2022 թվականին գրանցված տնտեսական աճը եւ զարգացումները հնարավորություն են տվել բարելավելու պարտքեր/ՀՆԱ ցուցանիշը: Կառավարության ծրագրով նպատակադրված էր 2026 թվականին այն իջեցնել 60 տոկոսից ցածր, սակայն 2022 թվականի արդյունքներով արձանագրվել է էական բարելավում. պարտքեր/ՀՆԱ ցուցանիշը տարեվերջի դրությամբ նվազեցվել է 46,7 տոկոսի: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 15-ի նիստում: Քննարկվել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
Վերոնշյալ ցուցանիշի վրա ազդել է երեք հիմնական հանգամանք` տնտեսական առաջանցիկ տեմպը, փոխարժեքը, նաեւ պակասուրդի ավելի ցածր մակարդակը: Բարելավում է արձանագրվել նաեւ հայկական դրամով պարտքի մասնաբաժնի մեջ: 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 37,9 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9,1 տոկոսով: Նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվել են նաեւ մի շարք հարկային փոփոխություններ:
«Եկամուտների մասով ունեցել ենք պլանի համեմատ 82 մլրդով ավելի հավաքագրում, ինչպես նաեւ այլ եկամուտների գծով մոտավորապես 60 մլրդով ավելի հավաքագրումներ: Սա հնարավորություն է տվել ավելացնելու մեր կապիտալ ծախսերի մակարդակը, նաեւ որոշ ընթացիկ ծախսեր: Մենք նպատակադրվել ենք 2026 թվականին կապիտալ ծախսերի մակարդակը ՀՆԱ-ում ավելացնել մինչեւ վեց տոկոսից ավելի մակարդակի»,- ընդգծել է նախարարը: Հավելյալ եկամուտների զգալի մասն ուղղվել է ՊՆ կապիտալ ծախսերի բավարարմանը, որը կատարվել է 100 տոկոսով: 2021 թվականին պլանը կազմել է 88 մլրդ դրամ, 2022 թվականի համար պլանավորվել էր 122 մլրդ: «Եթե 2021 թվականին փաստացի ծախսել էինք 107 մլրդ ՊՆ կապիտալ ծախսերի համար, ապա այդ 107 մլրդը 2022 թվականին կազմել է 237 մլրդ, այսինքն` 129 մլրդով ավելի գումար»,- արձանագրել է Վահե Հովհաննիսյանը: Նա նշել է, որ խնդիրներ կան միջազգային դոնոր կազմակերպություններից ներգրավվող ծրագրերի իրականացման հետ կապված, որտեղ կարեւոր անելիքներ կան:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում 24 ծրագրով 146 միջոցառում է եղել նախատեսված, բյուջեն կազմել է 238 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95 տոկոս: Նախարարն ըստ ոլորտների ներկայացրել է կատարված աշխատանքը: