National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.07.2023
Քննարկվել է մեր երկրում գերմանական ընկերությունների գործունեությանը վերաբերող համաձայնագրի վավերացման հարցը
1 / 10

Ազգային ժողովը հուլիսի 13-ի արտահերթ նստաշրջանում քննարկել է ««Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ վերոնշյալ ընկերությունները Հայաստանում գործունեություն են ծավալում դեռեւս 2000-ականների սկզբից, սակայն մինչ այս պահը չեն ունեցել իրավական կարգավիճակ, գործել են դեսպանությունների ներքո: Որոշակի տեխնիկական հարցեր են առաջացել այս ընկերությունների գործունեության  հետ կապված՝ գույքի ու սարքավորումների ներմուծման, հարկերի վճարման եւ այլն: Փոխնախարարը պարզաբանել է, որ գործընթացը դեռեւս տարիներ առաջ երկկողմ համաձայնագրով պետք է կարգավորված լիներ, սակայն մինչ օրս ձգձգվել է ինչ-ինչ պատճառներով: «Նախորդ տարի մեր ակտիվ նախաձեռնության արդյունքում հայտագրերի փոխանակման միջոցով հաջողվեց նման պայմանագիր ստորագրել, որը ներկայացվել է վավերացման»,- ասել է Ռաֆայել Գեւորգյանը:

Փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել հայ-գերմանական արդյունավետ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ բազմաթիվ նոր նախաձեռնություններ են քննարկվում: Դեռեւս 1995 թվականից առկա է հարուստ իրավապայմանագրային բազա, Գերմանիան Հայաստանում ներդրումներ է կատարել մոտ երկու տրիլիոն դրամին համարժեք: Այս պահին KFW բանկի ակտիվ պորտֆելը Հայաստանում կազմում է մոտ 650 մլն եվրո: GIZ-ը հիմնականում գործունեություն է ծավալում գրանտային միջոցառումների շրջանակում, մասնավոր հատվածի զարգացման համար շատ կարեւոր աշխատանք է կատարվել տարիների ընթացքում եւ այժմ էլ ակտիվ աջակցություն է ցուցաբերում մեր երկրին:

Պատգամավորներ Արսեն Թորոսյանի, Արծվիկ Մինասյանի, Ծովինար Վարդանյանի եւ Սերգեյ Բագրատյանի հարցերի առնչությամբ փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացրել, նշել, որ Գերմանիան առեւտրաշրջանառության առումով ԵՄ շրջանակում Հայաստանի առաջին գործընկերն է, մոտ երկու տրիլիոնից ավելի ներդրումներ են արվել մեր երկրում նախորդ տարիների ընթացքում: «Թե ինչո՞ւ այս համաձայնագրերը չեն ստորագրվել, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ դա խոչընդոտել է մեր հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Ռաֆայել Գեւորգյանը եւ հավելել, որ համաձայնագրով նոր արտոնություններ չեն սահմանվում, կանոնակարգվում են գործող հարաբերությունները:

Մինչ այժմ համաձայնագրի ընդունման գործընթացը ձգձգելու կամ խոչընդոտելու վերաբերյալ պատգամավորների հարցերին ի պատասխան՝ էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ գործընթացը սկսել է 12 տարի առաջ, եւ դրանից հետո պարբերաբար Գերմանիայի կառավարությունը տարբեր մակարդակներում հնչեցրել է, որ այս համաձայնագրերն իրենց համար կարեւոր են: «Այդ արձանագրումներն արվել են նաեւ վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչի արդյունքում հարցը լուծվել է, հարցը հնարավոր էր լուծել մեկ տարվա ընթացքում: Խոչընդոտվե՞լ է, թե՝ ոչ, հարցի պատասխանը կթողնեմ ձեզ»,- ասել է նա:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Էդգար Հակոբյանը:

Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am