National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.06.2023
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը
1 / 17

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 23-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Նիստը նախագահել են հանձնաժողովների նախագահներ Գեւորգ Պապոյանը եւ Սիսակ Գաբրիելյանը: 
  
Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Բարսեղյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը բյուջետային 23 ծրագրերի իրականացման համար տարեկան բյուջեով նախատեսվել է 87,807,122.0 հազ.դրամ, հաշվետու ժամանակահատվածի ճշգրտված պլանը կազմել է 80,830,301.0 հազ. դրամ, փաստացի ֆինանսավորումը` 77,768,554.7 հազ. դրամ, կատարողականը` շուրջ 96 տոկոս: 
  
Ըստ նրա` Հաշվեքննիչ պալատը 2022 թ. նախարարությունում իրականացրած հաշվեքննության արդյունքում արձանագրել է անհամապատասխանություններ եւ խեղաթյուրումներ: 
  
Արձանագրվել է անհամապատասխանություն ՀՀ կառավարության 2016թ. «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջների նկատմամբ: Նախարարությունը վերոնշյալ կարգով սահմանված բանաձեւում կիրառել է ոչ թե «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը` 68,000 դրամ,  այլ նվազագույն աշխատավարձի չափը` ավելացված աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգեւատրումները եւ լրավճարները: Այն  բազմապատկվել է 1,75 գործակցով, ինչի արդյունքում աշխատավարձի տարեկան ֆոնդը ավելի է հաշվարկվել շուրջ 349,773.9 հազ. դրամով: 
  
Նախարարության կողմից «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» միջոցառման հաշվեքննությամբ արձանագրվել է նաեւ, որ 4 հաստատություններ ներառված չեն եղել ՀՀ կրթության եւ  գիտության  նախարարի 2015թ. հրամանում եւ դրանց համար սահմանված չեն եղել հաշվարկային թվեր: 
  
2022թ. նախարարությունը 4 ուսումնական հաստատություններին հատկացրել է 20,712.6 հազ. դրամ (Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ` 1,119.5 հազ. դրամ, Եվրոպական համալսարան հիմնադրամ` 2,985.2 հազ. դրամ, Հայաստանում ամերիկյան համալսարան հիմնադրամ` 7,463.1 հազ. դրամ, Երեւանում Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ` 9,144.8 հազ. դրամ): 
  
Արձանագրվել է անհամապատասխանություն կնքված սուբսիդիայի պայմանագրերի եւ ՀՀ կառավարության 2003թ. «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների եւ դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջների միջեւ: 
  
Ըստ կառույցի անդամ Գագիկ Բարսեղյանի` առկա է անհամապատասխանություն ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի` 2007թ. «ՀՀ բյուջետային եւ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները եւ դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» հրամանի եւ «Դասակարգման կիրառման ցուցումներ» հավելվածի պահանջների նկատմամբ: 
  
Արդյունքում «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելումներ - 4111» հոդվածից վճարվել է 162,276.9 հազ. դրամի չափով պարգեւատրում, որը չի դասակարգվել ու չի արտացոլվել «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ-4112» հոդվածում, ինչն իր հերթին հանգեցրել է հաշվետվության խեղաթյուրմանը: 
  
Նշվել է, որ անհամապատասխանությունների մի մասի վերաբերյալ նախարարությունը հանդես է եկել պարզաբանումով, իսկ մյուս մասն ընդունվել է ի գիտություն: 
  
Տարբեր կարծիքներ եւ պարզաբանումներ են հնչել աշխատավարձերը 1.75 գործակցով հաշվարկելու առնչությամբ: 
  
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը փաստել է, որ հաշվեքննություն իրականացնելիս պալատը հիմք է ընդունում Կառավարության որոշումը: Նա առաջարկել է լուծում տալ խնդրին` նախարարի հրամանով. Կառավարության որոշումով է սահմանվում աշխատավարձի հաշվարկման բանաձեւը: Ըստ նրա` երեք անհամապատասխանությունից երկուսն են ճանաչվել` որպես խեղաթյուրում: ՀՊ-ի նախագահը, պատասխանելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախախագահ Սիսակ Գաբրիելյանի հարցին, պարզաբանել է` ինչ են նշանակում  «անհամապատասխանություն» եւ «խեղաթյուրում» հասկացությունները: Ատոմ Ջանջուղազյանը նաեւ նշել է, որ ՀՊ-ը իրավական գնահատական չի տալիս` փաստն է արձանագրում: Նրա հավաստմամբ` հաշվեքննության նպատակն է նպաստել կառավարման որակի բարելավմանը: 
  
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ` անհամապատասխանության պատճառն այն է, որ աշխատավարձերը հաշվարկվել են մեկ այլ դրույթով: 
  
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ արդեն փոփոխության է ենթարկվել համապատասխան որոշումը եւ այն դրվել է շրջանառության մեջ: Ըստ նրա` առաջիկայում կսկսի գործել հանրակրթության ֆինանսավորման թվայնացված նոր համակարգը, ինչը հնարավորություն կտա խուսափել նմանօրինակ անհամապատասխանություններից: Կսահմանվի նաեւ միասնական ֆինանսավորման ամբողջական բանաձեւ: Նախարարի հավաստմամբ` առաջիկայում կսկսի գործել տեղեկատվական նոր համակարգը: Ժաննա Անդրեասյանը պարզաբանումներ է ներկայացրել նաեւ հանրակրթության, դպրոցների ֆինանսավորման բազմաթիվ խնդիրների վերաբերյալ, շեշտադրել դրանց օրենսդրական ճանապարհով լուծումներ տալու անհրաժեշտությունը: Խոսելով բարեփոխումներից` նա փաստել է, որ ամբողջությամբ կարգավորվել է դպրոցների հաստիքացուցակը: Որոշ պաշտոններ դուրս են եկել եւ ավելացել նորերը: Ներառվել են էլեկտրոնային դասավանդման եւ տեղեկատվական համակարգերի մասնագետի եւ հոգեբանի հաստիքներ: Սեպտեմբերից սկսած բոլոր դպրոցներում դրանք պարտադիր լինելու են: 
  
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Ազգային ժողովի եւ Հաշվեքննիչ պալատի հետ գործակցության կարեւորությունը: 
  
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Հաշվեքննիչ պալատը, ըստ էության, աստիճանաբար հաշվեքննությունից անցում է կատարում արդյունավետության գնահատմանը: Ընդգծվել է ընդհանրապես գործունեության արդյունավետության բարձրացման կարեւորությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am