National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
30.09.2025
Չափումների միասնականության ապահովման բնագավառում կհստակեցվեն կարգավորումները
1 / 3

Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում: Առաջարկվում է ընդլայնել օրենքի կարգավորման առարկան: Կսահմանվեն պահանջների, մեծությունների, չափման միավորների, չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների եւ մեթոդների կիրառման ու պահպանման վերաբերյալ դրույթներ: Վերանայվել եւ ճշգրտվել են մի շարք սահմանումներ, նոր տերմիններ են ներդրվել՝ սոցիալական եւ տնտեսական նշանակություն ունեցող չափման միջոց, մասնավորպես` չափման մեթոդ, չափման ռեֆերենս մեթոդիկա, չափածրարված արտադրանք, չափագիտության խորհուրդ եւ այլն: Վերանայվել են Կառավարության լիազոր մարմնի գործառույթները՝ ընդգրկելով պետական քաղաքականության մշակում, միջազգային ուղեցույցների ներմուծում: Սահմանվել են չափիչ սարքերի եւ չափածրարված արտադրանքի նկատմամբ պահանջները, հստակեցվել են Չափագիտության ազգային մարմնի լիազորությունները: Կառավարման խորհուրդը վերաձեւակերպվել է՝ որպես ավելի թափանցիկ եւ բազմակողմանի կառավարման մարմին: Տեսչական մարմնի լիազորություններն են ընդլայնվել՝ ներառելով փաստաթղթերի ստուգման եւ տեխնիկական միջոցներով վերահսկողության գործառույթների իրականացումը, օրինակ՝ տեսանկարահանում կամ լուսանկարահանում:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ու խոսել նաեւ բովանդակային փոփոխությունների մասին: Դրանցից մեկը վերաբերում է չափածրարավորված արտադրանքին: Օրինակ՝ նախկին կարգավորումներով տեսչական մարմինները փաթեթներով վաճառվող 0,5 կգ բրնձի կամ 700 մլ գինու չափը ստուգելու իրավունք չունեին: Օրինագծով այդ հնարավորությունը տրվում է:

Հաջորդը ոչ ավտոմատ կշեռքի կիրառման մասին է: Խանութների կշեռքները պետք է ստուգվեն ու ստուգաչափվեն, ինչպես ԵՄ անդամ երկրներում է:

Օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտություն կլինի, որով գազ լցնող սարքերի ծրագրերը միանալու են պետական ծրագրին, եւ պետությունը հնարավորություն է ունենալու տեսնել՝ կա՞ միջամտություն, թե՝ ոչ: «Այժմ կա հնարավորություն, որ միջամտություն լինի, հենց բենզալցակայանում, գազալցակայանում քիչ բենզին կամ գազ լցնեն ու դրա փոխարեն շատ ցույց տան: Այդ փոփոխությունը համակարգչով ցույց է տալու պետական վերահսկողության մարմնի սարքավորման վրա»,- նշել է նախարարը: Արդյունքում՝ կբարձրանա սպառողների վստահությունը, սպառողների շահերն ավելի պաշտպանված կլինեն, չափումները կլինեն արդար ու թափանցիկ, կբարձրանա պետական վերահսկողության արդյունավետությունը, տնտեսության ու հասարակության համար կարեւոր ոլորտներում չափումների արդյունքները կլինեն ավելի վստահելի:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալեքսանդր Ավետիսյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am