National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.01.2024
ԱՄԷ-ն տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից է. Արմեն Խաչատրյան
1 / 8

Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Ողջունելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ, դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 16-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Վիլեն Գաբրիելյանը, Գուրգեն Մելքոնյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը:

Քաղաքական երկխոսության խորացման եւ համագործակցության կայուն առաջընթացի ապահովման համար Արմեն Խաչատրյանը կարեւորել է նման փոխայցերն ու հանդիպումները: Երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության դերը: «Համոզված եմ, որ հետայսու մեր երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման նոր էջ կբացվի՝ հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նշել է, որ սա առաջին պաշտոնական հանդիպումն է ԱՄԷ-ի եւ Հայաստանի խորհրդարանականների  հետ ու ակնկալում են, որ այս հանդիպումով համագործակցության ու հարաբերությանների զարգացման նոր հորիզոններ կբացվեն: Նա ներկայացրել է իրենց տարածաշրջանի անվտանգային ռիսկերը, մարտահրավերները, ահաբեկչության, ծայրահեղականության դրսեւորումների դեմ իրականացվող պայքարի մեխանիզմները: Նրա խոսքով ԱՄԷ-ի անվտանգության ռազմավարությունը մշակվել է կանխարգելման սկզբունքի հիման վրա:

Արմեն Խաչատրյանի գնահատմամբ ԱՄԷ-ն տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է, եւ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ բարեկամական ջերմ հարաբերությունները հիմք կդառնան առկա ներուժի լիարժեք իրացման համար:

Խոսելով տարածաշրջանային անվտանգային խնդիրների մասին՝ Արմեն Խաչատրյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական գործողությունները, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը: Նա նշել է, որ չնայած բազում մարտահրավերներին եւ դեռ առկա իրավիճակին՝ ՀՀ-ն ունի քաղաքական կամք կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների հետ՝ որդեգրելով խաղաղության օրակարգ:

Պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի խոսքով նախագիծը կնպաստի խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը՝ բացելով նոր հորիզոններ տարածաշրջանում՝ հյուսիսից հարավ:

Արմեն Խաչատրյանը ներկայացրել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ վստահեցնելով, որ մեր երկրում նույնպես  կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում:

Անդրադարձ է կատարվել ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, փոխադարձ այցերի, անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am