National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.06.2023
Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները
1 / 11

 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ին «Հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին պատգամավորներ, Կառավարության պատասխանատուներ, «Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության»  ՀԿ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ աշխատանքային քննարկումը նախաձեռնվել է` հաշվի առնելով ՀԿ-ի ուղարկած նամակը:

«Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ», «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հայտնել է, որ վերջերս Կառավարությունն ընդունել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը, ինչը  ողջունել է իրենց միությունը: Սակայն միայն ֆորմալ ռազմավարություն կամ տեսլական ունենալով` հնարավոր չէ զարգացնել  այդ կարեւորագույն ոլորտը, կարծում է միության ղեկավարը: «Գուցե այնքան էլ նկատելի չէ, բայց  ոլորտը ճգնաժամի մեջ է: Եթե Կառավարության կամ Ազգային ժողովի  կողմից  ոչինչ չարվի` ճգնաժամն ավելի կխորանա»,-ասել է Վարդան Ջհանյանը եւ հավելել, որ ճգնաժամի պատճառներից  հիմնականը դրամի փոխարժեքի  արժեւորումն է, ինչը ծանր հետեւանքներ է թողնում ոլորտի բոլոր արտադրողների եւ արտահանողների  վրա: Մյուս պատճառը ներդրումների զգալի նվազումն է:  Ըստ նրա` բացի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, մյուս բոլոր ընկերությունները  խոր ճգնաժամի մեջ են, ունեն ֆինանսական խնդիրներ: Շատերը կանգնած են փակվելու վտանգի առաջ: Միության ղեկավարի կարծիքով` օրենսդիր եւ գործադիր մարմինները չեն անում այնպիսի զգալի  քայլեր, որ ոլորտը գրավիչ դառնա ներդրողների համար: Ըստ նրա, ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է կամ  հարկային արտոնություններ տալ, կամ որեւէ կերպ ազդել դրամի փոխարժեքի վրա:

Բարձրացված խնդիրներին  անդրադարձել են պատգամավորներն ու Կառավարության ներկայացուցիչները:

 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ Կառավարության եւ Կենտրոնական բանկի նպատակները  չեն տարբերվում հանքարդյունաբերողների նպատակներից: «Այստեղ խնդիրը ճիշտ բալանսը գտնելն է, որովհետեւ, եթե մենք հիմա ասում ենք, թե ԿԲ-ի գլխավոր նպատակը գների  կայունության ապահովումն է, դա էլ է, ի վերջո, բերում տնտեսական նորմալ իրավիճակի: Որովհետեւ, եթե գների կայունությունը խախտվեց, տնտեսական աճ չենք ունենա: Ու չնայած, որ մենք որեւէ լծակ չունենք եւ չենք էլ ուզում միջամտել Կենտրոնական բանկի քաղաքականությանը, բայց այդ քննարկումները միշտ համաժամանակյա են կատարվում, քանի որ նպատակները նույնն են»,- նշել է Բաբկեն Թունյանը` պատրաստակամություն հայտնելով քննարկել ոլորտին աջակցության մեխանիզմները:

«Իրավական առումով ԱԺ-ն եւ Կառավարությունը նման գործառույթ չունեն, սահմանադրական նման պարտավորություն եւ իրավունք չունեն, ավելին` Կենտրոնական բանկը եւս չունի: Այլ հարց է, որ ԿԲ-ն, լինելով ֆինանսական կայունության եւ գնաճի պատասխանատու`  Սահմանադրությամբ, կարող է իր  գործիքակազմով` միայն այդ տրամաբանության մեջ, որոշակի գործառնություններ իրականացնել, ոչ ավելին: Բայց դա համարվում է ոչ ճիշտ»,- պարզաբանել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նա հավելել է, որ շուկայական իրավիճակին պետք է հարմարվի տնտեսությունը: «Չի կարող  պետության մեջ լինել այնպես, որ այլ ապրանքների գինը որոշվի մրցակցությամբ, իսկ փողի գինը որոշվի ֆիքսված տարբերակով»,-ասել է նա:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն էլ   հայտնել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության  եւ դրանից բխող գործողությունների ծրագրի քննարկմանը միության  ներկայացուցիչները մասնակցել են: Նրա խոսքով Կառավարությունն այդ փաստաթղթում նախանշել է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների պլանը, որով պետք է շարժվի  առաջիկա 10 տարում, որպեսզի ոլորտը դառնա ավելի կանխատեսելի: Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ  Կառավարությունն ունի բարեխիղճ եւ երկարաժամկետ պլաններ ունեցող կազմակերպություններին  աջակցության մի շարք ծրագրեր, որոնք գործում են: «Ուղիղ աջակցություն` գումարի տեսքով, Կառավարությունը բազմիցս ասել է, որ չի նախատեսում: Այդ աջակցությունը պետք է միտված լինի արտադրողականության ավելացմանը»,-ընդգծել է Հովհաննես Հարությունյանը: Նա  Վարդան Ջհանյանին հորդորել է վերանայել ընկերությունների կառավարման ներքին քաղաքականությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն էլ չի կիսել այն տեսակետը, թե ներդրումները նվազում են:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը`  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ օրենսդիր մարմինը մշտապես պատրաստակամ է քննարկել աջակցության մեխանիզմների հարցը, եթե օրենսդրության հետ կապված հարցեր կլինեն:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am