National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
1 / 9

Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ (2022 թվականին` 469 միլիոն 543 հազար դրամ): 2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 միլիոն 367 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները հանձնվել են Պատմության թանգարանին՝ պատասխանատու պահպանության: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ մայիսի 3-ին խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը:

2023 թվականի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1404 դեպք (2022 թվականին` 898): 2022 թվականի համեմատությամբ՝ այս տեսակ հանցագործության դեպքերն աճել են 506-ով կամ 56.3 տոկոսով: 2023 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով դատի է տրվել 152 պաշտոնատար անձ, 2022 թվականին՝ 63 պաշտոնատար անձ:

Հաշվետու տարում նախաքննական մարմինների վարույթում քննված 3556 կոռուպցիոն բնույթի քրեական վարույթից ավարտվել է 908-ը (2022 թվականին՝ 567), որոնցից 306 քրեական վարույթ՝ 757 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Նշվել է, որ 2023 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 1 միլիարդ 365 միլիոն 324 հազար դրամի գույքային վնաս. 2023 թվականի ընթացքում դատարաններում քննվել եւ ավարտվել են կոռուպցիոն բնույթի 149 քրեական գործ՝ 249 անձի վերաբերյալ:

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք: 2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8.1 տոկոսով:

Աննա Վարդապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով դատական համակարգում ծանրաբեռնվածության թոթափմանը, ընտանեկան բռնության բացահայտելիության աճին, ուշացած արդարադատությանը:

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հետաքրքրվել է, թե «Մարտի 1-ի» գործով ինչ նորություններ կան: «Երբ մենք անցյալ տարի քննարկում էինք, բացի անձամբ ծանոթանալուց, ես նշեցի, որ քննչական խումբ չի աշխատում գործի վրա, չնայած որ գործը շատ ծավալուն է: Շատ կարճ ժամանակահատվածում ձեւավորվեց քննչական խումբ, որը սկսեց ավելի ինտենսիվ զբաղվել վարույթով»,- ասել է Գլխավոր դատախազը՝ հավելելով, որ վարույթից առանձնացվել է մաս, որն ուղարկվել է դատարան եւ վերաբերում է «Մարտի 1-ը» քննող քննչական խմբի քննիչներից մեկին՝ Արմեն Հակոբյանին, ում վերաբերյալ գործը գտնվում դատարանում: Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ կան ներկայացված լրացուցիչ փամփուշտներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

«Մարտի 1- ի գործով դատապարտված ցուցարարների հետ կապված ընթացակարգ կա, Վիրաբյանի եւ այլոց գործերով Եվրոպական դատարանի վճռի հիման վրա Վճռաբեկ դատարանը վերանայում է դատական ակտերը՝ 2023 թվականի ընթացքում 16 անձի վերաբերյալ արդարացման դատական ակտ է կայացվել, նախկինում Մարտի 1-ի համար դատապարտված՝ խոսքը վերաբերում է ցուցարարներին»,- նշել է զեկուցողը: Անդրադառնալով լրացուցիչ փամփուշտներին՝ Գլխավոր դատախազը նշել է, որ դրանք նոր են ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին՝ քաղաքացիները սկսել են վստահել եւ ներկայացնել այն, ինչ իրենց մոտ պահպանվել է:

Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմի հետ կապված Հայաստանում երկու վարույթ է հարուցվել, որոնք վերաբերում են ադրբեջանական ագրեսիային, եւս մեկ վարույթ հարուցվել է Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանման հետ կապված՝ միջազգային բնույթի հանցագործությունների հիմքով: Ըստ հիմնական զեկուցողի՝ երկու վարույթն էլ հրապարակային քննարկման ենթակա չեն:

Մտքերի փոխանակության ձեւաչափով պատգամավորներն անդրադարձել են հաղորդման ընթացքում Գլխավոր դատախազի հնչեցրած ցուցանիշներին, ընտանեկան բռնությանը վերաբերող խնդիրներին ու վիճակագրական տվյալներին, երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձել է նաեւ քարտեզների գաղտնիության, դրանց հրապարակման պահանջին՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում շատ կարեւոր նրբություններ են արծարծվում: Նա նշել է, որ ինչ-որ պահի դրանք հրապարակվելու են՝ ընդգծելով, որ ժողովրդից ոչ մի գաղտնիք չկա:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արտահերթ ելույթում նշել է, որ ստեղծված պայմաններում ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության երաշխավորման, ամրապնդման, ապահովման լավագույն ճանապարհը լեգիտիմության սահմաններին կանգնելն է: Նա ընդգծել է, որ պետք է ապավինել միջազգային իրավունքին, միջազգայնորեն ճանաչված սահմաններին եւ պետք է տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանել հարեւան երկրների հետ հարաբերությունները կարգավորելով:

Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 6-ի ԱԺ նիստում:


14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրանք նախ հանդես են եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am