National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.03.2024
Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները. քննարկում խորհրդարանում
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ մարտի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացման ու խորացման թեմայով:

Քննարկմանը մասնակցել են խորհրդարանական բարեկամական խմբի անդամներն ու գործադիրի համապատասխան կառույցների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով մասնակիցներին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ համատեղ քննարկման նպատակն է օրենսդիրի եւ գործադիրի սերտ համագործակցությունը՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների զարգացման:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ելույթում անդրադառնալով Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին, նշել է, որ վերջին տարիներին Հնդկաստանի հետ հարաբերությունները թեւակոխել են ինտենսիվ զարգացման փուլ: Նա ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խորացումն ու առաջընթացը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, որն ամրագրված է Կառավարության ծրագրում. քաղաքական երկխոսության մակարդակում զգալի առաջընթաց է գրանցվել: Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հարցում կարեւորվել է նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը:

Քննարկվել են նաեւ առեւտրատնտեսական ոլորտում հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում համագործակցությանն ու միմյանց մշակույթների նկատմամբ հետաքրքրության բարձրացման ու մշակութային արժեքների հանրահռչակմանը նվիրված ծրագրերի իրականացմանը:

Խոսելով մշակույթի ոլորտում համագործակցության մասին՝ ներկայացվել են հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի Աջանտայի քարանձավների որմնանկարների գործերը, որոնք մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել ոչ միայն օտարերկրացիների, այլեւ մեր հանրության համար՝ ընդգծելով հայ ժողովրդի հետաքրքրվածությունը հին ժողովուրդների մշակույթով եւ պատմությամբ: Կարեւորվել է համագործակցությունը ֆիլմարտադրության ոլորտում, զբոսաշրջության զարգացման հարցում եւ միջմարդկային շփումների խթանման ուղղությամբ:

Մտքերի փոխանակման ձեւաչափում պատգամավորները կարեւորել են զբոսաշրջության եւ ֆիլմարտադրության, առողջապահության, միգրացիայի ոլորտներում համագործակցությունը, առեւտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը:

Մասնակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների զարգացման ծրագրերում ՀՀ ներգրավվածության եւ ՀՀ կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին առնչվող հարցերի:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում՝ համոզմունք հայտնելով, որ բավարար ջանքեր գործադրելու դեպքում կարձանագրվեն իրատեսական արդյունքներ: Ծրագրերի իրականացման հարցում Հակոբ Արշակյանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում եւս կազմակերպել նմանատիպ քննարկումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am