National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.10.2007
Քննարկվեցին պաշտպանական ոլորտի կատարելագործմանը միտված օրինագծեր


Ազգային ժողովի հոկտեմբերի 23-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Քննարկվեց նաեւ 2006 թ. նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «ՀՀ եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ կենդանիների առողջության եւ անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը առաջին ընթերցման ներկայացրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի»  փոփոխություններով, որոնց արդյունքում նախաքննություն կատարելու իրավասություն է վերապահված նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ծառայող առանձին խումբ անձանց։ Նախագծերով նախատեսվում է օրենսդրական հիմք ապահովել պաշտպանության նախարարության քննիչների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը տեղեկացրեց, որ նախագիծը լրամշակվել է, հաշվի են առնվել պատգամավորների դիտողություններն ու առաջարկները: Ըստ նրա` դատաիրավական բարեփոխումների արդյունքում  անհրաժեշտություն է առաջացել պաշտպանության նախարարության ենթակայությամբ ստեղծել քննչական հատուկ ստորաբաժանում: Օրինագծով զինվորական ոստիկանության քննիչները համարվելու են զինծառայողներ: Նա տեղեկացրեց, որ ռազմականացված ստորաբաժանումները պիտի գործեն գլխավոր շտաբի ենթակայությամբ:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին հետաքրքրում էր, թե ինչո՞վ է պայմանավորված ռազմական ոստիկանությանը քննչական գործառույթից զրկելը: Արթուր Աղաբեկյանը պարզաբանեց, որ զինվորական ոստիկանությունը քաղաքացիական վերահսկողություն իրականացնող կառույց է, որը չի կարող իրականացնել նաեւ քննչական գործառույթներ:

ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Զարուհի Փոստանջյանը գտնում են, որ օրինագծերի ընդունման հարցում շտապողականություն կա: Պատգամավորները կարեւորեցին զինվորական հանցագործությունների բացահայտման գործում նոր մեխանիզմների կիրառումը, քննիչների անկախության ապահովումը: 

Ներկայացնելով «Ժառանգության»  տեսակետը` Արմեն Մարտիրոսյանը կարեւորեց դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները` նշելով, որ չպետք է շտապողականություն ցուցաբերել օրինագծի ընդունման հարցում եւ պետք է ապահովել պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող քննիչների անկախությունը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը նշեց,  որ առաջին անգամ «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ պետք է հստակ սահմանվի խորհրդարանի դերը պաշտպանության ոլորտում, որը հնարավորություն կտա հայոց բանակը դարձնել առավել հզոր եւ մարտունակ:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, եզրափակիչ ելույթում անդրադառնալով պատգամավորներին հետաքրքրող հարցերին, տեղեկացրեց, որ մինչեւ դեկտեմբերի մեկը պետք է ստեղծվի քննչական մարմինը, այլապես եթե լինեն զինվորական հանցագործություններ, ապա չի լինի գործը քննող դատավարական սուբյեկտ: Նա հիշեցրեց, որ քննիչների անկախության երաշխիքները սահմանված են «Քրեական դատավարության օրենսգրքով»: Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործությունները քննելու են հատուկ ծառայության քննիչները:

Արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը օրենսդիրների քննարկմանը ներկայացրեց 1953 թ. մարտի 31-ին Նյու Յորքում ստորագրված «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիան, որի վավերացումը նախատեսված է «ՀՀ կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման մասին» ազգային ծրագրով: Կոնվենցիայի նպատակն է իրագործել ՄԱԿ-ի Կանոնադրության եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված տղամարդկանց ու կանանց իրավահավասարության սկզբունքը, որը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը: Պարոն Ղարիբջանյանի համոզմամբ` կոնվենցիայի վավերացումը կնպաստի  ժողովրդավարության խորացմանը, քանի որ երկրի քաղաքական եւ հասարակական կյանքին կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցության ապահովումը հանդիսանում է ժողովրդավարության չափանիշներից մեկը:

Ներկայացնելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` Էռնեստ Սողոմոնյանը տեղեկացրեց, որ Հայաստանը կոնվենցիան վավերացնող 121-րդ պետությունն է եւ Կոնվենցիայով  պարտավորվում է իրականացնել կանանց եւ տղամարդկանց հավասար հիմունքներով բոլոր ընտրություններում քվեարկելու իրավունքը, հնարավորություն տալ կանանց զբաղեցնելու պետական պաշտոններ եւ կատարելու օրենսդրությամբ սահմանված պետական գործառույթներ:

«Ժառանգության» տեսակետը ներկայացնելով` Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը ողջունում է կոնվենցիայի վավերացումը, որի ընդունմամբ անհրաժեշտ են նաեւ ֆինանսական հատկացումներ:

Եզրափակիչ ելույթում ԱԺ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, անդրադառնալով ‎ֆինանսական հատկացումներին, ճշտեց, որ դրանք արվելու են «ՀՀ կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման մասին» ազգային ծրագրով:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ նրա` պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտի ներդրման նպատակն է ոլորտում կիրառել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ, նպաստել ՊՆ համակարգի, զինված ուժերի կառավարման թափանցիկության ապահովմանը: ՊՆ համակարգում քաղաքացիական հատուկ ծառայություն ունեցող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիները զինծառայողներին հավասար անձինք են համարվելու:

Հարակից զեկուցող ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի գնահատմամբ` պաշտպանական ոլորտում քաղաքացիական պաշտոնների ներդրումը քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու հնարավորություն է ընձեռում: Պարոն Աղաբեկյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամները ներկայացրել են առաջարկներ եւ դիտողություններ, որոնք հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը լրամշակելիս:

Օրենսդրական փաթեթի շուրջ քննարկումները կշարունակվեն խորհրդարանի հոկտեմբերի 24-ի նիստում:

ԱԺ կանոնակարգի համաձայն` խորհրդարանի նիստն ավարտվեց ԱԺ պատգամավորների հայտարարություններով:


23.10.2007
Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման խնդիրները
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, որին մասնակցել են երկու երկրների դեսպանները, ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ԻԻՀ արտաքին գործերի նախարար, միջկառավարական հանձնաժողո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am