National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.12.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ վերացվում է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից փաստված արգելքը, հստակեցվում են մի շարք դրույթներ
1 / 3

««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի, վերացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում նախատեսված՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը՝ ապահովելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-1683 որոշման պահանջը:

Բանախոսի հավաստմամբ գործնական կիրառության արդյունքում կատարված վերլուծությունների հիման վրա վերանայվում են ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ, մասնավորապես, անհրաժեշտ փորձ ձեռք բերելու համար օպտիմալ ժամանակահատված տրամադրելու նպատակով վերանայվում են ծառայության ընդունվող (առաջին անգամ պաշտոնի նշանակվող) ծառայողների ատեստավորման ժամկետները՝ սահմանելով պաշտոնի նշանակվելուց հետո 7-9 ամիս՝ գործող 3-6 ամսվա փոխարեն:

Նշվել է նաեւ, որ արձակուրդում, գործուղման մեջ, կադրերի տրամադրության տակ գտնվող կամ ուսման (վերապատրաստման) ուղարկված ժամանակավոր անաշխատունակ եւ պաշտոնավարումը կասեցված ծառայողների ատեստավորումը նախատեսվում է անցկացնել այդ հանգամանքները վերանալուց հետո ոչ շուտ, քան երկու ամսվա ընթացքում, ինչպես նաեւ կասեցնել հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում կամ կադրերի տրամադրության տակ գտնվող կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողի հավելավճարի հաշվարկման ժամկետը մինչեւ այդ հանգամանքները վերանալը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախատեսվում է, որ առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան 3 եւ ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, եւ մինչեւ նոր պաշտոնում ատեստավորվելը շարունակում են ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:

Նշվել է նաեւ, որ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով հստակ սահմանվում է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում ատեստավորված ծառայողին առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանելու վերաբերյալ իրավակարգավորում:

Վերանայվում են ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու եւ արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները՝ ատեստավորումը չանցնելու դեպքում որպես հետեւանք թողնելով հավելավճարի վճարումը դադարեցնելը, ինչպես նաեւ նվազեցնելով նոր ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունը: Տարեկան 2 անգամ դիմելու փոխարեն նախատեսվում է 1 անգամ դիմելու հնարավորություն:

Նախատեսվում է ատեստավորումներն անցկացնել ատեստավորման կարգը սահմանող Կառավարության որոշմամբ նախատեսված հանձնաժողովների կողմից:

Հստակեցվում են ատեստավորման արդյունքում կայացվող որոշումների շրջանակը եւ հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը:

Նշվել է նաեւ, որ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության եւ գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված՝ ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկությունները սահմանելու՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի լիազորությունն ամրագրվում է օրենքով:

Վերանայվում են ծառայողների կողմից ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցելու հիմքերը:

Ուսումնական ծախսերը փոխհատուցելու են ծառայությունից իրենց զեկուցագրի հիման վրա արձակված ծառայողները, բացառությամբ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված արձակվելու դեպքի, եթե նշված հանգամանքները կհիմնավորվեն անհրաժեշտ փաստաթղթերով եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից կգնահատվեն որպես ծառայությունը շարունակելու համար խոչընդոտ:

Ծառայողը փոխհատուցման պարտավորությունից կազատվի դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու հիմքով ծառայությունից արձակվելու դեպքում:

Նախագծով ուսումնական ծախսերի փոխհատուցման կարգը եւ չափերը սահմանելու լիազորությունը վերապահվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին:

Հարակից զեկուցող, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը կարեւորել է օրենքի նախագծի ընդունումը, ինչպես նաեւ ներկայացրել հարցադրումներ, որոնք պարզաբանվել են հիմնական զեկուցողի կողմից:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականներն օրենսդրական նախաձեռնությանը տվել են դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am