National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.05.2008
ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ազգային ժողովում

Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Սերժ Սմեսովը:

Հանդիպման սկզբում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ մարտյան իրադարձություններից հետո կատարված մի քանի քայլերի. նշվեց, որ ՀՀ նախագահը ստեղծել է աշխատանքային խումբ, որին անդամակցում են նաեւ ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության անդամ պատգամավորներ, որը ուսումնասիրելու է միջազգային տարբեր կառույցների կողմից Հայաստանին առաջադրված խնդիրները` դրանց լուծումներ առաջարկելու նպատակով: Ազգային ժողովում մեկ ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀԻՄԳ-ի փորձագետների հետ քննարկվել են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում արված փոփոխությունները եւ ձեռքբերված համաձայնությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր: Ապրիլի 25-ին փորձագետներին ուղարկվել է օրենքի փոփոխությունների հուշագրի հիման վրա մշակված նախագիծը եւ մինչեւ մայիսի 25-ը ակնկալվում է փորձագետների եզրակացությունը, որն ստանալու դեպքում` մայիսի 19-ին սկսվող քառօրյայում նախագիծն առաջին ընթերցմամբ կարող է ընդունվել, իսկ հունիսի 9-ի քառօրյայում` երկրորդ ընթերցմամբ` օրենքը լիովին համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: ԱԺ նախագահը իրազեկեց նաեւ, որ Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ` ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների  առաջարկությունների ուսումնասիրման եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի ու ընտրական գործընթացների կատարելագործման համար Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նշվեց, որ խմբում ընդգրկված են ԱԺ խմբակցությունների պատգամավորները, աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ  ԿԸՀ-ի,  ընտրական գործընթացներին մասնակցած քաղաքական եւ մասնագիտական կազմակերպությունների  ներկայացուցիչները,  որոնք ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ առաջարկություններ կունենան: Պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ մինչեւ հունիսի կեսերը դրանք կամփոփվեն եւ արդեն սեպտեմբերից` ձեւավորված առաջարկությունները հնարավոր կլինի քննակել նաեւ միջազգային փորձագետների հետ: Բացի այդ` Աժ խմբակցությունների հետ քննարկվել է նաեւ հեռուստաընկերությունների կողմից խորհրդարանի աշխատանքների հետագա լուսաբանման հարցը: ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ 1609 բանաձեւին, որով առաջարկվում է վերանայել հեռուստառադիոընկերության ազգային հանձնաժողովի ձեւավորման կարգը, եւ տարակուսանք հայտնեց այդ առիթով, որովհետեւ հանձնաժողովի ձեւավորման կարգն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որը արժանացել է Եվրախորհրդի բարձր գնահատականին: Նշելով, որ հավանական է ոչ ճշգրիտ ձեւակերպում, ԱԺ նախագահը հիշեցրեց, որ հանձնաժողովի անդամների կեսին նշանակում է ՀՀ նախագահը, կեսին` Ազգային ժողովը, եւ տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգի փոփոխությամբ նախատեսվում է ԱԺ-ի կողմից նշանակվելիք անդամների ընտրության կարգի ամրագրում:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին հետաքրքիր եւ կարեւոր համարելով ԱԺ նախագահի հաղորդած լուրերը` նշեց, որ Եվրամությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել ընտրական ու հետընտրական գործընթացները Հայաստանում եւ կարեւորում է քաղաքական գործունեության պատճառով կալանավորված անձանց ազատ արձակումն ու հանրահավաքների սահմանափակման վերացումը, երկրում բեւեռացման թուլացման նպատակով հասարակության տարբեր շահագրգիռ խմբերի միջեւ երկխոսությունը: Իսկ քաղաքական բանավեճի կայացման համար պարոն Սեմնեբին անհրաժեշտ համարեց հիմքերի ստեղծումը` որպես այդպիսին նշելով մարտի 1-ի եւ դրան հաջորդած դեպքերի անկախ հետաքննության անցկացումը, որի շուրջ տարբեր առաջարկություններ են հնչել` թե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներգրավման առնչությամբ: ԵՄ հատուկ ներկայացուցչի կարծիքով` Ազգային ժողովը մեծ դերակատարություն կարող է ունենալ ոչ միայն այդ հարցում, այլեւ` երկխոսության կայացման, թեպետ քաղաքական որոշ ուժեր, որ երկխոսությանը պիտի մասնակցեն, խորհրդարանից դուրս են: Պարոն Սեմնեբին, որ հանդիպել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, նշեց, որ իր տպավորությամբ` անցած հանդիպման համեմատ որոշակի փոփոխություններ են եղել` պատրաստակամություն կա ներգրավվել բուն քաղաքական գործընթացներում: Նրա գնահատականով` շատ կարեւոր է, որ երկխոսությունը կայանա քաղաքական մեծամասնության հետ:

Պարոն Սեմնեբիի խնդրանքով` ԱԺ նախագահը ներկայացրեց իր տեսակետները, նշելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների փոփոխությունը երեւաց նաեւ կոնգրեսի ժամանակ, եւ դա բնական է, որովհետեւ որոշակի ժամանակ է անցել, այնուհանդերձ` նրա ելույթն ակնհայտ դարձրեց, որ նա չգիտի, թե հետո ինչ է անելու: Ինչ վերաբերում է այլ հարցերին, ապա կարելի էր նկատել, որ գնահատականների որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել. նա մեղադրում է բոլորին` սկսած Հայաստանի իշխանություններից, վերջացրած եվրոպական կառույցներով, շարունակում է նենգափոխել ակնհայտ փաստերը եւ այլն:  Ի պատասխան ԵՄ հատուկ ներկայացուցչի մյուս հարցադրումների` Աժ նախագահը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ գոյություն չունի քաղաքական գործունեության համար ձերբակալություն, դա լավ գիտեն իրավապահ մարմինները, եւ եթե գործերի հետաքննության արդյունքում պարզվի, որ մարդիկ քաղաքական հայացքների համար են ձերբակալվել, կպատժվեն իրավապահները:
 
Անդրադառնալով երկխոսության կայացմանը` ԱԺ նախագահը կարեւորեց, որ այն չլինի վերացական եւ հստակ սահմանվի` ովքե՞ր ու ի՞նչ խնդրի շուրջ պիտի բանակցեն, բացի այդ` երկխոսությունը չի կարող նախապայմաններ ունենալ:
 
Անկախ հետաքննության անցկացման առնչությամբ նշվեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած զեկույցից հետո ակնհայտ է նրա տեսակետը հարցի վերաբերյալ, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու տարբերակը դեռ քննարկվում է Աժ քաղաքական ուժերի հետ: ԱԺ նախագահը համաձայնեց, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են ԱԺ-ում ներկայացված, բայց նաեւ հիշեցրեց, որ Սահմանադրության բարեփոխումների նպատակով ԱԺ-ում դարձյալ ստեղծվել էր ժամանակավոր հանձնաժողով, որի աշխատանքներին մասնակցում էին այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ` Ազգային ժողովը մշտապես բաց է ցանկացած կազմակերպության հետ քննարկումների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am