Խորապես ցնցված եւ հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ ցեղասպանությունների, պետք է մշտապես հասարակության ներսում զարգացնենք հիշողության մշակույթը եւ միշտ խոսենք այդ մասին: Դրա վառ վկայություններից մեկը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն է, որի շնորհիվ մենք քայլ արեցինք` խթանելու ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում. ասել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսները մարտի 21-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ:
Տաբեա Ռյոսները եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Տաբեա Ռյոսները գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: