National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.09.2023
Դրական եզրակացություն` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունն ընդունելուն
1 / 7

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագիծը (Հռոմի ստատուտ):

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հարցի նախապատմությունը` հիշեցնելով, որ Կառավարությունն այս նախագծին հավանություն է տվել դեռեւս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին:

«Այդ պահին նախագծին հավանություն տալը պայմանավորված էր 2022 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացրած լայնածավալ ագրեսիայով եւ ագրեսիայի ընթացքում կատարված մի շարք կոպտագույն պատերազմական հանցագործություններով: Կհիշեք` Սեւ լճի շրջանում տեղի ունեցած հայ զինծառայողների զազրելի գնդակահարությունը եւ այլ պատերազմական հանցագործությունները»,- մասնավորապես ասել է Եղիշե  Կիրակոսյանը:

Նա հայտնել է, որ  Միջազգային քրեական դատարանն իր իրավազորությունն իրականացնում է մի շարք հանցագործությունների համար պատասխանատվություն սահմանելու նպատակով: Այդ հանցագործություններն են` ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ: Կանոնադրությունում կան նաեւ նոր փոփոխություններ, որոնցից մեկը Կամպալայի փոփոխությունն է, որը կատարվել է 2010 թվականին եւ որով ավելացվել է ագրեսիայի հանցագործությունը նշված հանցագործությունների շարքին: Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ այս պահին վավերացման է ներկայացվել նախագծի` առանց Կամպալայի փոփոխության տարբերակը: Զեկուցողը հնարավոր է համարել հետագայում Կամպալայի փոփոխության վավերացումը: «Սրանք են հանցագործությունները, որոնք ենթակա են դատարանի իրավազորությանը: Պարզ է, որ հանցագործությունները ծանրագույն հանցագործություններ են` ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, նաեւ ագրեսիան: Ցավոք, այս նախագծի անհրաժեշտությունը կրկին վերահիմնավորվում է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում այսօր»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը: Նա պարզաբանել է, որ հարցը վերաբերում է նաեւ  Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին:

Նախագծի վավերացման գործընթացը Կառավարությունն առաջարկել է իրականացնել երկու մասով: «Կառավարությունն առաջարկել է նախ հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը` սկսած 2021 թվականի մայիսի 10-ից, եւ դա հիմնվում է կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, որը փաստացի հնարավորություն է տալիս որոշակի հետադարձ ուժ տալ  կանոնադրությանը»,- նշել է նա եւ հավելել, որ 2021 թվականի մայիսի 10-ի ամրագրումը կապված է հայտնի իրադարձությունների հետ, երբ 2021 թվականի մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք սկսեցին ներխուժել ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները: «Բացի հետադարձորեն ճանաչելուց, նաեւ վավերացում է առաջարկվում: Վավերացումը, կարծում ենք, Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալիս ամբողջությամբ անդամակցել դատարանին»,- ասել է նա` ընդգծելով վավերացման կարեւորությունը: Եղիշե Կիրակոսյանը շեշտել է, որ նախագծի հիմնական թիրախն Ադրբեջանի կողմից կատարվող  հանցագործությունների պատասխանատվության համար նոր, լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ գործարկելն է, ինչպես նաեւ լրացուցիչ, կանխարգելիչ մեխանիզմ ունենալը:

Նշվել է, որ Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվել է` արդյո՞ք ԼՂ հայերի բռնի տեղահանման գործընթացը Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո է: Հարցին ի պատասխան` հիմնական զեկուցողն ասել է, որ խոսքը կանոնադադրությամբ նախատեսված հանցագործության մասին, որը, այո', տեղավորվում է դատարանի իրավասությունների ներքո:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ նշել է, որ մեր երկիրը համաձայնագիրը վավերացնում է այն տեսքով, որով ընդունվել է դիվանագիտական կոնֆերանսում` առանց Կամպալայի փոփոխությունների: Պատգամավորը հայտնել է, որ ագրեսիայի ու հանցագործության սահմանումներն այդ փոփոխություններով են սահմանվել: «Ուստի, հարց է առաջանում` արդյո՞ք ագրեսիայի ու հանցագործության պարագայում մեր երկիրը չի հավակնելու դատարանի իրավազորությանը»,- հարցրել է Վլադիմիր Վարդանյանը:

Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ Կամպալայի փոփոխությունները կսկսեն գործել համաձայնագրի վավերացումից հետո, քանի որ այն որոշակի ներպետական ընթացակարգերի վավերացում է պահանջում:

«Որքանո՞վ արդյունավետ կլինի այս իրավական գործիքը, հնարավո՞ր է` կրկին դատական ակտ կայացվի ու էլի չկատարվի Ադրբեջանի կողմից»,- հիմնական զեկուցողից հետաքրքրվել է Արուսյակ Ջուլհակյանն ու հիմնավորել հարցի անհրաժեշտությունը` նշելով. «Հանրության շրջանում թերահավատություն է առաջացել միջազգային դատական ատյանների կայացրած որոշումների վերաբերյալ: Լաչինի միջանցքի շրջափակման փաստով պայմանավորված եւ այլ հարցերին վերաբերող միջազգային մի քանի դատական ակտեր ունենք, որոնք չեն կատարվում»:

«Ճիշտ եք, ունենք միջազգային դատարանների շատ հստակ որոշումներ, որոնք անտեսվում են Ադրբեջանի կողմից: Ցավոք, միջազգային իրավական համակարգում մեխանիզմներն անկատար են ու Դատարանի որոշումների կիրառման նկատմամբ վերահսկողությունը տարբեր մարմիններ են իրականացնում, շատ հարցեր բաց են մնում: Որոշակի անարդյունավետություն կա, բայց միջազգային դատարանները չպետք է դիտարկենք լոկ ներպետական դատարանի կամ ներպետական դատական ակտերի տրամաբանության մեջ, քանի որ այդ դատարանների որոշումների ազդեցությունը բազմաշերտ քաղաքական ազդեցություն է ունենում»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը: Նա հավելել է, որ հանրության տպավորությունն օբյեկտիվ  է, բայց հարցին պետք է համբերատար ու երկարաժամկետ նայել: Դատական ակտերն անմիջական էֆեկտներ չեն ունենում, բայց դա չի նշանակում, որ իրավական գործընթացներում պետք է չպայքարենք: Հիմնական զեկուցողի խոսքով Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացման քայլն ինչ-որ առումով նաեւ քաղաքակրթական ազդակ է արժեքային առումով, որը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից զեկույցում անհրաժեշտ է համարել  նախագծի ընդունումը` ներկայացնելով հիմնավորումներ: Նա տեղեկացրել է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները, Եվրոպայի խորհրդի  անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը ստորագրել եւ վավերացրել է փաստաթուղթը, եւ դա դիտարկում են որպես եվրոպական արժեհամակարգի եւ առաջատար միջազգային իրավական համակարգի կարեւորագույն բաղադրատարր: «Եզակի պետություններից մեկը, որ մեր տարածաշրջանում` Հարավային Կովկասում, չի ստորագրել եւ վավերացրել փաստաթուղթը, Ադրբեջանն է»,- ընդգծել է նա` հավելելով, որ փաստաթուղթը ստորագրել է 131 պետություն, վավերացրել` 122-ը: Այսինքն` ՄԱԿ-ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը` կեսից ավելին, այս փաստաթղթի անդամ է:

Դիմելով հանրությանը եւ ընդգծելով դատարանի կարեւորությունը` Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ  այն բավական դանդաղ գործող կառույց  է, եւ շատ արագ ու շատ արդյունավետ լուծումներ այսօր ակնկալել այդ դատարանից չենք կարող: Նրա խոսքով պատճառներն օբյեկտիվ են: «Միջազգային քրեական դատարանի պատմության մեջ, Միջազգային քրեական դատարանին նվիրված հետազոտությունների մեջ մենք մշտապես առնչվել եւ առնչվելու ենք «հայ» եւ «Հայաստան» բառերին: Սա ոչ միայն իրավական, քաղաքական պարտավորություն է: Իմ կարծիքով սա նաեւ բարոյական պարտականություն  է` վավերացնել մի փաստաթուղթ, որը եկել է, գալիս է հայ ժողովրդի ցավերից: Եվ գուցե այս հարցում շատ ավելի շուտ եւ ավելի հստակ կողմնորոշվելը մեզ հնարավորություն կտար գուցե եւ խուսափել որոշակի իրադարձություններից, որոնք վրա հասան»,- ամփոփելով ելույթը` ասել է հանձնաժողովի նախագահը:

Ելույթների ընթացքում Ալխաս Ղազարյանը հիշեցրել է, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զինված ուժերը ռազմական ագրեսիա են իրականացրել ՀՀ դեմ եւ ներխուժել մեր երկրի ինքիշխան տարածք, դրան հաջորդել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան, այնուհետեւ ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանումը: Պատգամավորը փաստել է, որ Հռոմի կանոնադրության` հնարավորինս արագ վավերացումը բխում է մեր երկրի քաղաքացիների շահերից:

Արփինե Դավոյանն էլ կարեւոր է համարել այն փաստը, որ նախագծի վավերացումից հետո այն հետադարձ կերպով անդրադառնալու է Ադրբեջանի կողմից մինչ օրս իրականացված ռազմական գործողությունների վրա ու հիմք հանդիսանալու հնարավոր հարձակումները կաշկանդելու համար: Պատգամավորը նկատել է, որ հանձնաժողովի նիստին չեն մասնակցում ընդդիմադիր գործընկերները, որոնք նախկինում դեմ են արտահայտվել քննարկվող նախագծին:

Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է. «Այս փաստաթղթի վավերացումը փորձում էին դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման կոնտեքստում: Դա բացառապես մանիպուլյատիվ բնույթ էր կրում եւ որեւիցե եղանակով չէր ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Բավական երկար աշխատանք են կատարել այն բանի համար, որ այս փաստաթղթի վավերացումից հետո հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին որեւէ վտանգ չսպառնա: Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 98-րդ հոդվածի երկրորդ մասն այդ հնարավորությունը տալիս է: Մենք մշտապես կողմ ենք եղել իրավապայմանագրային բազայի հիման վրա այս կամ այն հարաբերությունները կարգավորելուն: Այս փաստաթղթի վավերացումը չպետք է դիտարկվի որպես ինչ-որ երկրի դեմ իրականացվող քայլ: Համաձայնագիրն ուղղված է այն միջազգային հանցագործների դեմ, որոնք ՀՀ դեմ ագրեսիա են սանձազերծել եւ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացրել»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարցին` առաջարկելով այն ընդգրկել Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում:
 
 
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am