National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.4.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
18.04.2008
Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկրորդ նիստը Ստեփանակերտում


Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ ԱԺ -ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական նիստի շրջանակներում, Ստեփանակերտում հանդիպեց Արցախի պետական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ: Մինչ հանդիպումը` երկու խորհրդարանների նախագահները, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Համլետ Գրիգորյանը, դասախոսնեը ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտում զոհված 72 դասախոսների եւ  ուսանողների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Բացելով հանդիպումը` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ միջխորհրդարանական համագործակցության նիստերի շրջանակներում առաջին անգամ է նման քայլ ձեռնարկվում` հանդիպել համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին, նրանց հետ քննարկել հայկական երկու պետությունների քաղաքական, տնտեսական, գիտամշակութային խնդիրները:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով աշխատանքների շրջանակների ընդլայնմանը, նշեց, որ հետայսու այդ հանդիպումները ավանդույթ են դառնալու եւ ընդգրկելու են տարբեր հաստատություններ ու կազմակերպություններ` նաեւ Ստեփանակերտից դուրս, նաեւ սահամանամերձ բնակավայրերը, եւ վստահություն հայտնեց, որ այդ գործելաոճն ավելի գործնական ու արդյունավետ կդարձնի հանձնաժողովի աշխատանքները: Իր ելույթում Աժ նախագահը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում քննարկվող հայտարարության նախագծի մանրամասները` նպատակը, խնդիրները, դրանց իրագործման մեխանիզմները, այնուհետեւ անդրադարձավ հետընտրական գործընթացներին Հայաստանում: Պարոն Թորոսյանին ուղղված հարցերը վերաբերում էին թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը, թե ԼՂՀ-ի ճանաչմանը, թե Ադրբեջանի վարած քաղաքականությանը,  թե հայաստանյան իրադարձություններին, որոնք իրենց անմիջական արձագանքն են ունենում Լեռնային Ղարաբաղում: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ երկու պետությունների միջեւ որեւէ մեկին չի հաջողվի երբեք սեպ խրել` ինչ քայլեր էլ ձեռնարկվեն, եւ Հայաստանը  այսուհետ էլ հնարավորն անելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման ուղղությամբ` սերտ համագործակցելով ԼՂՀ նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի ու վարչապետի հետ: Հավարտ հանդիպման Արցախի պետական համալսարանի ռեկտոր Համլետ Գրիգորյանը` բուհի գիտական խորհրդի որոշմամբ, Աժ նախագահին պատվավոր դոկտորի դիպլոմ հանձնեց` բարձր գնահատելով նրա ինտելեկտուալ կարողությունները, հայրենանվեր գործունեությունը եւ բազմամյա գիտական աշխատանքները, որ կարող են օրինակ ծառայել երիտասարդների համար:
 

ԼՂՀ Ազգային ժողովում գումարվեց ՀՀ ԱԺ - ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը` օրակարգում ունենալով կարգավորման գործընթացի ներկա միտումների  խորհրդարանական դիվանագիտության խնդիրների, եվրոպական ինտեգրացիայի հետ կապված ծրագրերի հեռանկարների հարցերը` ԼՂՀ եւ ՀՀ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում, ինչպես նաեւ` քաղաքացիության եւ երկքաղաքացիության օրենսդրական սկզբունքները:

Բացելով նիստը` համանախագահները կարեւորեցին Հայաստանի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված մեկամյա ընդմիջումից հետո հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը եւ վստահություն հայտնեցին, որ նոր պատգամավորներով համալրված կազմով հանձնաժողովը կաշխատի արդյունավետ ու իր նպաստը կբերի երկու հայկական պետությունների հզորացմանը` ստեղծելով օրենսդրական հիմքեր առկա խնդիրների լուծման համար:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ներկայացրեց Հայաստանի Ազգային ժողովում քննարկվող ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագիծը` կարեւորելով, որ քննարկման ընդհատումը հնարավորություն տվեց մինչեւ հարցի քննարկման շարունակումը այն քննարկել նաեւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի գործընկերների հետ: 

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրեց ԼՂՀ ԱԺ խմբակցությունների ապրիլի երկուսի ընդլայնված նիստում քննարկված եզրակացության նախագիծը` ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի եւ դրանից բխող առաջնային քայլերի վերաբերյալ: Նշվեց, որ ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն», «Հայրենիք», «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբակցությունները անհրաժեշտ են համարում առաջարկել ԼՂՀ նախագահին եւ կառավարությանը գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության հետ միջպետական հարաբերությունների իրավական կանոնակարգման ուղղությամբ` նպատակ ունենալով ամրագրել համագործակցության առկա մակարդակը եւ նախանշել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներից բխող նոր գերակայությունները: Եզրակացության մեջ կարեւորված են ԼՂՀ անմիջական մասնակցությունը բանակցային գործընթացին եւ դրա փաստարկումը` որպես հնարավոր արդյունավետության նախապայման, ԼՂՀ Ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը եւ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը, իսկ մինչ այդ նախատեսվում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության համակարգում ստեղծել ռազմավարական վերլուծությունների եւ տեղեկատվության հարցերի  հատուկ աշխատանքային խումբ եւ վերջինիս առջեւ դնել քարոզչության ու կանխարգելիչ հակաքարոզչության կազմակերպման, համակարգման եւ տարածման խնդիրները, իսկ քարոզչության ու հակաքարոզչության հարցերում առավելագույնս օգտագործել արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների, հայկական սփյուռքի ներուժը, նաեւ` առավել հետեւողական կյանքի կոչել ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համակողմանի ջանքերը` այդ նպատակով լիարժեք ներգրավելով նաեւ խորհրդարանական դիվանագիտության, ՀՀ եւ սփյուռքի հնարավորությունները: 

Տեւական եւ հանգամանալից քննարկման ընթացքում պատգամավորներն առաջադրեցին բազում հարցեր, որոնք վերաբերում էին ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ու ճանաչման մանրամասներին, պատերազմի վերսկսման սպառնալիքին, ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներին ու տարածվող ապատեղեկատվության արդյունավետ հակազդման միջոցների գործադրմանը, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պետական կառավարման մարմինների համատեղ աշխատանքների կարեւորությանը: Նշվեց, որ երկու փաստաթղթերն էլ, որ մշակվել ու քննարկվում են երկու խորհրդարաններում, պիտի ծառայեն միասնական նպատակի` խնդրի կարգավորմանը: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նշելով, որ ՀՀ ԱԺ-ում քննարկվող հայտարարության նախագիծը հիմնովին լուսաբանված է մամուլում, անդրադարձավ հայտարարության մեջ հարցի նախապատմությունը` պատմաիրավական հիմնավորումները ներառելու առաջարկին` այն համարելով անտեղի, որ ծավալուն կդարձնի հայտարարության նախագիծը, մինչդեռ հայտարարության տեքստում ամեն ինչ ասված է` եւ անելիքների, եւ գործողության ծրագրի առումով: 

Օրակարգի երկրորդ` եվրոպական ինտեգրացիայի հետ կապված ծրագրերի հեռանկարները` ԼՂՀ եւ ՀՀ միջխորհրդարանական համագործակցության հարցի քննարկումը եւս մանրամասն ու տեւական էր: Երկու խոհրդարանների պատգամավորների առաջարկություններում կարեւորվում էր ԼՂՀ օրենսդրական դաշտի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին: Նշվեց, որ այժմ ԼՂՀ ԱԺ-ում օրենսդրական դաշտի համապատասխանեցման աշխատանքներ են կատարվում վերջերս ընդունված Սահմանադրությանը: Այս խնդիրը կարեւորելով` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ օրենքները պիտի բխեն Սահմանադրությունից, իսկ ԼՂՀ Սահմանադրությունը լիարժեք համապատասխանում է եվրոպական չափանիշներին:  Միաժամանակ, օրենքների մեխանիկական փոխադրումը ազգային օրենսդրական դաշտ չի կարող նշանակել եվրոպական ինտեգրում: Իվերջո` եվրոպական երկրներն էլ էապես միմյանցից տարբերվող օրենքներ ունեն, բայց նրանց միավորում են ընդհանուր արժեքները, որոնք պիտի վճռորոշ լինեն նաեւ այս դեպքում եւ կարեւոր պիտի լինի երկրի ավանդույթների ու կենսափորձի դրսեւորումն օրենքներում:   Առաջարկներ եղան ՀՀ ԱԺ-ում միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկումներում ներկայացնել նաեւ ԼՂՀ խորհրդարանի օրենսդրական փորձը, Հայաստանում քաղաքական ու տնտեսական ոլորտը կարգավորող օրինագծերի քննարկումների ժամանակ ներգրավել ԼՂՀ ԱԺ պատգամավորներին: Արձանագրվեց, որ անցած տարիներին իրապես մեծ աշխատանք է կատարվել ԼՂՀ ԱԺ-ում օրինաստեղծ գործունեության առումով` վերացվել է մահապատիժը մշակվել է Քրեական օրենսգիրքը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող օրենք է ընդունվել, նաեւ` դատական համակարգի բարեփոխումներ են կատարվել, իսկ մի քանի օր առաջ, համապատասխան օրենք ընդունելուց հետո, նշանակվել է նաեւ ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը: Առաջարկ եղավ նաեւ համատեղ մշակել միջազգային կոնվենցիաների ցանկ, որոնց ԼՂՀ-ն կարող է կամավոր միանալ:  Ամփոփելով հարցի քննարկումը` ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ հնչեցին կարեւոր առաջարկություններ, որոնց ամփոփումը կօգնի հարցին առավել կոնկրետություն հաղորդելուն:

Օրակարգի երրորդ` քաղաքացիության եւ երկքաղաքացիության օրենսդրական սկզբունքները եւ ԼՂՀ ժողովրդագրական իրավիճակի զարգացման հեռանկարների հարցի քննարկումը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պայմանավորեց համապատասխան օրենքի ընդունման անհրաժեշտությամբ, որի օրինագիծը նախապատրաստվում է: Այս հարցի շուրջ եւս եղած առաջարկությունները կամփոփվեն եւ կներառվեն օրինագծի մշակման ընթացքում:

ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջխորհդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի աշխատանքները երկու համանախագահները լրագրողների համար ամփոփեցին համատեղ մամլո ասուլիսում:
  
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպեցին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

ԼՂՀ վարչապետը քաղաքական իրադարձությունների համատեքստում կարեւորեց տնտեսական զարգացումները: Ըստ նրա` երկու պետություններում էլ կառավարության ղեկավարները, հանուն արդյունավետ համագործակցության կայացման, նախ պետք է ճշգրտեն անելիքները, կարգավորեն իրավապայմանագրային հարաբերությունները: Նա հատկապես կարեւորեց գերատեսչությունների միջեւ գործուն կապերի ստեղծումը, նշելով, որ դրանք հիմնականում ունեն հատվածային, իրադարձային լուծումներ կայացնող բնույթ` այդ նպատակով ԼՂՀ կառավարությունում քննարկումները ավարտելուց հետո նա մտադիր է հանդիպել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, քանի որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի առաջին նիստն է գումարվում երկու երկրներում էլ կառավարության ղեկավարների փոփոխությունից հետո, շնորհավորեց Արա Հարությունյանին` պաշտոնը ստանձնելու առիթով եւ վստահություն հայտնեց, որ նախկին պատգամավորը լավ հնարավորություն է ստացել հաջողությամբ իրականացնել նաեւ ԱԺ-ի ծրագրերը: Պարոն Թորոսյանը ՀՀ Ազգային ժողովի աջակցության պատրաստակամությունը հայտնեց նրա ձեռնարկումներին: Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն ավարտել է 2007թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, որ մեկ ամսից քննարկվելու է խորհրդարանում եւ վստահեցրեց, որ ուշադրության կարժանանա ԼՂՀ-ին պետական վարկի տրամադրման հոդվածի կատարողականը: ԱԺ նախագահը  կարեւորեց համագործակցության արդյունավետությանը նոր որակ հաղորդելը, քանի որ  երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացումը նոր որակ պիտի ապահովի երկու երկրների գործընթացներին եւ որակապես նոր կենսակերպ` երկու երկրների քաղաքացիներին: Համագործակցությունը կարեւորվեց նաեւ երկու պետությունների պաշտպանունակության եւ անվտանգության երաշխիքների իրավական հիմքերի ստեղծման առումով:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը. նրա հետ ամփոփվեցին այցի արդյունքները, որոնք երկուստեք գնահատվել են շատ արդյունավետ:

Ապրիլի 19-ին նախատեսվում է պատվիրակության հանդիպումը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am