National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.04.2024
«Շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահաս երեխաների խնամքի առանձնահատկությունները տանն ու դպրոցում» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում
1 / 10

Քաղաքացիների հերթական ընդունելության շրջանակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին են դիմել շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահաս երեխաների մի խումբ ծնողներ՝ բարձրացնելով հիվանդության ախտորոշմանը եւ վերահսկմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:

Ի՞նչ է առաջարկում ժամանակակից աշխարհը հիվանդության հետազոտության եւ վերահսկման համար, ո՞րն է Հայաստանի որդեգրած քաղաքականությունը հիվանդության վաղ հայտնաբերման, վերահսկման, շարունակական հսկողության հարցում. այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ ապրիլի 8-ին խորհրդարանում տեղի է ունեցել «Շաքարային դիաբետ ունեցող անչափահաս երեխաների խնամքի առանձնահատկությունները տանն ու դպրոցում» թեմայով աշխատանքային քննարկում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, Միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման եւ աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը, ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը, շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահաս երեխաների ծնողներ:

Ինսուլինակախյալ երեխաների ծնողների ներկայացմամբ վերջին սերնդի ինսուլինային անալոգներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ, արյան մեջ գլյուկոզայի չափման համար նախատեսված չափիչ սարքերը բավականին թանկարժեք են, եւ հաշմանդամության կարգ չունեցող ու նպաստ չստացող ընտանիքների համար, դժվար է երկրորդական շուկայից ձեռք բերել կյանքի որակը բարձրացնելուն միտված ախտորոշիչ համապատասխան սարքեր: Դժգոհություններ են հնչել նաեւ անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչների վերաբերյալ: Առաջարկվել է վերապատրաստել դպրոցների բուժքույրերին նման հիվանդություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը տեղեկացրել է, որ Հայաստանում հաշվառված է շուրջ 1280 շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող երեխա, դեռահաս: Մինչեւ 18 տարեկան անձանց շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահասների թիվը տարեցտարի ավելանում է. 8 տոկոս հիվանդության աճ է նկատվում անչափահասների շրջանում:

Ըստ մոտավոր հաշվարկների՝ արյան մեջ գլյուկոզայի չափման համար նախատեսված չափիչ սարքեր պետության կողմից տրամադրելու համար տարեկան կտրվածքով կպահանջվի շուրջ 900 մլն դրամ:

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդաբանությունը դպրոցահասակ, մանկապարտեզ հաճախող երեխաների պարագայում պետք է վերանայվի:

Անդրադառնալով արյան մեջ գլյուկոզայի չափման համար նախատեսված չափիչ սարքերի տրամադրման հարցին՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է կատարել վիճակագրական հետազոտություններ, սանդղակավորել եւ սկզբնական փուլում, ըստ տարիքային խմբերի, նախատեսել ու տրամադրել:

Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ առաջիկայում բարձրացված հարցերի առնչությամբ պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ եւս կկազմակերպվեն քննարկումներ՝ միջազգային փորձի օրինակով շաքարային դիաբետ ունեցող անձանց համար աջակցող միջավայր ստեղծելու նպատակով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am