Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Սարգիս Խանդանյանի գնահատմամբ ակտիվ են Հայաստանի եւ Շվեդիայի միջխորհրդարանական հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ արդյունավետ համագործակցությունը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը՝ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները եւ անտեսելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Շվեդիայի հետ գործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման գործում Շվեդիայի աջակցության համար: Սարգիս Խանդանյանն արժեւորել է մի շարք ոլորտների զարգացման հարցում Շվեդիայի կառավարության ցուցաբերած ֆինանսական օժանդակությունը, այդ թվում՝ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աջակցությունը:
Պատրիկ Սվենսոնը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Կարեւորելով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: