ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մարտի 15-ին խորհրդարանում հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը:
Պատգամավորը դեսպանին շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության խորհրդարանի ներկայացուցիչների կողմից ադրբեջանական գործողությունները հասցեական քննադատելու, Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման, ցեղասպանության շարունակականության մասին հիշատակելու համար: Միաժամանակ ահազանգել է, որ նկատելի են ադրբեջանական զինուժի եւ ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի եւ Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ եւ սպառնալիք կա: Բացի այդ, Ադրբեջանը, կասկածի տակ դնելով ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի հեղինակությունը, չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը եւ շարունակում է Բերձորի միջանցքը փակ պահել, որի հետեւանքով Արցախում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ օրհասական:
«Իսկապես խաղաղության գինը շատ լավ եմ պատկերացնում: Այն տարածքները, որտեղ անցկացրել եմ իմ մանկությունը, հիմա օկուպացված են թշնամու կողմից, Արցախում շրջափակված մեր 120.000 հայրենակիցները գտնվում են հումանիտար աղետի ծանր պայմաններում: Որքան մենք խոսում ենք խաղաղությունից, այնքան ստանում ենք ագրեսիա Ադրբեջանի կողմից»,- իր խոսքում ընդգծել է Թագուհի Թովմասյանը:
Ի պատասխան` դեսպանը նշել է, որ հասկանում է իրավիճակի բարդությունը եւ հումանիտար խնդիրների լրջությունն ու հայտնել, որ Միացյալ Թագավորությունը սատարում է հակամարտության կայուն եւ խաղաղ կարգավորման միջազգային ջանքերին, շեշտել է կառուցողական երկխոսության, վստահության մեխանիզմների կարեւորությունը:
Դեսպանը հավելել է, որ Միացյալ Թագավորությունն Ադրբեջանի հետ զրույցներում նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի: Նա նաեւ հույս է հայտնել, որ երկխոսության արդյունքում իրավիճակում իրական փոփոխություն կլինի:
Ջոն Գալագերը կարեւորել է հանձնաժողովի գործունեությունը Միացյալ Թագավորության համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում, այդ թվում` կանանց իրավունքներին առնչվող հարցերի տեսանկյունից:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պատվիրակության հետ քննարկել է նաեւ Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր: