National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.12.2023
Հանրությունը, պետությունը, բանկերը, որոշակիորեն իրենց վրա վերցնելով բեռը, օգնում են ԼՂ մեր հայրենակիցներին` դրանով աջակցելով նաեւ մեր պետականությանը, տնտեսությանը, ֆինանսական կայունությանը. Գեւորգ Պապոյան
1 / 3

Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել: Նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես, ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ եւ ֆինանսական կայունության խաթարում. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Խորհրդարանը քննարկել եւ ընդունել է Կառավարության հեղինակած ««ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով նախատեսվում է նշված շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ` համապատասխանաբար 70 տոկոս եւ 30 տոկոս համամասնությամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70 տոկոս չափի մասով ՀՀ կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր` ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորությունների նկատմամբ պահանջի իրավունքը: Ընդ որում, առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը թողարկել գանձապետական պարտատոմսեր` առավելագույնը 225 մլրդ ՀՀ դրամ:

«Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը եւ դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը: Բացի այդ, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը եւ հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց արդյունքում վերոնշյալ գործարքը հարկային պարտավորություն չի առաջացնի ՀՀ ֆինանսական կազմակերպությունների համար»,- ասել է Վահե Հովհաննիսյանը` առաջարկելով հավանության արժանացնել ներկայացված նախագիծը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե ստեղծված իրավիճակում բանկային համակարգի պատասխանատվությունն ինչպես է արձանագրվում տվյալ օրենսգրքում եւ որոնք են այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնում են:

«Կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել իր վրա վերցնել բեռի մեծ մասը, որի հետեւանքով զիջվում է պարտավորության նկատմամբ իրավունքների ամբողջ մասը Կառավարությանը, որի փոխարեն բանկային համակարգը ստանում է պետական գանձապետական պարտատոմսեր: Մենք մեղմում ենք այն ռիսկերը, որոնք բանկերն այլ պայմաններում պետք է կրեին»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Ֆինանսների նախարարը պարզաբանումներ է ներկայացրել «պահանջի զիջման իրավունքին», պարտատոմսերի ժամկետներին, հնարավոր կեղծ գործարքների բացահայտմանը, բանկային գաղտնիքին վերաբերող հարցերի առնչությամբ:

«Սա փաստացի մեր հերթական աջակցությունն է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- ելույթում նշել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը` ընդգծելով, որ բավականին հավասարակշռված նախագիծ է, որտեղ հանրությունը, հասարակությունը, պետությունը, բանկերը, որոշակիորեն իրենց վրա վերցնելով բեռը, օգնում են ԼՂ մեր հայրենակիցներին` դրանով աջակցելով նաեւ մեր պետականությանը, տնտեսությանը, ֆինանսական կայունությանը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, չափազանց կարեւորելով ֆինանսական, բանկային համակարգին ցուցաբերվող աջակցությունը, նշել է, որ հարցը պետք է ամբողջական լուծում ունենա` ներառյալ քաղաքացիների, տնտեսավարող այլ սուբյեկտների, ինչպես նաեւ` Ադրբեջանի հանդեպ գույքային պահանջների թղթածրարը պատրաստելու տեսակետից` ամբողջական բազավորման համար:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Գեւորգ Պապոյանը նշել է, որ սա քաղաքական որոշում է, որի շահառուն ԼՂ հայերն են, Հայաստանի ֆինանսական կազմակերպություններն ու ՀՀ քաղաքացիները: Նրա խոսքով եթե այսօր չկայացվի այդ քաղաքական որոշումը, ապա հնարավոր է խնդիրներ ունենանք ֆինանսական կայունության հետ կապված: Հետեւաբար, օրենքի ընդունմամբ նմանատիպ ռիսկերը կվերանան:

Եզրափակիչ ելույթում Ֆինանսների նախարարն անդրադարձել է բարձրացրած հարցադրումներին` նշելով, որ առաջարկվող նախագիծն արդյունավետ բալանսավորված որոշում է, որի նպատակը բանկային համակարգի կայունությունն ապահովելն է:  




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am