National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.11.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
15.11.2007
«Երկրորդ փուլի բարեփոխումների առաջին բյուջեի նախագիծ»
Ազգային ժողովի նոյեմբերի 15-ի նիստում շարունակվեց «ՀՀ 2008 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ մտքերի փոխանակությունը:
 
Մկրտիչ Մինասյանը նշեց, որ 2008 թ. սոցիալական ուղղվածության բյուջեի նախագծի հիմքում դրվել են աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, միջնաժամկետ ծախսերի եւ ազգային անվտանգության ծրագրերը: Լիլիթ Գալստյանը, ողջունելով բյուջետային ավելացումները, մատնանշեց, որ մշակույթի ոլորտը «լուսանցքային» վիճակում է. անհրաժեշտ է վերանայել մշակույթի բնագավառի աշխատողների աշխատավարձերի չափը: Մարտուն Գրիգորյանին մտահոգում էր աղետի գոտու բնակարանաշինության, ասֆալտապատման եւ դպրոցաշինության խնդիրների արտացոլումը բյուջեի նախագծում: Անահիտ Բախշյանի գնահատմամբ` տրանսպորտային ծախսերի համար գումարներ պետք է տրամադրվեն Հայաստանի բոլոր մարզերին: Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ կառավարությանը չի հաջողվի իրականացնել իր գործունեության ծրագրի նպատակները` ըստ բյուջեի նախագծի: Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ` աննախադեպ է աճը գալիք տարվա պետական բյուջեում. միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրի շրջանակներում ձեւավորված ֆինանսական փաստաթուղթը նախատեսում է կոռուպցիայի դեմ պայքար, մասնագիտական որակների եւ աշխատավարձերի բարձրացում, գործարարության բարենպաստ պայմանների ստեղծում, աղքատության նվազեցում եւ բնակչության կենսամակարդակի բարձրացում: Հեղինե Բիշարյանը, չժխտելով բյուջեում արձանագրված առաջընթացը, ընդգծեց, որ անհրաժեշտ է բարձրացնել նաեւ սպորտդպրոցների, քոլեջների, երաժշտական դպրոցների մանկավարժների աշխատավարձերը: Արծվիկ Մինասյանը կարեւորեց ճիշտ եկամտային քաղաքականության իրականացումը: Լարիսա Ալավերդյանի համոզմամբ` բյուջեն չի համապատասխանում կառավարության 5 տարվա զարգացման ծրագրին: 

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն արտահերթ ելույթի իրավունքով 2008 թ. հիմնական տնտեսական փաստաթղթին անդրադարձավ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` ընդգծելով, որ կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում տարեցտարի ավելանում են իր ղեկավարած գերատեսչությանը տրամադրվող գումարները: Առողջապահության ոլորտին տրամադրվել է 53688.3 միլիոն դրամ` 2007 թ. համեմատ արձանագրելով 24 տոկոսի աճ, 20 տոկոսով բարձրացել է ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը: 2008 թ. գործելու է առողջապահական համակարգի արդիականացման ծրագիր:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ 2008 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերն ուղղված են սոցիալական խնդիրների լուծմանը եւ կազմում են 217430.3 միլիոն դրամ (2008 թ. ծախսերում ներառվել են ՀՀ սոցիալական ապահովագրության բյուջեի ծախսերը) կամ` 2007 թ. ծախսերը գերազանցում են 69282.2 միլիոն դ‎րամով:  Միջին ապահովագրական կենսաթոշակը բարձրացել է 65 տոկոսով, պետական նպաստների գծով եւս 3 մլրդ դրամի աճ կա, լուծվել է սոցիալական աշխատողների աշխատավարձերի խնդիրը, 900 մլն դրամ հատկացվել է հաշմանդամների կարիքների համար:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ իր ղեկավարած ոլորտի վարչական եւ ծրագրային ծախսերի համար տրամադրվող գումարն ուղղվելու է ռազմավարական խնդիրների լուծմանը, տնտեսության կայուն զարգացմանը, արտադրողականության բարձրացմանը: Գիտելիքային տնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա պահպանել արդյունաբերության բարձր տեսակարար կշիռը:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ 2008 թ. իր ղեկավարած գերատեսչությանը տրամադրվող հատկացումները միտված են երկրի էներգետիկ անվտանգության բարձրացմանը, էներգետիկայի զարգացմանը եւ տարածաշրջանային ինտեգրմանը: 2008 թ. նախատեսվում է իրականացնել 15 ծրագիր. Համաշխարհային բանկի աջակցությամբ կշարունակվեն վերականգնող էներգետիկայի վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը, տեխնիկական կանոնակարգերի ստեղծման ու մշակման աշխատանքները:

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ներկայացնելով 2008 թ. պետական բյուջեի նախագծի կառուցվածքը եւ հիմնական ծրագրերը, տեղեկացրեց, որ խոշոր ծրագրերից են գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման սուբսիդավորումը, բարձրարժեք սերմերի արտադրությունը, անտառապահպանման եւ անտառավերակագնման ծրագրերը: 500 մլն դրամ է տրամադրվելու տոհմային անասնագլխաքանակի ձեռքբերման համար:
 
2008 թ. հիմնական ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին խորհրդարանական խմբակցությունները:

«Ժառանգության» տեսակետը ներկայացրեց  Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա` 2008 թ. ֆինանսական փաստաթուղթը ոչ թե հավակնոտ ու զարգացման բյուջե է, այլ գոյատեւման: «Ժառանգությունը» առաջարկում է կառավարությանը պետական բյուջեի եկամուտները ամրացնել տնտեսության իրական հատվածին` ապահովելով ստվերային տնտեսության օրենքով հարկում բոլոր տնտեսվարող սուբյեկտներից: 

ՕԵԿ-ի դիրքորոշումը ներկայացնող Մհեր Շահգելդյանը կարեւորեց աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումը: Նա գտնում է, որ բյուջետային տարվա ընթացքում ցածր են վարկերը, գիտության ոլորտի 0,8 տոկոսի աճը չի կարող նպաստել բնագավառի զարգացմանը: Բյուջեի նախագիծը բարելավելու համար ՕԵԿ-ը կներկայացնի առաջարկներ:
 
Ներկայացնելով ՀՅԴ տեսակետը` խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը նշեց, որ բյուջեն ետ է մնում կառավարության 5 տարվա ծրագրից: Նա ողջունեց կենսաթոշակային համակարգի արտացոլումը բյուջեում, ուսուցիչների, բժիշկների, զինվորականների աշխատավարձերի բարձրացման միտումը, որը  պետք է նկատվի նաեւ մշակույթի ոլորտում: ՀՅԴ խմբակցությունը եւս պատրաստվում է առաջարկներ ներկայացնել կառավարությանը:

«Բարգավաճ Հայաստանի» տեսակետը ներկայացրեց Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա` 2008 թ. պետական բյուջեի նախագիծը գրոհային բյուջե է` եւ որակային, եւ ծրագրային տեսակետից:  Նշվեց, որ բյուջետային ավելացումները պայմանավորված են ստվերային տնտեսության կրճատմամբ: Նրա համոզմամբ` գալիք տարվա բյուջեն առավել թափանցիկ է, հասցեական ու մատչելի: Դիֆիցիտը 2008 թ. կկազմի 76 մլրդ դրամ, երբ 2007-ին կազմում էր 46 մլրդ դրամ: Խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

ՀՀԿ-ի տեսակետը ներկայացրեց Գագիկ Մինասյանը` նշելով, որ 2008 թ. պետական բյուջեի նախագիծը երկրորդ փուլի բարեփոխումների առաջին բյուջեն է: Որպես ստվերի դեմ պայքարի լավագույն ապացույց` պարոն Մինասյանը մատնանշեց հարկային եկամուտների 25 տոկոսի աճը: Նրա համոզմամբ` դինամիկ զարգացման նման պայմաններում Հայաստանը մի քանի տարում կդասվի միջին զարգացածության եվրոպական երկրների շարքում: Վերջին երեք տարիների գնաճը, չհաշված 2007 թ., կազմում է 3,6 տոկոս, որը ԱՊՀ երկրներում ամենացածր գնաճն է, աղքատության մակարդակը կազմում է 25 տոկոս, երբ մի քանի տարի առաջ 56 տոկոսից ավել էր, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը` 16,9 տոկոս: 

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն արտահերթ ելույթում նշեց. «Իսկապես` կարելի է տարբեր ածականներ օգտագործել 2008-ի բյուջեի նախագիծը գնահատելու կամ որակելու համար, բայց այս բյուջեի նախագծի իրական գնահատականը` երկրորդ սերնդի բարեփոխումների առաջին բյուջեի նախագիծն է: 

Նախ անդրադառնամ այն հարցին, որին անդրադարձել են մեր մի քանի գործընկերներ. ասվում էր, որ կառավարության գործունեության ծրագիրը բերվել է, բայց նախագիծը չի համապատասխանում կառավարության գործունեության ծրագրին: Ես կարծում եմ` ոչ թե չի համապատասխանում, այլ շատ ավելի է համապատասխանում, քան հնարավոր էր ենթադրել: Երեւի թե հետեւություններն արվում էին այն նկատառումով, որ 2008 թ. բյուջեով հնարավոր չէ կատարել կառավարության գործունեության ծրագիրը: Իսկապես այդպես է, բայց մի մոռացեք, որ կառավարության գործունեության ծրագիրը նախատեսված է հինգ, ոչ թե մեկ տարվա համար: Իհարկե, որոշ թվային տվյալներ, որ այս բյուջեի նախագծում դրված են, կարող են շփոթմունքի պատճառ դառնալ: Նույն` հարկերի հավաքելիության հետ կապված` հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ: Մեր գործընկերներն արդեն ասացին, որ 16,9 տոկոս է ենթադրվում 2008 թ. համար: Ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը բավականին համեստ ցուցանիշ էր դրել իր գործունեության ծրագրում` տարեկան պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ ՀՆԱ-ի նկատմամբ 0,3-0,4 տոկոս: Եթե մենք համեմատենք նախորդ տարվա եւ 2006 թ. ցուցանիշների հետ, այս աճը 2,5 տոկոս է: Իսկապես սա կարող է շփոթմունք առաջացնել, թե նման բյուջեն հենց 5 տարվա համար է նախատեսված: Մինչդեռ սա ընդամենը մեկ տարվա համար է նախատեսված: Ես համոզված եմ, որ կառավարությունը ոչ միայն 2008-ին պիտի այս ցուցանիշը իրականություն դարձնի, այլ շարունակելու է նույն տեմպերով հարկերի հավաքելիության մեծացումը, եւ վստահ եմ, որ արդեն եկող տարի Հայաստանը հաստատ վերջիններից մեկը չի լինելու ԱՊՀ-ում հարկերի հավաքելիության առումով: Ավելին, ասվեց` որ դա կոռուպցիայի դեմ պայքար չէ: Հարգելի գործընկերներ, փողերը օդից չեն առաջանում, ինչպես մեր հարգելի գործընկեր Զարուհի Փոստանջյանն ասաց` հարկերը չեն մեծացվել, հետեւաբար` որտեղի՞ց պիտի գումարները գան: Երկու ճանապարհ կա ընդամենը` զարգացում եւ ստվերային հատվածի կրճատում: Ուրիշ տեղից փող հնարավոր չէ, որ գա պետական եկամուտների հաշվին: Կամ` պիտի ընդունենք, որ այդքան մեծ զարգացում կա, կամ` պիտի ընդունենք, որ այդքան մեծ ստվերի կրճատում կա, կամ էլ կարելի է ավելի ողջամիտ դիտարկում ընտրել, ըստ որի` մի մասը զարգացման արդյունք է, իսկ մյուս մասը` ստվերային հատվածի կրճատման: Ուզում եմ հիշեցնել նաեւ այլ թվեր. կառավարության գործունեության ծրագրում հատկապես նշվում էր սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության ոլորտի պետական ծախսերի աճի մասին: Եթե 2008 թ. համար այս ոլորտների գումարային մասնաբաժինը նման մեծ աճ ունեցող բյուջեի մեջ կազմում է 47 տոկոս, էլ ի՞նչ է նշանակում, որ կառավարության գործունեության ծրագրին չի համապատասխանում այս բյուջեն: Եվս մեկ հարցադրում` կապված հարկերի հավաքելության հետ. ուզում եմ հիշեցնել, որ 2006 թ. մեր եկամուտները 490 միլիարդ դրամ էին, 2007-ին` 586, 2008-ին` 745 միլիարդ դրամ: 2007-2008` այս աճի մասին արդեն խոսվեց: Եթե 2008-ը 2006-ի հետ համեմատեք, կտեսնեք, որ 50 տոկոսի աճ է ստացվելու ընդամենը երկու տարվա ընթացքում: Ավելին` եթե դուք համեմատեք հարկային եկամուտներն ու պետական տուրքը, մի կողմ թողնելով պաշտոնական տրանս‎ֆերտները, այլ եկամուտները եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, կտեսնեք, որ աճը շատ ավելի մեծ է: 383 միլիարդ դրամ մի կողմից, մյուս կողմից` մոտ 600 միլիարդ դրամ` գրեթե երկու անգամ, ինչը չտեսնելը հնարավոր չէ: Ասվում է, որ արտահանումը զիջում է ներմուծմանը: Իհարկե, զիջում է: Բայց երկու հանգամանք կա, որոնց վրա հարկավոր է ուշադրություն դարձնել. առաջինը, որ տարիներ առաջ արտահանումը ներմուծմանը զիջում էր 4,4 անգամ, հիմա` երկու անգամից մի փոքր ավել: Շատ ավելի կարեւոր է մեկ այլ հանգամանք` էապես փոխվել է եւ արտահանումների, եւ ներմուծման կառուցվածքը: Ներմուծման հոդվածների առյուծի բաժինը ընկնում է այն ոլորտներին, որոնք ուղղված են արտադրությանը, սպառմանը չեն ուղղված: Դա թանկարժեք քարերն ու մետաղներն են, հանքահումքային նյութերն են, քիմիական արտադրության համար անհրաժեշտ նյութերն են... Ամեն ինչ պետք է անել, որ այժմ պահպանվող տարբերությունը կրճատվի, բայց դա կրճատելու համար պետք է զարկ տալ արտադրությանը: Սա է միակ ճանապարհը: Ցավոք սրտի, մենք դեռեւս չենք կարող մեր ռեսուրսների հաշվին այն ծավալի արտադրություն ունենալ, որ պահանջվում է այսօրվա զարգացման մակարդակի համար:

Ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա 9 ամիսների համար արտահանումն արդեն 23 տոկոս աճ է արձանագրել նախորդ տարվա համեմատ: Ընդ որում` առանց ադամանդների` 37 տոկոս: Եվս մի քանի թիվ` համախառն ներքին արդյունքը հասել է 3,5 տրիլիոն դրամի` 10,5 միլիարդ դոլարի: Իհարկե, բոլորը շատ լավ գիտեն դոլարի հետ կապված պատմությունը` նկատի ունեմ համաշխարհային շուկայում: Սակայն ինչպես էլ ուզում եք համեմատեք, այնուամենայնիվ, դոլարային արտահայտությամբ ցուցանիշները կարեւոր են այլ երկրների հետ համեմատությունների համար: Կարծում եմ` սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ որակապես փոխվում է երկրի զարգացման եւ ընթացքը, եւ ուղղությունը, եւ հիմքը: Ասվում է, որ կառավարությունը մշտապես նշում է, որ շարունակում է նախորդի գործունեությունը: Իհարկե` այդպես է. եւ այսօրվա, եւ վաղվա հաջողությունները նաեւ դրա արդյունք են, որովհետեւ նախորդ կառավարությունները մի քանի տարիների ընթացքում ստեղծել են այն կարեւոր հիմքը` տնտեսության մեջ, մեր կյանքում, որը հնարավորություն է տալիս այսօր եւ վաղը ունենալ այսպիսի ցուցանիշներ: Իսկապես` չափազանց կարեւոր է շարունակականությունը երկրի զարգացման մեջ, ոչ թե ամեն անգամ քանդենք եւ նորից զրոյից սկսենք այդ ամենն անել: Չէի ուզենա` տպավորություն ստեղծվի, թե մենք խնդիրներ չունենք: Իհարկե` ունենք, դրա մասին եւ բյուջեում է արձանագրված, եւ կառավարության գործունեության ծրագրում: Անշուշտ, լիովին համաձայն եմ այն գործընկերների հետ, ովքեր ասում են, որ մշակույթի ոլորտում պիտի լինեն ավելի մեծ հատկացումներ, գիտության ոլորտում, եւ այլն, եւ այլն... Բայց մեկ այլ հարց է կարեւոր` փողը ինքնանպատակ չպետք է հատկացվի, պիտի ‎ֆինանսավորվեն ծրագրեր: Մենք` այստեղ, այս խորհրդարանի պատգամավորների շարքում, նրանց հետ, ովքեր նախորդ խորհրդարանում նույնպես աշխատել են, ապահովել ենք մեկ կարեւոր բան` յուրաքանչյուր բյուջե, երբ բերվում էր խորհրդարան, բերվում էր համապատասխան ծրագրերի հետ: Այսինքն` մենք կարեւորել ենք ծրագրերի հիմքը բյուջեի համար, ոչ թե պարզապես թվերը: Թվերը վերացական, անդեմ թվեր են, որոնց հետեւում ոչինչ չկա, ճիշտ հակառակը` ծրագրերից է, որ պետք է բխեն ծախսերի թվերը: Ցավոք սրտի, ինչքան էլ ցավալի է դա ասել, բայց ոչ գիտության, ոչ մշակույթի ոլորտում չկա որեւէ ծրագիր, որ ներկայացված լինի կառավարություն եւ ‎ֆինանսավորման ենթակա չլինի: Եկեք ոչ թե թվերի մեջ գտնենք այդ ոլորտների թերությունները, որոնք ակնհայտորեն կան, այլ այն ծրագրերի բացակայության մեջ, որոնք պիտի մեր կյանքի համար այդ հիմնարար, կարեւորագույն ոլորտների զարգացման հիմքը լինեն: Ծրագրերն են կարեւոր` այս առումով մենք նույնպես լուրջ անելիքներ ունենք` մեր համապատասխան հանձնաժողովները պիտի տարվա ընթացքում կառավարության համապատասխան նախարարությունների հետ լրջորեն քննարկեն ծրագրերի ապահովումը: Ինչ վերաբերում է գիտությանը, ապա սա առանձին խոսակցության առարկա է, կարծում եմ` ի վերջո ոչ երկար ժամանակ անց այդ ոլորտը ունենալու է առանձին կառավարման մարմին` ինչպես կառավարության գործունեության ծրագրում է արձանագրված, եւ լուրջ բարեփոխումներ են իրականացվելու գիտության մեջ: Ակնհայտ է, որ սա պիտի ամրապնդվի եւ գիտության ու կրթության ոլորտում եւս բարեփոխումների էական վերանայումներ լինեն, որովհետեւ այն, ինչ կա կրթության ոլորտում, վստահ եմ, որ որեւէ մեկիս չի բավարարում: Եվս մեկ ագամ ուզում եմ ընդգծել` մենք, որպես ԱԺ, որպես կուսակցությունների ներկայացուցիչներ, նույնքան պատասխանատու ենք երկրի զարգացման համար, ինչքան կառավարությունը: Ոչ միայն, որովհետեւ մենք ենք հաստատում բյուջեն, այլ` մենք ենք, որ պիտի խթանենք, պիտի երբեմն նաեւ ստիպենք համապատասխան նախարարություններին ավելի արդյունավետ աշխատել:

Ինձ համար միանշանակ է, որ սա որակապես նոր բյուջե է, մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել` սա երկրորդ փուլի բարեփոխումների առաջին բյուջեն է, որը էապես փոխելու է մեր ժողովրդի կյանքը` քայլ-քայլ: Այնպես` ինչպես քայլ-քայլ փոխվել է   իրավիճակը ոչ սոցիալական ոլորտներում` որպես հիմք սոցիալական ոլորտներում այսօրվա եւ վաղվա հաջողությունների: Այս առումով` ես կարծում եմ, որ այս բյուջեն միանգամայն արժանի է աջակցության եւ միանգամայն արժանի է, որ Ազգային Ժողովը հնարավորինս մեծ ձայներով պաշտպանի այս բյուջեն: Իհարկե` ընդմիջում հայտարարելուց եւ պատգամավորների առաջարկները հաշվի առնելուց հետո: Ուզում եմ ընդգծել, որ անգամ չսպասելով այդ փոփոխություններին` որակապես այս բյուջեն բացառիկ է մեր երկրի 16 տարվա ամբողջ պատմության ընթացքում, եւ, կարծում եմ` այստեղ ԱԺ-ն նույնպես հպարտանալու հիմքեր ունի»
:   
      
Եզրափակիչ ելույթում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն անդրադարձավ պատգամավորների առաջարկներին: Նա ընդգծեց, որ աղետի գոտին գտնվում է կառավարության ուշադրության կետրոնում, բխում է եւ «Աղքատության հաղթահարման ռազմավարական» ծրագրից, եւ կառավարության գործունեության ծրագրից: Նախարարը տեղեկացրեց, որ հուլիսին կառավարությունը մտադիր է անդրադառնալ մշակույթի բնագավառի աշխատողների աշխատավարձերին: Նա կարեւորեց, որ երեք տարում Հայաստանը աղքատ երկրից վերածվել է միջին ցածր եկամուտ ունեցող երկրի, 2009 թ. նախատեսվում է հասցնել միջին բարձր եկամուտ ունեցող երկրի մակարդակի:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջին ընթերցմամբ քննարկվեցին «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի 11, 17, 18 եւ 20 հոդվածները: Հիմնական զեկուցող Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ ընդունվել է կրկնակի քվեարկությունից խուսափելու համար անձնագրի վերջում դրոշմակնիք դնելու վերաբերյալ ՀՅԴ խմբակցության առաջարկը: Լուծվել են նաեւ ըստ բնակվելու վայրի քվեարկության եւ քվեախցերի տեղակայման խնդիրները: Երկարացվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման ժամկետը:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Իրավական ակտերի մասին» օրենքում լրացմամբ նախատեսվում է նորմատիվ ակտերն ուժի մեջ մտցնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում լույս տեսնելու հաջորդ օրը: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարելով կարգավորվում է ընտրությունների վիճարկման համար ՍԴ դիմելու ընթացակարգը եւ ժամկետը:

Ազգային ժողովը ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:

15.11.2007
Նոյեմբերի 16-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
  ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, 2007 թվականի նոյեմբերի     16-ին, ժամը 10.00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am