Առաջարկվում է ստեղծել անշարժ գույքի վրա կիրառվող սահմանափակումների մեկ միասնական էլեկտրոնային բազա: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանելու է Կառավարությունը: Այդ կարգի հաստատումից եւ օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում իրավապահ համակարգերի կողմից անշարժ գույքի վրա կիրառվող որոշ սահմանափակումներ համապատասխան էլեկտրոնային հարթակով եւ պահանջներին համապատասխան պետք է ուղարկվեն Կադաստրի կոմիտե: Էլեկտրոնային համակարգը տվյալների բազայում ավտոմատ եղանակով կգտնի այն սուբյեկտը կամ օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է սահմանափակում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում ու Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները ներկայացնելիս տեղեկացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Նշվել է, որ օրենքով երկու տարվա ընթացքում սահմանափակումների կիրառման հետ առնչվող պետական մարմինները եւ Կադաստրի կոմիտեն պետք է զտեն համապատասխան տվյալների բազան, որից հետո պետք է վերջնական ձեւավորվի միասնական սահմանափակումների համակարգը: Ըստ Սուրեն Թովմասյանի` արդյունքում մինչեւ 3-4 աշխատանքային օր տեւող որոշ գործողություններ հնարավոր կլինի կատարել առցանց` նույն պահին:
Նախատեսվում է ապահովել թվայնացում եւ թվային վերափոխում, մասնավորապես, առաջարկվում է համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, նոտարներին իրենց կազմած համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը Կադաստրի կոմիտե ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով: Էլեկտրոնային համակարգ մուտք արված փաստաթուղթը ներկայացված կհամարվի այն մարմին, որտեղ այդ որոշումը կայացվել է: Սուրեն Թովմասյանի համոզմամբ այս փոփոխություններով կկրճատվեն քաղաքացիների գործողությունները եւ Կադաստրի կոմիտեի թղթային արխիվի անընդհատ մեծանալու հնարավորությունը:
Ճանապարհային ցանցի գրանցման պիլոտային ծրագիր է իրականացվելու Շիրակի մարզում: Միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել Շիրակի մարզի ճանապարհային ցանցի գրանցմանն ուղղված գործողություններ:
Հաջորդ կարգավորմամբ մինչեւ 2006 թվականի հուլիսի 29-ը բնակելի, խառը կառուցապատման կամ տնամերձ հողամասում սեփականության իրավունքով օրինական գրանցված 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույց անհատական բնակելի տունը, դրա օժանդակ եւ տնտեսական շինությունները, որպես ավարտված շինություն, գրանցվում են որակավորված անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված եւ ներկայացված չափագրման նյութերի փաթեթի հիման վրա:
Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորներն անդրադարձել են Կադաստրի կոմիտեի արդեն հավաքված թղթային արխիվին, իրավական հստակեցում պահանջող որոշ դրույթների, ճանապարհային ցանցերի նախագծման աշխատանքներին, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության առանձնահատկություններին:
Կադաստրի կոմիտեի ղեկավարը պարզաբանել է, որ նոր ճանապարհային ցանց չի գծվելու, պարզապես ՀՀ-ում առկա ճանապարհները գրանցված չեն, դրանց վերաբերյալ չկան վկայականներ, պիկետաժավորում, ինչի պատճառով այդ ճանապարհների կառավարումը դժվարանում է: Նա նշել է, որ փաստացի ՀՀ սեփականությունը համարվող ճանապարհային ցանցերի մասին է խոսքը: «Մենք գծելու ենք այդ ճանապարհներն իրենց զոնայով, տանելու ենք իրավունքի պետական գրանցման, որն ինտեգրելու ենք գեոպորտալին եւ հանձնելու ենք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը»,- ասել է Սուրեն Թովմասյանը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: