National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.04.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը
1 / 10

Ապրիլի 11-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Օրակարգային որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով, դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Խորհրդարանը քննարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ-ի պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Անահիտ Մանասյանի թեկնածությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը:

Արթուր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ ընտրվելու պարագայում Անահիտ Մանասյանն իր գիտելիքներն ու բարձր որակավորումը կծառայեցնի մարդու իրավունքների պաշտպանությանը:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության իր տեսլականը՝ նշելով, որ ձգտելու է իր գիտելիքների եւ հմտությունների ամբողջ պաշարը ծառայեցնել նշված նպատակի իրականացմանը: «Երբ մտածում էի՝ կարո՞ղ եմ ստանձնել այս առաքելությունը, սկսեցի վերլուծել այն արժեքները, որոնք ինքս եմ կրում: Դրանք ինձ ուղեկցել են մանկությունից` ստացածս դաստիարակության շնորհիվ, եւ երբեւէ չեմ դավաճանել այդ սկզբունքներին: Դրանք են՝ մարդասիրություն, կարեկցանք մարդկանց ու նրանց ճակատագրերի հանդեպ, ազնվություն, արդարություն եւ գիտելիքի հանդեպ անսահման հավատ»,- ասել է նա:

Մարդու իրավունքների պաշտպանության հարցում Անահիտ Մանասյանը կարեւորել է հանդուրժողականության եւ արժանապատվության գաղափարները՝ այս բնագավառում բացառելով քաղաքականացվածությունը: «Անելու եմ առավելագույնը՝ ՄԻՊ ինստիտուտը քաղաքականացվածությունից լիակատար զերծ պահելու նպատակով: Ես պատրաստ եմ եւ ձգտելու եմ դառնալ կամուրջ հանրային հանդուրժողականության եւ համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելու ՄԻՊ ինստիտուտը որեւէ տեսակի քաղաքական շահարկումներից»,- շեշտել է Անահիտ Մանասյանը:

ՄԻՊ թեկնածուն իր նպատակն է համարում հանրային հանդուրժողականության մթնոլորտում մարդու արժանապատվության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պատշաճ մթնոլորտի ձեւավորումը՝ նկատի ունենալով իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը:

ՄԻՊ թեկնածուն նշել է, որ համատեղ ուժերով մեծ աշխատանք է անհրաժեշտ տանել հանրության շրջանում մեծ տարածում ունեցող բացասական երեւույթների՝ անձանց թիրախավորման, ատելության խոսքի, բռնության քարոզի դեմ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն Անահիտ Մանասյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ այլ առաջարկ ստանալու դեպքում նա հրաժարվի ՄԻՊ պաշտոնից, ինչպես եղավ նախորդ ՄԻՊ-ի դեպքում, ինչին ի պատասխան՝ Անահիտ Մանասյանն ասել է, որ ՄԻՊ պաշտոնն իր համար զուտ պաշտոն չէ, այն պատասխանատվություն եւ առաքելություն է, որը ստանձնելու է շատ մեծ ու բարձր պատասխանատվությամբ: «Միանշանակ հանձնառու եմ փորձել, ձգտել, ամեն ինչ անել՝ այդ առաքելությունը մինչեւ վերջ հասցնելու եւ ոլորտը որեւէ պատշաճ մակարդակի կատարելագործելու նպատակով»,- ընդգծել է նա:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է՝ եթե իրավապահ մարմինների աշխատակցի ներկայությամբ տեղի է ունենում առերեւույթ հանցագործություն, վիրավորանք, սպառնալիք, ծեծ, այդ դեպքում ինչպե՞ս պետք է արձագանքի, մասնավորապես, գլխավոր դատախազը: «Մենք պիտի կարողանանք միասին ձեւավորել այնպիսի միջավայր, որտեղ հպարտ կլինենք արժանապատիվ ապրելու, հետեւաբար բոլոր այդ իրավիճակները մեր համատեղ ուժերով պետք է բացառենք՝ առաջին հերթին ամեն մեկս սկսելով ինքն իրենից»,- ասել է Անահիտ Մանասյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրելիս խմբակցությունն առաջնորդվել է նրա մասնագիտական գիտելիքներով, անցած ճանապարհով, բարոյական արժեքներով: Թե՛ խմբակցության հետ կայացած հանդիպմանը, թե՛ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում եւ թե՛ այսօրվա նիստում ներկայացրած ելույթի եւ տեղի ունեցած հարցուպատասխանի արդյունքում Անահիտ Մանասյանը ստիպեց մեզ վերահաստատել մեր դիրքորոշումը եւ համոզմունքը, որ մենք ճիշտ թեկնածու ենք առաջադրել այս կարեւոր պաշտոնի համար»,- ասել է խմբակցության ղեկավարը:

Հայկ Կոնջորյանը հավելել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ՄԻՊ պաշտոնում Անահիտ Մանասյանի թեկնածությանը:

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ ընդդիմադիր գործընկերների ելույթներում թեկնածուի վերաբերյալ հնչած տեսակետներին, հորդորել խորհրդարանում ապահովել քաղաքական երկխոսություն:

Եզրափակիչ ելույթում Անահիտ Մանասյանը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին: Նա նշել է, որ ՄԻՊ գործառույթն իրականացնելիս օգտագործելու է իր բոլոր գիտելիքները եւ հմտությունները՝ պաշտպանի առաքելությունը պատշաճ մակարդակով կատարելու համար:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ՄԻՊ ընտրության քվեարկության կարգը, տեղը եւ ժամը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am