National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
31.10.2007
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են բյուջետային քննարկումները


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում քննարկվեցին 2008 թվականի պետական բյուջեով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները: 

 Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ կրթության ոլորտին նախատեսվում է հատկացնել 103 մլրդ 684 մլն դրամ, ինչը 17 մլրդ դրամով ավելի է, քան 2007 թվականի հատկացումը: Ավելացումը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ: Հաջորդ տարի ուսուցիչների աշխատավարձը մեկ դրույքի հաշվարկով կհասնի 89000 դրամի: Կբարձրանան նաեւ վարչական  եւ ուսումնաօժանդակ անձնակազմերի,  ուսումնաօժանդակ դպրոցների անձնակազմերի աշխատավարձերը: 7 մլրդ դրամը հիմնականում կուղղվի հանրակրթության ոլորտում աշխատավարձերի ֆինանսավորմանը, 763 մլն դրամ կհատկացվի դպրոցական գույքի ձեռքբերմանը եւ վառելիքի ծախսերի վճարմանը: 512 մլն դրամ կհատկացվի «ավագ դպրոց» համակարգի ներդրման եւ կազմակերպման աշխատանքներին:

 Գիտության ոլորտին  կհատկացվի 6,8 մլրդ դրամ, որը  969 մլն-ով դրամով ավելի է 2007 թվականի հատկացումից:

Կրթության եւ գիտության ոլորտների վերաբերյալ ելույթ ունեցավ ԿԳ  նախարար Լեւոն Մկրտչյանը, ներկայացրեց հաջորդ տարի կրթության ոլորտում նախատեսված ծրագրերն  ու անելիքները: Ըստ պարոն Մկրտչյանի, հաջորդ տարի կրթության ոլորտում կիրագործվեն մի շարք ծրագրեր, որոնք որակական առումով դրական ազդեցություն կունենան ուսման տարբեր մակարդակներում:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց սպորտի, հանգստի, մշակութային ծառայությունների, արվեստի եւ հետուստահաղորդումների համար նախատեսված հատկացումները: Ըստ այդմ, սպորտի եւ հանգստի համար նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 164 մլն դրամ, մշակութային ծառայությունների համար նախատեսվել է 466 մլն դրամ ավելի գումար  2007 թվականի համեմատ: Արվեստի գծով հատկացումները կազմում են 3,2 մլրդ դրամ, այս մասով հատկացումները 2007 թվականի համեմատ պակասել են, քանի որ ընթացիկ տարում նախատեսված են եղել մեկանգամյա միջոցառումներ: Հեռուստահաղորդումների համար կհատկացվի 3200,4 մլն դրամ:

 Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ ոլորտի ֆինանսավորման հարցերին եւ տեղեկացրեց, որ հաջորդ տարվա բյուջեում նախատեսվել են հոդվածներ, որոնք նախկինում չեն եղել: Մասնավորապես, կֆինանսավորվի այն ծրագիրը, որը նախատեսում է ժողովրդական գործիքների  անվճար ուսուցում երաժշտական դպրոցներում: Նախարարը տեղեկացրեց, որ արդեն առկա են տվյալներ, որ ժողովրդական գործիքներով նվագել սովորող երեխաների թիվը մոտ 350-ով ավելացել է: 

Հաջորդ տարի նախատեսվում է վերանորոգել Երեւանի հանրային, կենտրոնական մանկական եւ երաժշտական գրադարանները:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրեց ոլորտների ֆինանսավորման ուղղությունները եւ ծրագրերը:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց, որ ոլորտին նախատեսվել է հատկացնել 105,510 մլն դրամ, որը կուղղվի պետական մարմնի պահպանման եւ քաղծառայողների պարգեւատրումներին:

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ   Ալեքսան Հարությունյանը նշեց, որ հաջորդ տարվա համար նախատեսված ֆինանսական հատկացումները էապես չեն փոխվել, նույնն է, ինչ վերջին հինգ տարիներին, հատկացումներն ավելացել են ընդամենը 11 մլն դրամով: Ակնկալվում է 425 մլն դրամի կոմերցիոն եկամուտ: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` պարոն Հարությունյանը նշեց, ու 2008 թվականի հունվարից կդադարեցվեն լատինաամերիկյան հեռուստասերիալների հեռարձակումները: 

Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանեցին պատգամավորների հարցերին, իսկ հանձնաժողովների նախագահներ Գագիկ Մինասյանը եւ Հրանուշ Հակոբյանը հետաքրքություն ներկայացնող որոշ հարցերի վերաբերյալ առաջարկեցին ներկայացնել տեղեկանքներ:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության եւ բնության պահպանության ոլորտների բյուջետային  ֆինանսավորման, բյուջեի եւ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի փոխհարաբերությունների շուրջ 2008 թվականի բյուջեի նախագծի գաղափարախոսությունը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը ներկայացրեց 2008 թվականի պետական բյուջեի նախագծի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարարության միջոցով  ֆինանսավորվող ծախսային ծրագրերը: Ըստ պարոն Վարդանյանի` 2008 թվականին սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսերը կկազմեն 217430.3 մլն դրամ: Նախարարը նշեց, որ «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 5260.92 մլն դրամի չափով ծախս: Աճը 2007թ. պետական բյուջեի նկատմամբ 2016.7 մլն. դրամով պայմանավորված է` կենսաթոշակի հիմնական չափի 2550 դրամով բարձրացմամբ,  կենսաթոշակառուների թվաքանակի աճով` 974 մարդ: «Ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն» ծրագրով ծախսերը կկազմեն 29408.0 մլն դրամ՝ 2007 թվականի 26429.8 մլն դրամի դիմաց: Աճը 2007թ. պետական բյուջեի նկատմամբ կազմում է 2978.2 մլն. դրամ պայմանավորված վառելիքի ծախսերի նախատեսմամբ` 1200.0 հազ. դրամ եւ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրված ընտանիքներում երրորդ եւ ավելի երեխա ծնվելու կապակցությամբ յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստի չափի բարձրացմամբ 100.0 հազ. դրամով: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրով նախատեսվում է 1,335.8 մլն դրամի չափով ծախս: Ըստ նախարարի` ծախսերը 2007 թվականի համեմատությամբ աճել են 9.8 մլն. դրամով, պայմանավորված է նրանով, որ հաշվարկներում հաշվի է առնված վերջին երեք տարիների ծնելիության միջին աճի տեմպը` 0.4%, պահպանվել է 2007թ. հաստատված միանվագ դրամական նպաստի չափը` 35 հազ. դրամ: 

 Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկայացնելով իր ղեկավարած ոլորտի նախատեսված բյուջետային հատկացումները` նշեց, որ 2008 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 53688.3 մլն դրամ: Ծախսերի աճը  2007 թվականի պետական բյուջեի ցուցանիշի նկատմամբ կազմում է 10471.0 մլն դրամ կամ 24.2 տոկոս: Ըստ նախարարի` առողջապահության ծախսերի ձեւավորումն ունի երկու հիմնական մոտեցում` առողջապահական գերակայությունների պահպանում եւ սոցիալական ուղղվածության ապահովում: Առաջնային բուժօգնության գծով 2008 թվականին նախատեսվում է 19040.0 մլն դրամ՝ 2007 թվականի 16686.3 մլն դրամի դիմաց կամ աճը կազմում է 14.1 տոկոս: Հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բուժհաստատություններում մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքը նախատեսվում է 11500 դրամ՝ 2007 թվականի 10200 դրամի դիմաց կամ աճը կազմում է 12.7 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է աշխատավարձի բարձրացման, դեղորայքի եւ բժշկական պարագաների, ինչպես նաեւ տնտեսական բնույթի ծախսերի ավելացման հետ: Պարոն Քուշկյանը տեղեկացրեց, որ բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է հասցնել մինչեւ 51.1 հազ դրամի, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը՝ մինչեւ 40 հազ դրամի: «Բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 26722 հիվանդանոցային դեպքի բուժում մոտ 2684.0 մլն դրամ գումարով՝ 2007 թվականի 25454 դեպքի եւ 2119.4 մլն դրամի դիմաց:

Ըստ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի` բնապահպանության ոլորտին 2008 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 1540.7 մլն դրամ, որից 1243.5 մլն դրամ գումարն ուղղվելու է ընթացիկ ծախսերին, իսկ 297.2 մլն դրամը՝ կապիտալ ծախսերին: Ձկան պաշարների համալրման համար նախատեսված է 80.0 մլն դրամ, որի հաշվին իրականացվելու է Հայաստանի հազվագյուտ եւ անհետացող ձկնատեսակների արհեստական վերարտադրությունը եւ դրանց մանրաձկների վերադարձը Սեւանա լիճ: Նախարարը նշեց, որ Սեւանա լճում սիգի, կարասի, խեցգետնի արդյունագործական պաշարների որոշման եւ պոպուլյացիայի վիճակի ու թվաքանակի գնահատման եւ հաշվառման նպատակով նախատեսվել է 4.0 մլն դրամ: Հանրապետության ջրային օբյեկտների եւ օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 100.6 մլն դրամ: Ըստ Արամ Հարությունյանի` «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը նախատեսվել է 400.8 մլն դրամ: Երկարաբանահետախուզական աշխատանքներին ուղղվելու է 41.0 մլն դրամ, որի շրջանակներում իրականացվելու են տարածաշրջանային երկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական, հիդրոերկրաբանական աշխատանքներ:

Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը նշեց, որ 2007 թվականի հաստատված բյուջեն նախատեսում էր կենսաթոշակային կամ սոցիալական ապահովության ծախսեր 106 մլրդ 734 մլն դրամի սահմաններում, իսկ 2008 թվականի բյուջեի նախագծում նախատեսված է ծախսեր 170 մլրդ 729 մլն դրամի սահմաններում: Ըստ պարոն Խաչիկյանի` ծախսերի ավելացումը քանակական տեսակետից կազմում է 63 մլրդ 951 մլն դրամ կամ 60 տոկոս: Հիմնական կենսաթոշակի չափը 4250 դրամի փոխարեն  2008 թվականին սահմանվել է 6800 դրամ, իսկ բազային կենսաթոշակի չափը 3000 դրամի փոխարեն` 5000 դրամ, ինչպես նաեւ ապահովագրական ստաժի մեկ տարվա  արժեքը գործող 230 դրամի փոխարեն սահմանվել է 395 դրամ: 2008 թվականին նախատեսվել է ունենալ մոտ 523 հազար կենսաթոշակառու:

Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կշարունակվեն բյուջետային քննարկումները :



31.10.2007
ԱԺ արտահերթ նիստ` նոյեմբերի 2-ին
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ   նախագահի  նախաձեռնությամբ, 2007 թ. նոյեմբերի 2-ին, ժամը 10.00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ՀՀ  ԱԺ ար...

31.10.2007
ԱՊՀ ՄԽՎ 29-րդ լիագումար նիստը Սանկտ Պետերբուրգում
Հոկտեմբերի 31-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները սկսեց  ԱՊՀ ՄԽՎ 29-րդ լիագումար նիստը` օրակարգում ունենալով  ԱՊՀ  մասնակից-պետությունների համաձայնեցված  միգրացիոն քաղաքականության իրավական  ապահովման, «Ինքնակառավարվող կազմակերպությունների մասին», «Համազգային...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am