National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.09.2008
Հանդիպում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում

Սեպտեմբերի 3-ին մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց  «Եվրոպական գործընկերություն` հանուն ժողովրդավարության» կազմակերպության  անդամներին` ծրագրի ղեկավար Քրիստինա Պրուներովայի գլխավորությամբ:

Ներկայացնելով նորաստեղծ կազմակերպությունը` տիկին Պրուներովան նշեց, որ Հայաստանը առաջին երկրներից է, որ այցելում են եւ ցանկանում են համագործակցել: Իրենք  բազմաթիվ հանդիպումներ են ունեցել  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ  քաղաքական կուսակցությունների հետ եւ ուզում  են իրենց ջանքերն ուղղել աջակցելու  Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման խնդիրներին: 

Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նրանց առաքելությունը` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մանրամասն ներկայացրեց  հանձնաժողովի ձեւավորման սկզբունքները եւ կատարած աշխատանքը: Նշվեց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված են խորհրդարանական եւ  արտախորհրդարանական ուժերի  ներկայացուցիչներ,  հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը,  հանձնաժողովի հրավերը ընդունել  եւ նիստերին մշտապես ներկա են գտնվում ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները: Կարեւորելով ուսումնասիրվող հարցի վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու խնդիրը`  հանձնաժողովը դիմել է հասարակական ու միջազգային կառույցներին, դիվանագիտական առաքելություններին`  համապատասխան  նյութեր, տեսաժապավեններ ունենալու դեպքում հանձնաժողովին տրամադրելու խնդրանքով: Ի պատասխան հյուրերի հարցերի` հանձնաժողովի նախագահը մանրամասնեց հանձնաժողովի գործունեությունը` նշելով, որ աշխատանքները կազմակերպվում են մի քանի ուղղություններով. փաստահավաք գործունեություն, այցելություններ կալանավայրեր, հետեւել նախաքննական եւ դատական գործընթացներին:  Նշվեց, որ հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբերը այցելել են քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորներին, լսել նրանց բողոքները, հետեւել նրանց կենցաղային պայմաններին, առողջական վիճակին: Հանձնաժողովի նիստերը բաց են, մասնակցում են մեծ թվով լրատվամիջոցներ: Հանձնաժողովը լսել է ոստիկանության, դատախազության բարձրաստիճան ղեկավարներին, գործով քննչական խմբի ղեկավարին, քննիչներին, առողջապահության նախարարության փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրենին:  Նշվեց, որ ուսումնասիրությունները մտնում են նոր փուլ, երբ կարեւոր է դառնում փորձագիտական աշխատանքը եւ այս առումով կարեւորվեց փաստահավաք անկախ մասնագիտական խմբի ստեղծման  անհրաժեշտությունը: Պարոն Նիկոյանի խոսքով իրենց նպատակն է  հասարակությանը անաչառ եւ անկողմնակալ եզրակացություն ներկայացնելը, ինչը կարող է երկխոսության սկիզբը դառնալ, որի սաղմերը տեսանելի են:

Հավարտ հանդիպման  «Եվրոպական գործընկերություն` հանուն ժողովրդավարության» կազմակերպության  անդամները իրենց խոսքում կարեւոր համարեցին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի  կատարած մեծածավալ աշխատանքը եւ հաջողություններ մաղթեցին իրենց առաքելության իրականացման մեջ` կարեւորելով  երկխոսության կայացմանը նպաստելը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:
  




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am