National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.10.2006
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը Ստրասբուրգում

Հոկտեմբերի 4-ին եւ 5-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստի շրջանակներում ՀՀ Աժ նախագահ, ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը մի քանի հանդիպումներ ունեցավ:

Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ ԵԽԽՎ-ում  Սերբիայի պատվիրակության ղեկավար Միլոշ  Ալիգրուդիչի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին նստաշրջանում եղած փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետ կապված համագործակցության հնարավորությունները: Կրկին երկու կողմերն էլ ընդգծեցին, որ պատրաստակամ են մյուս կողմին հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ լիարժեք աջակցություն ցույց տալ: Քննարկվեցին Կոսովոյի խնդրին նվիրված զեկույցը նստաշրջանի օրակարգից հանելու դրդապատճառները, քննարկվեց նաեւ քաղաքական հանձնաժողովում հոկտեմբերի 5-ի օրակարգում գտնվող Հարավային Կովկասի կայունության պակտի վերաբերյալ Ադրիան Սեւերինի ներկայացրած զեկույցի վերաբերյալ միասնական դիրքորոշման հարցը: Սերբիայի պատվիրակության ղեկավար  Միլոշ Ալիգրուդիչը պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցել Հայաստանի պատվիրակությանը այդ հարցում: Քննարկվեց նաեւ ԵԽԽՎ կանոնակարգում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունը այս կամ այն հարցի լուծման համար:

ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում Հարավային Կովկասի խաղաղության պակտի հարցով զեկուցող Ադրիան Սեւերինի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց հարավային Կովկասի կայունության պակտի բանաձեւի եւ հանձնարարականի նախագիծը: Արված երկու առաջարկությունները պարոն Սեւերինն ընդունեց, միաժամանակ նրան ասվեց, որ զեկուցողի հուշագրում Հարավային Կովկասի ընթացիկ իրավիճակը ներկայացնող տեղեկություններում կան ձեւակերպումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ պարոն Սեւերինը խոստացավ հանձնաժողովի նիստից հետո համապատասխան շտկումներ անել ու փաստաթղթի հետագա ընթացքի ժամանակ հուշագիրը եւս լիովին համապատասխանեցնել իրավիճակին: Պարոն Թորոսյանը նշեց, որ քանի որ պարոն Սեւերինն այդ առաջարկությունները ընդունում է, հայկական կողմը կպաշտպանի զեկույցի բանաձեւի եւ հանձնարարականի նախագիծը:

ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի եւ Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյոգրենի հետ հանդիպմանը մասնակցում էին Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները: Պարոն Թորոսյանը մանրամասն ներկայացրեց պարտավորությունների կատարման ընթացքը՝ զեկուցողների վերջին այցից հետո: Ներկայացվեց նաեւ, թե սահմանադրական փոփոխություններից հետո ինչ քայլեր են կատարվել այդ փոփոխություններն օրենքներում արտացոլելու ուղղությամբ եւ ինչպիսին է ընթացքը այն մոտ հինգ տասնյակ օրենքների ընդունման, որոնք հետեւանք են սահմանադրության փոփոխությունների եւ որոնց վերաբերյալ կար կառավարության կազմած ժամանակացույցը: Ագոյի խմբի անդամներին հատկապես հետաքրքրում էր այն տասն օրենքների հետ կապված իրավիճակը, որոնց ցուցակը վերջին այցի ժամանակ իրենք փոխանցել էին խորհրդարանին: Պարոն Թորոսյանը նշեց, որ վեց օրենքներ արդեն ընդունվել են, օրենքներից մեկը քննարկվել եւ մերժվել է (Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը), որովհետեւ ուներ մի շարք թերություններ, բայց մինչեւ տարեվերջ խորհրդարանն, այնուամենայնիվ, այդ օրենքը կընդունի: Արդեն ընդունված եւ գործող օրենքները ուղարկվել են ԵԽ փորձագետների փորձաքննությանը, որոնց վերաբերյալ ստացվել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մատթեո Սորինասի նամակը, որ այդ օրենքները փոխանցվել են փորձագետներին: Ներկայացվեցին նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Ագոյի խմբի անդամներին հետաքրքրում էր իրավիճակը ընտրական գործընթացի խնդիրների վերաբերյալ՝ ընտրացուցակների վիճակը, ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը, քվեարկության գործընթացը: Մանրամասն ներկայացվեցին այն մոտեցումները, որ նախագծում կան: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին վերջին քննարկումների ժամանակ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ: Ագոյի խմբի անդամները նշեցին, որ երբ Երեւանում էին, առաջարկել են խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի Հայաստանին վերաբերյալ զեկույցը հրապարակել:

Ագոյի խմբի նախագահ Պեր Սյոգրենը գոհունակություն հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունները բավականին արդյունավետ արտացոլվում են օրենքներում եւ այդ ամենը ակնհայտորեն կնպաստի Հայաստանում ժողովրդավարության խորացմանը եւ մարդու իրավունքների հարգմանը: Միաժամանակ նա հույս հայտնեց, որ հետագա զարգացումները կնպաստեն, որ 2007 թ. խորհրդարանական ընտրությունները բավարարեն բոլոր միջազգային չափանիշներին:

Առաջիկայում Երեւանում կայանալու է արդարադատության նախարարների համաժողով, որին մասնակցելու է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը: Նրա խնդրանքով տեղի ունեցած հանդիպման ժամանակ պարոն Թորոսյանն իրազեկեց Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում վերջին զարգացումների մասին. հատկապես շեշտը դրվեց սահմանադրական փոփոխություններից հետո ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցողների շրջանակի ընդլայնմանը: Ներկայացվեց, որ քաղաքացիները հուլիսի 1-ից իրավունք են ստացել դիմել ՍԴ եւ արդեն մեկուկես տասնյակ գործեր կան, որոնք քննարկվել են ու քննարկվելու են մինչեւ տարեվերջ: Պարոն Համերբերգին հետաքրքրում էր հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի հետ կապված իրավիճակը, նրան ներկայացվեց, որ նախագիծն ունի թերություններ, սակայն քանի որ հետեւանք է սահմանադրական փոփոխությունների եւ ունի կարեւոր նշանակություն էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների գործունեության կարգավորման առումով, նախագիծն անպայման կվերամշակվի եւ ճիշտ կլինի մինչեւ տարեվերջ այն ընդունել: Նրան ներկայացվեց այն հարցադրումը, որ անկախ այն բանից, թե ինչ լուծում կստանա Ղարաբաղյան խնդիրը եւ մասնավորապես ինչպիսին կլինի Ղարաբաղի կարգավիճակը, ճիշտ կլինի, որ Լեռնային Ղարաբաղում ու ընդհանրապես ԵԽ տարածքի հակամարտությունների գոտիներում աչքաթող չարվի մարդու իրավունքների պաշտպանությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ Ազգային ժողովը օրենքների ընդունման ժամանակ հաշվի է առնում այն մոտեցումները, որ Եվրոպայի խորհուրդը ներկայացնում է, առաջարկվեց, որ հակամարտության տարածքները աչքաթող չարվեն, որովհետեւ այդ տարածքներում ապրող բնակչությունը արդեն իսկ պատերազմների հետեւանքով ունեցել է զգալի կուրուստներ, բավականաչափ տուժել է եւ ճիշտ չի լինի, որ մարդիկ իրենց ուշադրությունից դուրս զգան եւ պետք են անհրաժեշտ շփումներ: Ճիշտ կլինի նաեւ, որ ԵԽ համապատասխան կառույցները համագործակցեն ԼՂՀ ներկայացուցիչների հետ: Պարոն Համերբերգը հարցադրումը համարեց հետաքրքիր, թեպետ ինքը չի զբաղվում հակամարտության գոտիներում խաղաղության հաստատման կամ կարգավիճակների հարցերով, բայց մարդու իրավունքները կարեւոր խնդիր է եւ հարկ է գտնել հնարավորություններ այս ուղղությամբ համագործակցության ծավալման համար:

ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի, ԵԽ ներքո գործող Ղարաբաղի խնդրով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հետ հանդիպման ընթացքում պարոն Ջոնսթոնը նշեց, որ հանձնաժողովի անդամների այցը տարածաշրջան ոչ բարենպաստ ժամանակ է ընկնում, եւ ավելի լավ կլինի այն հետաձգել եկող տարվան, իսկ մինչ այդ հունվարյան նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգում անցկացնել քննարկումներ, որին կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների անդամները: Պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկայում ճշտել քննարկումների օրակարգը:

Հոկտեմբերի 3-ին կայացավ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր Ստեփան Դեմիրճյանը: Զեկուցողները ներկայացրին իրենց Հայաստան այցի արդյունքները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո անցած ժամանակամիջոցում, դրական գնահատվեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը եւ հույս հայտնվեց, որ դրական փոփոխությունները հիմք կդառնան, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունները բավարարեն միջազգային չափանիշներին: Միաժամանակ հանձնաժողովին տեղեկացվեց, որ հեռուստստեսության եւ ռադիոյի մասին օրենքի փոփոխությունների նախագիծը առաջիկայում կլրամշակվի եւ կընդունվի: Հայաստանյան պատվիրակության անդամ Ստեփան Դեմիրճյանը կարեւորեց սահմանադրության բարելավումը, այնուհանդերձ ներկայացրեց ընդդիմության վերապահումները ընտրական գործընթացների վերաբերյալ, դժգոհությունը 2003 թ. ընտրությունների ժամանակ թույլ տրված խախտումների համար մարդկանց չպատժելու հետ կապված: Հանձնաժողովը վերահաստատեց, որ հոկտեմբերի 16-ին Երեւանում տեղի կունենա մոնիտորինգի հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի նիստում նաեւ առաջարկ եղավ երեւանյան նիստի ժամանակ անդրադառնալ Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում լարվածության մեծացման խնդրին:

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ առաջին անգամ ներկայացվել էր Հարավկովկասյան կայունության պակտի վերաբերյալ Ադրիան Սեւերինի զեկույցը եւ քննարկվում էին բանաձեւի ու հանձնարարականի նախագծերը: Բանաձեւի նախագծում կար արտահայտություն, որ Հարավային Կովկասի երկրները հեռանկար չունեն Եվրամիությանն անդամակցելու, Վրաստանի պատվիրակության անդամներն առաջարկում էին այդ արտահայտությունն ընդհանրապես հանել, զեկուցողը չէր համաձայնում, Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի առաջարկությամբ ավելացվեց «առայժմ» բառը, որով հարցը լուծվեց: Իսկապես՝ առայժմ այդ ուղղությամբ որեւէքայլ չի արվել՝ փաստն արձանագրելու համար, եւ «առայժմ» նշանակում է, որ ցանկացած ժամանակ կարող է այդ հեռանկարն առաջանալ: Ընդունվեց նախնական նախագիծը եւ զեկույցը հետագայում կներկայացվի լիագումար նիստին:

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ նաեւ ԵԽԽՎ միգրացիայի եւ փախստականների հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվում էին Էյնարսոնի զեկույցին առնչվող առաջարկությունները: Ընդունվեց զեկույցի բանաձեւը: Հիշեցնենք, որ այս զեկույցը մեկ անգամ արդեն ներկայացվել էր եւ նախորդ բանաձեւում կային կոնկրետ դեպքեր. Հայաստանի պատվիրակությունն առաջարկել էր 1915 թ. ցեղասպանությունը եւս հիշատակել եւ հանձնաժողովը դրական կարծիք էր տվել առաջարկությանը, բայց ընդհանուր զեկույցը դուրս էր բերվել լիագումար նիստի քննարկումից եւ նոր զեկույց էր ներկայացվել: Նոր զեկույցում բանաձեւի մասում նման դեպքերի կոնկրետ արձանագրումներ չկային, բայց զեկույցի հուշագրում երկու կետում, նախօրոք ձեռքբերված պայմանավորվածությամբ, 34րդ կետում նշվել էր. «միջազգային հանրությունը արդարացիորեն վրդովված էր 1894-1897 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի հալածման կապակցությամբ»: Իսկ 36-րդ կետում նշված է. «Մինչեւ առաջին համաշխարհային պատերազմը Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի թիվը հաշվում էր երկու միլիոն, ոոնց մեծ մասը կոտորվել կամ արտաքսվել են 1915-1923 թվականներին: Ձեր զեկուցողը (պարոն Էյնարսոնը) ողջունում է ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կազմակերպության հովանու ներքո գործող հետազոտման միջազգային հանձնաժողովի ստեղծման առաջարկները, որը կարող է նպաստել այդ ժամանակ տեղի ունեցածի պատմական ըմբռնմանն ու ընդունմանը: Եվրախորհրդարանն իր կողմից 1987 թ. ընդունել է հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ բանաձեւ՝ ընդունելով եւ դատապարտելով հայերի ցեղասպանությունը»:

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի նիստը, որը քննարկեց փաստահավաք խմբի Հարավակովկասյան տարածաշրջան ժամանելու հարցը: Ադրբեջանի ներկայացուցիչները նիստից բացակայում էին, որը հանձնաժողովի անդամների վրդովմունքն առաջացրեց: Հայկական պատվիրակության կողմից ելույթ ունեցող Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ էր եւ պատրաստ է ընդունել առաքելությանը եւ չի կարելի անվերջ այցը ձգձգել: Ինչ վերաբերում է ԼՂՀ այցելությանը, ապա այցի հետ կապված կազմակերպական հարցերը պետք է լուծել ԼՂՀ իշխանուիթյունների հետ, բնականաբար Հայաստանն ամեն ինչում կաջակցի: Պարոն Դեմիրճյանը վրդովմունք արտահայտեց ադրբեջանական կողմի պահվածքի վերաբերյալ, քանի որ նրանք խոչընդոտում են այցի կայացմանը: Որոշվեց մեկ ամիս ժամանակ տրամադրել Ադրբեջանին եւ դրական փոփոխություն չլինելու դեպքում նամակով արտահայտել ԵԽ հիասթափությունը նմանօրինակ պահվածքից:

Լիբերալների եւ դեմոկրատների ալիանսի կողմից նստաշրջանում հարկադիր տեղահանումների եւ էթնիկ զտումների զոհերի հիշատակման կենտոնի ստեղծման հարցի քննարկման ժամանակ ելույթ ունենալով պարոն Դեմիրճյանը խմբակցության անունից պաշտպանեց կենտրոնի ստեղծման գաղափարը: Նա ասաց, որ 20-րդ դարը գիտատեխնիկական նվաճումների դար լինելով հանդերձ նաեւ ցեղասպանությունների ու համաշխարհային պատերազմների դար էր: Նշվեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, մասնավորապես ժամանակին հայոց ցեղասպանության չդատապարտումը հիմք տվեց Հիտլերին իրագործել իր դաժան հաշվեհարդարները եւ ասել, թե ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը: Նշվեց նաեւ, որ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը եւ այդ ճանաչումը նոր էջ կբացի երկու ժողովուրդների հարաբերությունների պատմության մեջ:

ԵԽԽՎ լիագումար նիստում այս հարցի շուրջ ելույթ ունենալով՝ Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշեց, որ էթնիկ զտումների լավագույն օրինակ է հայ ժողովրդի ողբերգությունը, որի մասին այսօր շատերը գիտեն իբրեւ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության: Աշխարհի ու Եվրոպայի շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ արդեն ընդունել ու դատապարտել են իր մասշտաբներով մարդկության դեմ գործված այդ հրեշավոր ոճրագործությունը: Բայց եղել է ժամանակ, երբ շատերը ոչ միայն կողմնակի դիտորդի դերում էին, այլեւ հայերին հորդորում էին անցյալը մոռանալ ու առաջ նայել: Եվ չմոռացողներից մեկն էլ Ադոլֆ Հիտլերն էր, որ հիշում էր հայերի ցեղասպանությունը՝ այն իբրեւ հոլոքոստ կրկնելու համար: Մարդկությունը հերթական անգամ պատժվեց իր ամնեզիայի համար: Այսօր արդեն վստահորեն կարելի է ասել, որ կճանաչի Թուրքիան հայոց ցեղասպանությունը, թե ոչ, դա առանձին հարց է, բայց միանգամայն ակնհայտ է, որ ցեղասպանության փաստը արդեն դարձել է ոչ միայն հայ ժողովրդի հիշողության մասը, այլեւ՝ համընդհանուր մարդկային հիշողության մասը: Ամնեզիայից պակաս վտանգավոր չէ, երբ փորձեր են արվում այդ ընդհանուր հիշողության մեջ խցկել իրողություններ, որ ոչինչ ընդհանուր չունեն ճշմարտության հետ եւ դրա նպատակը շատ պարզ է՝ փսատերը ենթարկել սեփական շահերին, սրբագրել պատմությունը, ջնջել ականատեսների հիշողությունները եւ ստեղծել իրենց շահերին համապատասխանող վիրտուալ հիշողություն: Այնուհանդերձ անհնար է ամեն ինչ այնպես աղավաղել, որ ոչ ոք չիմանա ինչպես, օրինակ Սովետական Ադրբեջանում հայտնվեցին Նախիջեւանի եւ Ղարաբաղի տարածքները: Ինչ էթնիկ զտումների մասին կարող է խոսել Ադրբեջանը, երբ բոլորին հայտնի է, որ Նախիջեւանում ոչ մի հայ չի մնացել այնտեղ ապրող 40 տոկոս հայերից՝ եւ դա դեռ ղարաբաղյան պատերազմից շատ առաջ: Կամ՝ ինչպես է Ադրբեջանը Հայաստանին ագրեսոր անվանում, երբ բոլորին հայտնի է, թե ով ու ինչպես է սկսել պատերազմը: Ինչպես է պատրաստվում բացատրել հայերի նկատմամբ իբրեւ թե խաղաղ տրամադրված Ադրբեջանում իրադարձությունների ամենասկզբում սարսափելի ջարդերը Սումգայիթում, Կիրովաբադում, ապա նաեւ Բաքվում, որոնց հաստատումները տրված են նաեւ դատական եզրակացություններով՝ ի տարբերություն մերկապարանոց հայտարարությունների, որ հնչում են լիագումար նիստերի դահլիճում: Իհարկե, հազարավոր ադրբեջանցիներ պատերազմի զոհեր են դարձել, բայց չի կարելի կոծկել ճշմարտությունը, որ նրանք զոհ են դարձել սեփական իշխանությունների կազմակերպած ագրեսիային: Եվ չի կարելի այդ ճշմարտությունը կոծկել հատկապեսնոր արգրեսիաներ նախապատրաստելու ու արդարացնելու միտումով: Պարոն Ռուստամյանը հույս հայտնեց, որ կենտրոնի ստեղծումը մարդկությանը կօգնի խուսափել ողբերգությունների կրկնությունից եւ թույլ չի տա աղավաղել հիշողությունն ու պատմությունը:

Հայաստանի պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը ելույթ ունեցավ Իրավիճակը Բալկաններում եւ Բալկանյան իրավիճակի վերաբերյալ ընդհանուր քաղաքականությունը հարցի շուրջ: Նա նշեց, որ Բալկաններին վերաբերող քաղաքական իրավիճակը հիշեցնում է 1918 թվականը, որ առաջին համաշխարհային պատերազմի վերջին փուլն էր: Պարոն Գեղամյանը հիշեցրեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի խոսքերը՝ «Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ընտրելու ինքնիշխանության իր համար նախընտրելի տարբերակը» եւ նշեց, որ եթե 1915 թ. Եվրոպայում կար 17 պետություն, 1920 թ.՝ 24, իսկ 2006 թ.՝ արդեն 46: Պարոն Գեղամյանը նշեց, որ Մոնտենեգրոն հանրաքվեի արդյունքում անկախություն ստացավ, նույնը կարող է լինել եւ Լեռնային Ղարաբաղի դեպքում:

Ելույթ ունենալով նաեւ Եվրոպայի տնտեսական համագործակցության եւ զարգացման հարցի շուրջ՝ պարոն Գեղամյանը նշեց, որ այս հարցի քննարկման ընթացքում ԵԽԽՎ-ից ակնկալվում են պատասխաններ աշխարհի տնտեսական զարգացման արդիական խնդիրների շուրջ. մասնավորապես ինչ է առաջարկում ԵՏՀԶԿ-ն գլոբալացման բարդացող մարտահրավերների դեմ (գլոբալ էներգետիկ անվտանգության ապահովման, 21-րդ դարի համաճարականերից պաշտպանվելու համար, սովի ու անգրագիտության դեմ, կլիմայի համընդհանուր ջերմացման եւ այլն): Պարոն Գեղամյանը նշեց, որ այս եւ այլ խնդիրների լուծումը ԵՏՀԶԿ անդամ երկրների տնտեսական զարգացման մեջ է եւ պետք է հաշվի առնել, թե այդ տնտեսական զարգացումը որքան է հաշվի առնում մնացած երկրների շահերը, որքանով է նրանց պաշտպանում գլոբալացման բացասական հետեւանքներից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am