National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.12.2023
Փոփոխություններ եւ լրացումներ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում
1 / 8

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԳՆ գործունեության շարունակականության ապահովման, արդյունավետության բարձրացման, Սահմանադրությամբ ամրագրված օրենքները լիազորող նորմերով ապահովվելու, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրությանը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ. ասել է    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Փոխնախարարի խոսքով նախագծով առաջարկվում է դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն: Նա նշել է, որ 2018 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Անհրաժեշտություն է առաջացել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնին կից  գործող կցորդների/ներկայացուցիչների՝ ՀՀ վարչապետի կողմից նշանակման, ազատման, հաստիքների ստեղծման լիազորությունը սահմանել օրենքով:

Մնացական Սաֆարյանը նշել է, որ ՀՀ կառավարության որոշման հիման վրա օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել պաշտպանության հարցերով, ռազմական եւ առեւտրական կցորդներ, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչներ:  Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ Պաշտպանության նախարարության առաջարկով օրենքը լրացվել է նոր հոդվածով, ըստ որի՝ պաշտպանության հարցերով ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ եւ օգնականներ:

Հաջորդ փոփոխությամբ ՀՀ  արտաքին գործերի նախարարության համակարգ կարող են գործուղվել ՀՀ վարչապետի աշխատակազմից եւ պետական կառավարման համակարգից, բացառիկ դեպքերում` պետական անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով այլ մարմիններից համապատասխան ծառայողներ:

Առաջարկվում է նաեւ լրացում կատարել օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում, համաձայն որի՝ բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների եւ անբասիր աշխատանքի համար Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ՝ մեկ կամ երկու աստիճանով ավելի բարձր դիվանագիտական աստիճան:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրենքի նախագծում կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ, եւ որոշ կարգավորումներ համապատասխանեցվել են «Հանրային ծառայության մասին» օրենսդրությամբ սահմանված դրույթներին:

Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Հարակից զեկուցող, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հավելել է, որ նախագիծը ներդաշնակեցման, որոշակիացման, լիազորող նորմեր սահմանելու նպատակ ունի եւ առաջարկել է օրենքի նախագծին դրական եզրակացություն տալ:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենքի նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am