Հանձնաժողովի վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ՝ առանց իշխանությունների միջամտության. նշել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ԱԺ ապրիլի 30-ի հերթական նիստում ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:
ՀՌՀ նախագահը տեղեկացրել է, որ հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ցանցային օպերատորներին, լիցենզավորված եւ հեղինակազորված հեռուստառադիոընկերություններին գրավոր պաշտոնական հարցում է ուղարկում եւ հետաքրքրվում՝ արդյոք իշխանության տարբեր ճյուղերի կողմից եղե՞լ են խմբագրական կամ կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու դեպքեր: Նրա խոսքով բողոքներ չեն ստացվել, որոնք հանձնաժողովի միջամտության կարիքն ունեն:
«Մենք շարունակում ենք բախվել ապատեղեկատվության, ատելության խոսքի հետ, սակայն մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ատելության խոսքն արդեն երրորդ տարին շարունակ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների եթերում էականորեն պակասել է»,- նշել է բանախոսը: Ըստ նրա՝ բացասական բովանդակությունը մեծամասամբ տեղափոխվել է համացանցում գործող կայքեր, լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր:
Զեկուցողը նաեւ տեղեկացրել է, որ ցանկացած օտարերկրյա հաղորդում, հաղորդաշար հանձնաժողովի կողմից համապատասխան եւ կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե ատելություն տարածի մեր պետության ու ժողովրդի նկատմամբ, միջամտի մեր ներպետական խնդիրներին, կասկածի տակ դնի մեր ինքնիշխանությունը, զբաղվի սադրիչ գործողություններով: Տիգրան Հակոբյանի խոսքով լրատվական դաշտն ունի բազմաթիվ խնդիրներ. ոլորտի վրա բացասաբար ազդում են բազմաթիվ գործոններ, որոնց մասին նշվել է նախորդ տարիների հաղորդումներում:
Խոսելով հանձնաժողովի գործունեության թափանցիկության եւ անկախության մասին՝ Տիգրան Հակոբյանը նշել է, որ կարգավորող պետական մարմինը, նրա անդամները եւ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց լիազորություններն իրականացնում են անկախ եւ ենթարկվում են միայն օրենքին: «Հանձնաժողովը գործել է միմիայն ՀՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը համապատասխան: Նախորդ տարի բոլոր որոշումները կայացվել են առանց արտաքին միջամտության եւ ազդեցության՝ հենվելով կոլեգիալության սկզբունքի վրա»,- ասել է ՀՌՀ նախագահը:
Նա տեղեկացրել է, որ հաճախ հանձնաժողովի անաչառությունն ու արհեստավարժությունը դրվում է կասկածի տակ՝ խոսում են իշխանությունների կողմից իջեցված քաղաքական պատվերի կատարման մասին, սակայն այդ մեղադրանքները չեն հիմնավորվել որեւէ փաստով կամ դրվագով:
Հանձնաժողովն աշխատանքներն իրականացրել է թափանցիկության հաշվետվողականության սկզբունքներով՝ պաշտոնական կայքէջում մեկ տարվա ընթացքում հրապարակվել է 82 հաղորդագրություն, 9 հայտարարություն:
Տիգրան Հակոբյանը նշել է, որ տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորելու նպատակով անհրաժեշտ են որոշակի օրենսդրական կարգավորումներ:
Ըստ զեկուցողի՝ Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործել է 113 լիցենզավորված ընկերություն, որոնցից 22-ը տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողներ են, 29-ը՝ լսողական եւ 62-ը՝ ցանցային օպերատոր:
Գործում են նաեւ առանց լիցենզիայի տրամադրվող ընկերություններ, դա հանրային ընկերությունների 2 տեսալսողական եւ 4 լսողական ծրագրերն են, նաեւ միջպետական եւ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող հեռարձակողները:
ՀՌՀ նախագահը, անդրադառնալով հանձնաժողովի գործառույթներին, կարեւորել է հեռարձակվողների եւ օպերատորների մշտադիտարկումը՝ նշելով, որ այն իրականացվում է ընտրանքային սկզբունքով, օրենքով սահմանված կարգով՝ յուրաքանչյուր հեռարձակվողի համար ամսական առնվազն 5 օր տեւողությամբ:
Տիգրան Հակոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ տվել պարզաբանումներ:
Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 2-ի՝ ԱԺ նիստում: