National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
1 / 1

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:

Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել հանձնաժողովի ամփոփիչ զեկույցում, որոնք ընդունվել են:

Մերի Գալստյանը ելույթում նշել է.

«Քաղաքական հանձնաժողովի հարգելի՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, թույլ տվեք, նախեւառաջ, խորին երախտագիտություն հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանին այս նիստի կազմակերպման համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր նախորդ հանդիպումից հետո Հայաստանում տեղի են ունեցել ծանր եւ ողբերգական իրադարձություններ, որոնց մասին պարզապես չեմ կարող չնշել: Նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա:

Չափազանց ցավալի է, որ ի հեճուկս հարյուրավոր ահազանգերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի եւ առանձին երկրների խորհրդարանների բանաձեւերի, գործադիր մարմինների կոչերի՝ միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխելու հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թեմային առնչվող երեք քննարկում ենք նախաձեռնել, բայց քննարկումները որեւէ գործնական արդյունք չունեցան եւ, ահա, Լեռնային Ղարաբաղն այլեւս հայաթափված է: ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը:

ԼՂ բռնի տեղահանվածների հումանիտար ճգնաժամը թիվ մեկ օրակարգն էր Հայաստանում վերջին կես տարում եւ շարունակում է մնալ՝ ի լրումն անվտանգային ռիսկերի, որոնք ամբողջությամբ դեռեւս չեն չեզոքացել:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք շարունակական աջակցություն են ցուցաբերում մեր երկրին այս հումանիտար ճգնաժամը հաղթահարելու գործում:

Չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավար Հայաստանը 2020թ-ից ի վեր ենթարկվում է ծանր փորձությունների՝ մենք հաստատակամ ենք, որ ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում:

Մեր տարածաշրջանը, Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք, եւ Հայաստանն առավել քան երբեւէ վճռական է բոլոր հնարավոր քաղաքական եւ դիվանագիտական ջանքերը գործադրելու մեր տարածաշրջանում այդքան բաղձալի խաղաղությանը հասնելու համար բացառապես երկու երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու միջոցով, որի հիմքում պետք է լինեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքները:

Հաջորդ կարեւոր քայլը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հասնելու համար տարածաշրջանի երկրների կողմից ճանապարհային եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակումն է՝ միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու իրավազորությունը հարգելով:

Հայաստանը տարածաշրջանին առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, համաձայն որի՝  Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց սուվերենության, իրավազորության հիման վրա, առանց որեւէ միջանցքային խոսակցությունների միմյանց համար պետք է բացեն իրենց ճանապարհները:

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել վերոնշյալ սկզբունքների, մոտեցումների եւ պայմանավորվածությունների լիակատար պահպանման եւ փոխադարձության պայմանով:

Հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին այս բարդ ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու եւ Հայաստանի խաղաղության օրակարգին սատարելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am