National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.3.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.03.2008
ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը խորհրդարանում

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, որ մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պարոն Պրեսկոտին ներկայացրեց իր նկատառումները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո նման դեպքեր տեղի չունեցան, թեպետ նույն քաղաքական ուժերն էին մասնակցում: Առավելեւս, որ մայիսյան ընտրություններից հետո անցած ժամանակամիջոցում իրավիճակը երկրում ոչ թե վատացել, այլ` լավացել է` եւ բյուջեն է մեծացել, եւ թոշակներն են բարձրացել: Պարզապես կա մեկ էական տարբերություն` նախընտրական ամբողջ քարոզչության ընթացքում նախագահի թեկնածուներից մեկը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ մայիսյան ընտրություններին չէր մասնակցում, ատելության, չարության ու վրեժի կոչեր էր անում` ընդ որում ոչ միայն իշխանության, այլեւ ընտրությունների մյուս մասնակիցների նկատմամբ` նրանց անվանելով ‎ֆաշիստ, դավաճան ու տականք, քանի որ իրեն չեն աջակցում: Պարոն Թորոսյանի գնահատմամբ` կատարվածը բացարձակապես ձեռնտու չէր իշխանությանը, որի թեկնածուն 53 տոկոս ձայներ էր ստացել, 130-ից ավելի ընտրատեղամասերում ընտրություններից հետո կատարված վերահաշվարկի արդյունքում միայն 2 տեղամասերում էին ձայների էական  տարբերություններ արձանագրվել, այդ տեղամասերի հանձնաժողովների նախագահների նկատմամբ դատական գործ է հարուցված: Վերահաշվարկից հետո այդ տեղամասերում շատ ավելի նվազեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները, քան` Սերժ Սարգսյանի: Այնուհետեւ երկու թեկնածուներ դիմեցին Սահմանադրական դատարան, որը 10 օրվա ընթացքում պետք է վճիռ կայացներ: Ինչու՞ պիտի իշխանությունները, որ 9 օր հանդուրժել էին ապօրինի հանրահավաքները, նման քայլերի դիմեին: Աժ նախագահը հիշեցրեց, որ խորհրդարանը ԵԽ փորձագետների աջակցությամբ ընդունել է ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենք, որը պահանջում է  իրազեկել զանգվածային միջոցառման անցկացման ցանկության, տեղի, ժամանակի` սահմանում է պատասխանատուի մասին: Օրենքը նշում է, որ չի կարելի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ունենալ հանրահավաքի վայրում: Տեսանյութերը վկայում են, որ երբ ոստիկանությունը փորձել է խուզարկություն անցկացնել, մահակներով ու մետաղե ձողերով հարձակվել են ոստիկանների վրա: Այնուհետեւ անկարգությունները շարունակվել են այլ վայրում, որտեղ շուռ են տրվել ավտոբուսներ ու մեքենաներ եւ հասկանալի չէ, թե ինչու են խաղաղ ցուցարարները բարիկադներ կառուցում, պատերազմի պատրաստվում: Դա ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեցող իրադարձություններ են, որ վերածվել են քրեական հանցագործության, որի համար մեղավորները պետք է պատժվեն: Կատարված բարբարոսությունների ու վանդալիզմի դեպքերի կանխման համար այլ ելք չէր մնում, քան արտակարգ դրություն մտցնել: Աժ նախագահը նշեց, որ անգամ այդ իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է ընդունել հոգեւոր առաջնորդին` Վեհափառ Հայրապետին, որ հանդարտության հաստատման համար էր նրա տուն գնացել: Աժ նախագահի գնահատմամբ` կատարվածն ընտրութունների հետ կապ չունեցող իրադարձություններ էին, այլ ատելության, վրեժի դրսեւորումներ, որ դժբախտաբար մարդկային զոհերի հանգեցրին, եւ որի մեղավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որ անկախ իր քաղաքական հայացքներից, պարտավոր էր հանդարտեցնել իր կողմնակիցներին: Աժ նախագահը նշեց, որ լրիվ համաձայն է ԵԽԽՎ նախագահի հայտարարությանը, ըստ որի «ընտրությունների հետ կապված տարաձայնությունները պետք է լուծվեն Սահմանադրական դատարանում, այլ ոչ թե փողոցային բախումներով»: Նա իր անհամաձայնությունը արտահայտեց այն հայտարարություններին, որ պահանջում են երկխոսություն, ձերբակալվածների ազատ արձակում: Աժ նախագահի գնահատականով` նման հայտարարությունների հեղինակները ուղղակի վատ տեղեկացված են, որովհետեւ ձերբակալված են  քրեական հանցագործություններ կատարողները, որոնք  պետք է պատժվեն: Երկխոսությունն իհարկե անհրաժեշտ է, բայց ոչ թե ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ինչը ՍԴ-ի խնդիրն է, այլ երկրի հետագա ընթացքի, բարեփոխումների վերաբերյալ` բոլոր քաղաքական ուժերի հետ:

Պարոն Պրեսկոտը նշեց, որ իբրեւ Եխ քաղաքական գործիչ` իր դերն է օժանդակել դժվարին իրավիճակում հայտնված ԵԽ անդամ երկրին եւ առավելագույն ժողովրդավարական մասնակցություն ապահովել երկրի քաղաքական կյանքում: Եթե զանգվածային ցույցերով իրավիճակը ապակայունացնելու վտանգ կա, յուրաքանչյուր կառավարություն կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել վիճակը շտկելու համար: Բայց յուրաքանչյուր իրավիճակում կան տարբեր մեկնաբանություններ` թե ինչ է տեղի ունեցել, որի վերաբերյալ վերջնական եզրակացությունը պիտի դատարանները տան: ԵԽ-ի նպատակն է արդար գնահատական տալ ընտրությունների ընթացքին, այդպիսի գնահատական տրվել է քվեարկությունից անմիջապես հետո, նշելով, որ վերջնական գնահատականը կտրվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Նրա խոսքով` ժողովրդավարական կառույցների ստեղծման առումով Հայաստանում կա լուրջ առաջընթաց, բայց կա նաեւ վստահության պակաս այդ կառույցների գործունեության նկատմամբ: ՀՀ նախկին նախագահը, որ որոշակի պահանջներ է ներկայացրել Սահմանադրական դատարանին, պետք է քաղաքականապես նայի արտաքին աշխարհին եւ ցույց տա, որ ուզում է ոչ թե պատերազմ, այլ` խաղաղություն: Պարոն Պրեսկոտը նշեց, որ իր հաշվետվության մեջ նպատակ ունի նշել դրական քայլեր, որոնք կարող են նպաստել ԵԽ անդամ պետությանը ստեղծված վիճակից դուրս գալու համար եւ որպեսզի երկխոսության ոչ մի կողմ իրեն պարտված չզգա եւ քայլեր արվեն դեպի համաձայնություն:  Միայն Սահմանադրական դատարանը պիտի որոշի` արդար են եղել ընտրությունները, թե ոչ:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց քննարկել վստահության  եւ հանդուրժողականության խորացմանն ուղղված քայլերը եւ Երեւանում, եւ, անհրաժեշտության դեպքում, Ստրասբուրգում` նշելով, որ ԵԽԽՎ-ն կարող է մեծ դերակատարություն ունենալ իրավիճակի շտկման համար:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:     

 ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ  պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս ընդունեց  Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին: Հանդիպմանը ներկա էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Պարոն Պրեսկոտը նշեց, որ իր  արտահերթ այցի նպատակն է ուսումնասիրել իրավիճակը Հայաստանում կապված արտակարգ դրություն հայտարարելու հետ եւ հաշվետվություն ներկայացնել ԵԽԽՎ նախագահին եւ գլխավոր քարտուղարին: Հյուրի խնդրանքով պարոն Հարությունյանը ներկայացրեց Հայաստանում տիրող իրավիճակը արտակարգ դրություն հայտարարելուց հետո, հետընտրական գործընթացները, Սահմանադրական դատարանում նախագահական  ընտրությունները վիճարկելու մասին գործի քննության ընթացքը: Նշվեց,  որ գործի քննության համար հիմք են հանդիսացել ՀՀ նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Տիգրան Կարապետյանի դիմումները` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը վիճարկելու վերաբերյալ:

Կողմերի համոզմամբ Հայաստանում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի լուծման միակ ճանապարհը վստահության մթնոլորտի ստեղծումն է եւ քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը: Այս համատեքստում կարեւորվեց ԵԽԽՎ դերը երկխոսությունը սկսելու  եւ լուծումներ գտնելու առումով: Պարոն Պրեսկոտի  խոսքով` իրենց նպատակն է  ոչ թե մեղադրանքներ ներկայացնել կողմերին, այլ  օգնել  եւ քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ: Պարոն Հարությունյանի համոզմամբ ԵԽԽՎ դիրքորոշումը պետք է հստակ լինի, շահարկումներից խուսափելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am