National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.04.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր
1 / 5

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ մի շարք ապրանքների գծով հանելով ԱԱՀ-ի գանձումը սահմանին, որի արդյունքում ակնկալվում է, որ նշված ապրանքների ներմուծման ծավալները կավելանան:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը լրամշակվել է: Կառավարության ներկայացրած բովանդակային, խմբագրական առաջարկներն ընդունվել են: Նախագծում ավելացվել է երեք նոր ծածկագիր:

««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել եւ հնարավորինս ամբողջականացնել քաղաքաշինության բնագավառում Կառավարության իրավասությունը, հստակեցնել հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, կազմման եւ հաստատման ընթացակարգերն ու կանոնակարգերը, սահմանել լրացուցիչ պահանջներ առանձնացված օբյեկտներում քաղաքաշինական գործունեության իրականացման համար գործող ընթացակարգում:

Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի՝ առաջին ընթերցումից հետո քննարկվել եւ ընդունվել են ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության մի շարք առաջարկություններ:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակը ոսկու խտանյութը եւ համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձեւավորումն է, ինչի համար առաջարկվում է ԱԱՀ-ից ազատված թանկարժեք մետաղների իրացման գործարքները շարունակել համարել ԱԱՀ-ից ազատված գործարքներ, փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածք արտադրող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցել ոսկու համաձուլվածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է փոխել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչը կատարվել է: Օրինագիծն ուժի մեջ կմտնի սույն թվականի մայիսի մեկին:

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի նպատակն է խթանել էլեկտրոնային վարույթների ծավալների աճը, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման եւ հողաշինարարության գործունեության ոլորտում համալրել պահանջվող տեղեկատվությունը, վերացնել 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ եւ տնտեսական շինությունների կարգավիճակի անհստակությունը, ապահովել իրական հնարավորություններ՝ ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց օտարման շերտերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, այդ ուղղությամբ օբյեկտիվ, ամբողջական տեղեկատվական բազայի ստեղծման համար:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:

Նիստի ավարտին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ մի քանի դեղագործական ընկերությունների կողմից Ազգային ժողով է ներկայացվել հանրագիր: Նա հորդորել է գործընկերներին ծանոթանալ տեքստին եւ պատրաստվել առաջիկայում դրա քննարկմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am