National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.12.2023
Նախաձեռնությամբ տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլեւս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել Ոստիկանություն
1 / 3

Գործող կարգավորմամբ ՀՀ քաղաքացիներն ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 հազար դրամով: Սակայն առկա է խրախուսող նորմ, ըստ որի՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքն արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու եւ դրա մասին ապացույց Ոստիկանություն ներկայացնելու պարագայում քաղաքացիները կարող են 100 հազար դրամի փոխարեն վճարել 25 հազար դրամ՝ ի սկզբանե նախատեսված տուգանքի 25 տոկոսի չափով:

«Մեր քաղաքացիները ոչ միայն պարտավոր են մոտակա 24 ժամվա ընթացքում այդ գումարը վճարել, այլ նաեւ պայմանագիրը ներկայացնել կա՛մ Ոստիկանության որեւէ բաժանմունք, կա՛մ որեւէ պարեկային ծառայողի»,- ընդգծել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը:

Հեղինակն առաջարկում է գործող հավելյալ պարտավորությունը հանել քաղաքացիների վրայից, որովհետեւ վերոնշյալ տեղեկատվությունը հասանելի է Ոստիկանության ծառայությանը:

Արդյունքում՝ քաղաքացուց այլեւս չի պահանջվելու մոտենալ Ոստիկանություն, ներկայացնել ԱՊՊԱ պայմանագիրը՝ որպես ապացույց: Ոստիկանությունն օնլայն պետք է հետեւի, տեսնի ու վարույթը կարճի՝ 100 հազար դրամի փոխարեն նախատեսելով 25 հազար դրամ պատասխանատվություն:

Էդուարդ Աղաջանյանի տեղեկացմամբ հարցը քննարկվել է Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ: Նշվել է, որ որոշ տեխնիկական հարցերի շուրջ մինչեւ երկրորդ ընթերցում հնարավոր կլինի գալ համաձայնության:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը կարեւորել է նախաձեռնության ընդունումը, հորդորել հանձնաժողովի անդամներին կողմ քվեարկել: Պատգամավորը հիշեցրել է, որ 75 տոկոսի վճարման պարտականությունից ազատող ու խրախուսող նորմը գործում է ամիսներ առաջ իր հեղինակած նախաձեռնությամբ: Ըստ Արմեն Խաչատրյանի՝ փոփոխությունը դրական ազդեցություն է ունեցել, ավելացել է պայմանագրերի քանակը:

Կառավարության դիրքորոշումը նախաձեռնության վերաբերյալ դրական է. այս մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով վարչարարության պարզեցումը կնպաստի գործընթացն առավել դյուրին կազմակերպելուն: Կառավարությունը տեխնիկական առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունելի են համարվել հեղինակի կողմից:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am