Փետրվարի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանձնաժողովին ներկայացրեց 2006 թվականի հունվարի 12-ին Աստանայում ստորագրված «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրամի մասին» համաձայնագիրը: Պարոն Մովսիսյանը նշեց, որ միանալով այս համաձայնագրին Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է Եվրասիական զարգացման բանկի գործունեության նպատակներին, սկզբունքներին, ինչպես նաեւ բանկի անդամ դառնալուց հետո ստանձնում է համաձայնագրով եւ բանկի կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները: Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի` Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ներդրումային գործունեության միջոցով նպաստել իր անդամ պետությունների տնտեսական զարգացմանը եւ նրանց միջեւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաեւ ամրապնդել միջազգային ֆինանսական համագործակցությունը:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված համաձայնագիրը կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:
Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական
հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվեց երկրորդ ընթերցման ընթացակարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը տեղեկացրեց, որ ներկայացված առաջարկներն ընդունվել են:
Քննարկման արդյունքում օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: