National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.07.2007
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն Ազգային ժողովում

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ  Փերինային:

Պարոն Փերինան նշեց, որ բազմիցս եղել է  Հայաստանում, բայց միշտ կարճատեւ այցերով, եւ ուրախ է համեմատաբար երկար ժամանակով մեր երկրում լինելու հնարավորության համար: Նա կարեւորեց ԱՄՆ մշտական դեսպանի ներկայությունը Հայաստանում, որը բխում է թե ԱՄՆ-ի, թե Հայաստանի շահերից, եւ նշեց, որ Վաշինգտոնում աշխատում են այդ հարցը հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ, իր խնդիրը պարոն Փերինան համարեց այս կարեւոր շրջանում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը նպաստելը:

ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանը եւս կարեւորեց մշտական դեսպանի ներկայությունը`  նշելով, որ դա ԱՄՆ-ի ներքին խնդիրն է, իսկ ժամանակն իսկապես կարեւոր է` խորհրդարանական ընտրություններից հետո, որ արժանացան միջազգային կառույցների բարձր գնահատականին` իբրեւ հետխորհրդային շրջանում լավագույնը, եւ նախագահական ընտրություններից առաջ, որոնք եւս պետք է ժողովրդավարական չափանիշներին առավելագույնս համապատասխանությամբ անցկացնել` ձեւավորելով ընտրական լավագույն ավանդույթ: Այս շրջանը ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց նաեւ այն առումով, որ խորհրդարանական ընտրություններից հետո ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունների քաղաքական դրույթները, եւ քաղաքական բարեփոխումների ասպարեզում եւս բոլոր հնարավորությունները կան արձանագրելու այնպիսի հաջողություններ, որոնց Հայաստանը հասել է տնտեսական ոլորտում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան  կարեւորելով Ազգային ժողովի դերը բարեփոխումների գործընթացում`  պատրաստակամություն հայտնեց նպաստել այդ աշխատանքների հաջողությանը` նշելով, որ խորհրդարանի հետ համագործակցության հայեցակարգային փաստաթուղթ է մշակվում, որը առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովին` համատեղ քննարկումների նպատակով:

Համագործակցության առումով ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց բազմակուսակցական համակարգի կայացմանն ու զարգացմանը նպաստելը` նշելով, որ իշխանությունն ու ընդդիմությունը նույն մարմնի տարբեր մասերն են եւ ընդհանուր խնդիրներ ունեն, եւ մեկի թուլությունը նաեւ մյուսի թուլությունն է: Պարոն Թորոսյանը, խորհրդարանի լիազորությունների ընդլայնման շրջանակում անդրադարձավ նաեւ ԱԺ աշխատակազմին` նշելով, որ այն պետք է լինի աշխատունակ եւ կարողանա պատգամավորներին անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը ցույց տալ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ խնդիրներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am