National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.09.2023
«Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության՝ Հայաստանի կողմից վավերացումը կգնահատվի կարեւորագույն դրական առաջընթաց
1 / 9

Մահապատժի արգելքը` առանց սահմանափակումների, ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:  Հայաստանը հանձն է առել վերացնել մահապատիժը թե՛ համընդհանուր, թե՛ տարածաշրջանային միջազգային գործիքների միջոցով: 2003 թվականին Հայաստանը վավերացրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, համաձայն որի՝ մահապատժի վերացումն արդեն իսկ սահմանափակված է, սակայն այն չի բացառում մահապատիժը պատերազմի ժամանակ կամ պատերազմի անմիջական վտանգի պայմաններում կատարված արարքների համար: Այս ենթատեքստում 13-րդ արձանագրությունը դիտվում է որպես վերջնական քայլ՝ ուղղված բոլոր դեպքերում մահապատժի վերացմանը: Հայաստանի կողմից արձանագրության վավերացումը միջազգային մակարդակով կգնահատվի որպես կարեւորագույն դրական առաջընթաց՝ ամրապնդելով Հայաստանի վարկանիշը՝ որպես իր պարտավորությունները հարգող միջազգային անդամ պետություն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով ««Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին, կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի նիստում: Արձանագրությունը ստորագրվել է 2002 թվականի մայիսի 3-ին:

Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատժի ամբողջական վերացման կողմնակից պետության դիրքորոշմանը, սակայն շարունակում է մնալ Հայաստանի կողմից դեռեւս չկատարված կարեւորագույն միջազգային հանձնառություններից մեկը:

Այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրել է 46 պետություն, որն ուժի մեջ է մտել 44 պետության համար: Հայաստանը մինչ այժմ չէր վավերացրել արձանագրությունը: Երկրորդ երկիրը, որ դեռեւս չի վավերացրել այն, Ադրբեջանն է: Արձանագրության վավերացման հարցը պարբերաբար դրվում է ինչպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի, այնպես էլ՝ ԵԽԽՎ օրակարգերում:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է, թե ինչու մինչ այժմ այս հարցը չի քննարկվել: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ 2007 թվականին գործընթացը մեկ անգամ մեկնարկել է, նախագիծը ներկայացվել է ՍԴ եւ գնահատվել է Սահմանադրությանը համապատասխանող: Սակայն գործընթացն ինչ-ինչ պատճառներով կանգ է առել:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ, ընդհանրապես, անկախ ՀՀ-ի պատմության ընթացքում մահապատժի ի կատար ածման տեխնիկական հնարավորություններ չեն եղել, եւ մահապատիժը ՀՀ-ում երբեք ի կատար չի ածվել: Անդրադառնալով այսպես կոչված արտադատական մահապատիժներին՝ նա նշել է. «Մենք, ցավոք, բախվել ենք նման դեպքերի թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ կատարված ագրեսիայի շրջանակում, երբ անձինք, ըստ էության, գնդակահարվել են առանց համապատասխան դատական ընթացակարգերի: Սա դիտարկվել է, դիտարկվում է եւ դիտարկվելու է որպես միջազգային հանցագործություն: Այս ընթացակարգը, որպես այդպիսին, արգելված է, եւ մեր հարեւանները պետք է հստակ հասկանան, որ այս կարգի գործողությունները դիտարկվում են որպես ռազմական հանցագործություններ»: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

«Կարեւոր է այս հարցի քննարկման շրջանակում գտնել մի մեխանիզմ՝ եւս մեկ անգամ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին»,- ասել է հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի՝ նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բժշկական զննության իրականացումը նաեւ պաշտոնավարող դատավորների համար: Նշվել է, որ բժշկական զննության կազմակերպման գործընթացում կբացառվի Առողջապահության նախարարության ներգրավումը:

Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am