տարածքներում ծխելու համար առանձնացված գոտիների ստեղծումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ըստ բանախոսի` նպատակ ունի կարգավորել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը ծառայության տարածքային ստորաբաժանումների միջոցով  իրականացմանն առնչվող հարաբերությունները: 

Առաջարկվող փոփոխության արդյունքում վարչական իրավախախտումների մաuով  գործը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք է վերապահվում նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, ինչը հնարավորություն կտա ապահովել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 276-րդ հոդվածի` գործը ըստ դրա կատարման վայրի քննվելու պահանջը, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա ապահովել գործի` սահմանված ժամկետում քննությունը եւ իրավախախտում կատարած անձի ներկայությունը գործի քննության գործընթացին:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ  օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ շինարարական  աշխատանքների իրականացման դեպքում շրջակա միջավայրի պահպանության նպատակով ամրագրված սահմանափակումները տարածվում են միայն իրավաբանական անձանց վրա, մինչդեռ շինարարական աշխատանքներով եւ աղբի տեղափոխմամբ զբաղվում են նաեւ ֆիզիկական անձինք, որոնց համար  նման սահմանափակումների տարածումը եւս պետք է հանդիսանա պարտադիր պահանջ: 

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնելու իրավասություն ունեցող լիցենզառու կազմակերպություններն իրենց գործունեության ժամանակ հաճախ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության եւ (կամ) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի  արտանետումների համապատասխանության կտրոնները տրվում են առանց չափումների իրականացման կամ առանց չափման կարգի պայմանների ու  պահանջների պահպանման, որն անհրաժեշտ է դիտել որպես մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրության խախտում:  1-ին  հոդվածի ընդունման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ  ՀՀ անտառային տարածքներից կամ այլ վայրերից ապօրինի ձեռք բերված անտառանյութի տեղափոխման  կանխարգելմանն ուղղված իրավական նորմի բացակայությունը զգալիորեն նպաստում է  ապօրինի փայտանյութի անարգել տեղափոխմանը եւ նման փոփոխությունը կնպաստի ապօրինի անտառհատումների ծավալների կրճատմանը, իսկ 2-րդ հոդվածի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող պատժամիջոցի փոքր չափերը չեն նպաստում իրավախախտումների թվի  նվազեցմանը:

Քննարկվեց նաեւ «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի համահեղինակ Կարեն Ավագյանի տեղեկացմամբ` առաջարկվող լրացումը տեխնիկական պատճառներով բացթողումը շտկելու նպատակ ունի. օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանամերձ, լեռնային, ծայրամասային հողերի աճուրդային կարգով օտարման ժամանակ սահմանվում է մեկնարկային գնի նվազագույն շեմի կադաստրային արժեքի 50 տոկոսից ցածր շեմ` 30 տոկոս: Հեղինակներն առաջարկում են այս շարքում  ներառել բարձր լեռնային  կատեգորիայի հողամասերը:  

Ազգային ժողովը քննարկեց նաեւ «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը եւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակվի փետրվարի 3-ին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am