ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի` օգոստոսի 15-ի հերթական նիստում հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց վերջին նիստից հետո հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին: Նշվեց, որ հանձնաժողովին էր դիմել Մյասնիկ Մալխասյանի փաստաբանը` մտահոգություն հայտնելով նրա առողջական վիճակի վերաբերյալ: Հանձնաժողովը նույն մտահոգությամբ միջնորդել է դատախազությանը, որ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Ըստ հանձնաժողովի նախագահի` մոտենում է հանձնաժողովի փաստահավաք գործողությունների ավարտը, հավաքվել են բավականաչափ փաստեր եզրակացությունների համար, թեեւ մի շարք փաստեր դեռ բավարար չեն. այսպես` օգտագործված ավտոմատ հրազենի տեսակի մասին համապատասխան մարմինները տեղեկություններ ներկայացրել են, բայց կատարվածի վերաբերյալ հստակ ու ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է իմանալ նաեւ, թե որ ստորաբաժանումներն են զենք ստացել, քանի հրազեն, քանի փամփուշտ է տրամադրվել, քանիսն են վերադարձվել:
Հանձնաժողովը դիմել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությանը` տեղեկություն ստանալու, թե Ազատության հրապարակում մարտի 1-ին քանի մարդ է դիմել բուժօգնություն ստանալու համար:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն առաջարկեց, որ մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների վերաբերյալ տեղեկություն տա նաեւ ընդդիմության ներկայացուցիչը, որպեսզի պատկերը ամբողջական լինի, ինչը ընդունվեց հանձնաժողովի կողմից եւ որոշվեց համապատասխան նամակ-առաջարկով դիմել ընդդիմությանը:
Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց նաեւ, որ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Աղասի Մկրտչյանին, որը հացադուլ էր հայտարարել եւ լքել էր դատական նիստերի դահլիճը` չհամաձայնելով իրեն ներկայացված ընտրակաշառք բաժանելու մեղադրանքին: Աղասի Մկրտչյանը հայտնել է, որ իրեն տվել են 800 հազ դրամ` հանձնաժողովականներին եւ վստահված անձանց վճարելու համար, ինչը կատարել է եւ նույնիսկ պակասող գումարը իր գրպանից է վճարել: Նա նաեւ պնդում է, որ իրեն քաղաքական դրդապատճառներով են կալանել: Պարոն Նիկոյանի գնահատմամբ` սեփական գրպանից կամ այլ միջոցներից աշխատավարձ տալը հակասում է ՀՀ Ընտրական օրենսգրքին. այդ վճարումները պետք է կատարվեին համապատասխան հաշվից: Ըստ հանձնաժողովի նախագահի` թեեւ ինքը չի ուզում եւ չի կարող միջամտել դատավարությանը, բայց դատարանը արդարադատություն իրականացնելիս հաշվի կառնի մեղադրյալի անցած ուղին եւ առողջական վիճակը:
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Ստեփան Մանուկյանը պարզաբանումներ ներկայացրեց 2008 թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարված տեղազննության արդյունքների վերաբերյալ: Նա ասաց, որ մարտի 1-ի առավոտյան ինքը մի քանի աշխատակիցների հետ 8.30-ի սահմաններում եղել է Ազատության հրապարակում, որտեղ իրադարձություններն ավարտվել էին, կատարվում էր հրապարակի պահպանություն, քննչական ծառայության ներկայացուցիչները, բաժանելով տարածքը, կազմում էին փորձագիտական խմբեր եւ տեղազննություն կատարում: Հրապարակից եւ նրա շրջակա տարածքներից առգրավվել են 3 ատրճանակներ, նռնակներ, փայտյա եւ մետաղե ձողեր, դյուրավառ հեղուկով շշեր, որոնք մասնագետների կողմից մշակվում էին` մատնահետքեր հայտնաբերելու նպատակով: Հետագայում դրանք կնիքավորվում էին եւ հանձնվում քննիչներին` համապատասխան արձանագրություն կազմելու համար: Նա տեղեկացրեց, որ իրեղեն ապացույց հանդիսացող այդ զենքերի վրա մատնահետքեր, որոնք կարող էին պիտանի լինել հետագա աշխատանքների համար, չեն հայտնաբերվել: Փորձաքրեագիտական վարչության պետը պատասխանեց նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում մատնահետքերին, իրեղեն ապացույցների տեսակներին եւ դրանց առգրավման վայրին:
Նիստի վերջում ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ հաջորդ երեքշաբթի օրը հանձնաժողովի նիստ չի գումարվի` ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրվելու պատճառով: