Սեպտեմբերի 27-ին ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ փորձագետների, միջազգային կազմակերպությունների, ԿԸՀ ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ Ազգային ժողովում սկսվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումները:
Բացելով նիստի աշխատանքները, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց փորձագետներին քննարկումներին մասնակցելու պատրաստակամության համար`այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ քաղաքական ուժերի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել: ԱԺ նախագահը նշեց, որ շրջանառության մեջ գտնվող մի շարք քաղաքական ուժերի ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումների հիմքում եղել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ ներկայացուցիչների համատեղ եզրակացությունը: Քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ համատեղ եզրակացության առաջարկությունները ընդգրկել նախագծի մեջ, բացառությամբ` 28-րդ, 42-45-րդ եւ 56-րդ կետերի: Համատեղ եզրակացության մեջ հարցադրումներ է ին եղել երկու գործընթացների ընթացակարգի առնչությամբ: Հարցադրումներից մեկը վերաբերում էր քվեարկության ընթացակարգին, որը փորձագետների կարծիքով բավականին բարդացված է, մյուսը` բողոքարկման ընթացակարգին: Նախագծի հեղինակների հետ քննարկման արդյունքում որոշվել է բոլոր առաջարկությունները ներառել նախագծում` քննարկման առարկա թողնելով վերոնշյալվեց կետերը եւ երկու ընթացակարգերը: Պարոն Թորոսյանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ փորձագետներին ուղարկվել է այն նախագիծը, որտեղ հաշվի էին առնված ընդունված առաջարկությունները: Խորհրդարանինախագահը հույս հայտնեց, որ քննարկումները կընթանան փոխադարձ համաձայնության պայմաններում:
Նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումներն ընթացան ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները եւ անգործությունը բողոքարկելու կարգի, դիտորդների իրավունքների, պարտականությունների եւ գործունեության երաշխիքների, ընտրական օրենսդրության խախտումների համար պատասխանատվության, ընտրական հանձնաժողովի անդամների ետկանչի, ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման հարցերի շուրջ:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումները կշարունակվեն սեպտեմբերի 28-ին: