National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.03.2024
Փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում
1 / 3

Ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանն են ուղղված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Փոխնախարարը կարեւորել է ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման պարտադիր պահանջի սահմանումը` ճանապարհների կառուցման, վերակառուցման եւ հիմնանորոգման ժամանակ: Ճանապարհային անվտանգության աուդիտը նախատեսվում է իրականացնել ճանապարհների նախագծման, շինարարության փուլերում, ինչպես նաեւ ճանապարհը շահագործման հանձնելուց մեկ տարի հետո:

Փոխնախարարի խոսքով 2025 թվականի հուլիսից աուդիտի կենթարկվեն միջպետական, 2026 թվականից` հանրապետական, 2027 թվականից` նաեւ մարզային եւ տեղական նշանակության ճանապարհները: Առաջարկվում է նաեւ իրականացնել ճանապարհների անվտանգության ազդեցության գնահատում, որը նախատեսվում է ավարտել մինչեւ 2029 թվականը:

Գործադիրն առաջարկում է նաեւ ստեղծել ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման միասնական եւ ինտեգրված համակարգ, որը կներառի մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետեւանքով տուժած անձանց վերաբերյալ տվյալներն ու վերլուծական գործիքները: Ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների հավաքագրման, դրանց հետեւանքով կրած վնասի, միջին հանրային ծախսերի հաշվարկման եւ վերլուծության իրականացման կարգը կսահմանի Կառավարությունը:

Քրիստինե Ղալեչյանը նաեւ տեղեկացրել է, որ նախատեսված է  ճանապարհային անվտանգության աուդիտորներին որակավորելու պահանջ: Որակավորման քննությունների անցկացման եւ որակավորման վկայականի տրամադրման նպատակով «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացման համաձայն ճանապարհային անվտանգության աուդիտորների եւ թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման քննություն ընդունելու համար սահմանվում է պետական տուրք` բազային տուրքի քսանապատիկի չափով, իսկ  ճանապարհային անվտանգության աուդիտորների եւ թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման վկայական տալու համար տուրքը կկազմի բազային տուրքի տասնապատիկի չափ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար կառուցված դիտահորերը, խրամուղիները, հենասյուները կամ դրանց հատվածները վարձակալությամբ կտրամադրվեն հեռահաղորդակցության օպերատորներին` նրանց հետ կնքելով վարձակալության պայմանագիր:

Պատասխանելով ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հարցին, թե երբ է աուդիտն անցկացվում` մինչեւ ճանապարհը շահագործման հանձնելը, թե' հաջորդ փուլում, փոխնախարարը պատասխանել է, որ ճանապարհի հիմնանորոգման նախագծման փուլում արդեն աուդիտն սկսում է իր ուսումնասիրությունները. նախագիծն անկախ աուդիտի է ենթարկվում ճանապարհային անվտանգության համապատասխանության գնահատման մասով: Այդ փուլում տրվում են որոշակի եզրակացություն կամ դիտարկումներ, եւ նախագծողը պարտավոր է դրանք հաշվի առնել: Շինարարության փուլում ավելի ընդլայնված աուդիտորական աշխատանք է տարվում, իսկ ճանապարհը շահագործման հանձնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, լրացուցիչ աուդիտ է իրականացվելու:

Փոխնախարարը նշել է, որ այսօր ճանապարհային անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ միասնական քաղաքականություն վարելու փորձ է արվում: Առաջիկայում քննարկման կներկայացվի նաեւ ներպետական ռազմավարության նախագիծը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը:


04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am