Նոյեմբերի 10-ին արտահերթ նիստում ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել օրակարգային վերջին հարցը` «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը եւ դրան առնչվող Հողային եւ Քաղաքացիական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները:
ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը անընդունելի համարեցառաջինընթերցումից հետո հապճեպ առաջարկներիամփոփաթերթ ներկայացնելու ընթացակարգը, որի պատճառով ամփոփաթերթից դուրս են մնացել նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկները: Նրա գնահատմամբ` օրինագծում համակարգային փոփոխություններ չեն արվել, հանրային շահի բնորոշումը հստակ չէ, դրա վերաբերյալ մշակված մեխանիզմները բացակայում են:
ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանի կարծիքով` հանրային գերակա շահը ճանաչելու հարցը պետք է վերապահել Ազգային ժողովին եւ ոչ թե կառավարությանը, գերակա շահի սահմանումը հստակ չէ, անտեսված է հասարակական կարծիքը: Պետությունը ինքը պետք է քաղաքացիների հետ կնքի սեփականության օտարման մասին պայմանագիր եւ նոր միայն համագործակցի կազմակերպությունների հետ` պաշտպանելով քաղաքացու շահը: Այս եւ այլ հարցերին վերաբերող «Արդարություն» խմբակցության առաջարկները ոչ միայն հաշվի չեն առնված, այլեւ ներառված չեն ամփոփաթերթում:
ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի գնահատմամբ` ներկայացված նախագիծը հակաժողովրդական է, նպատակ ունի պաշտպանել մի խումբ մարդկանց շահերը: Խախտված է մարդու եւ սեփականության իրավունքների սահմանադրական նորմը, ինչի համար 27 ստորագրությամբ կդիմեն Սահմանադրական դատարան:
«Արդարություն» խմբակցության տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ` այս նախագիծը 5 անգամ ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը եւ 4 անգամ խորհրդարանը մերժել է. առանց էական փոփոխությունների օրինագիծը նորից Ազգային ժողով բերվելու փաստը, ըստ նրա, իրավունք է տալիս ասելու, որ խորհրդարանը դարձել է կառավարության կցորդը:
ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը եզրափակիչ ելույթում տեղեկացրեց, որ առաջարկների մի մասը, որոնք հակասում են կառավարության այս հարցում որդեգրած սկզբունքներին, չեն ընդունվել, իսկ սեփականատիրոջ իրավունքներն ամրապնդող առաջարկները հաշվի են առնվել: Ըստ նրա` անընդունելի է, որ գերակա շահը որոշվի օրենքով. օրենքով պետք է կարգավորվի միայն օտարման կարգը. դա հնարավորություն կտա սեփականատիրոջը իր իրավունքները պաշտպանելու դատարանում: Սեփականատիրոջ շահերից չի բխի նաեւ, եթե պետությունը գնի քաղաքացու սեփականությունը եւ հետո օտարի կազմակերպությանը, քանի որ կազմակերպությունները ավելի բարձր վճար են առաջարկում քաղաքացուն: Եթե կազմակերպությունն է իրականացնում հանրային շահը եւ խախտվում է քաղաքացու շահը, փոխհատուցման համար պատասխանատու է պետությունը. քաղաքացին այս դեպքում էլ պաշտպանված է: Արդարադատության փոխնախարարի գնահատմամբ հանրային շահի բնորոշումը հստակ է եւ ամբողջական:
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն առաջարկել է արտահերթ նիստում քննարկված օրինագծերը քվեարկել Ազգային ժողովի քառօրյա նիստում, ուստի սպառելով օրակարգը`Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը: