Օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը վերապահվում է բյուջետային ծրագրերի գնահատման լիազորություններ, բյուջետային ծրագրերի գնահատում: ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:
Ըստ նրա՝ օրենքի նախագծով տրվում է արդյունքայնության եզրույթի սահմանումը, համաձայն որի՝ բյուջետային ծրագրերի արդյունքայնությունը ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու միջոցառումները որքանով են ապահովել նախատեսված նպատակները:
Նախարարի տեղակալը հավելել է, որ բյուջետային ծրագրերի գնահատումը կիրականացվի Կառավարության անունից լիազորված մարմնի կողմից, Կառավարության սահմանած կարգով, որը կսահմանվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
«Օրենքի նախագծի ընդունման նպատակն է օրենսդրական հիմքեր ձեւավորել պետական կառավարման համակարգում բյուջետային ծրագրերի գնահատման գործառույթներ իրականացնելու համար»,- ասել է Վահան Սիրունյանը:
Հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:
Հարցը քննարկվել է ԱԺ ապրիլի 30-ի հերթական նիստում: