ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Փաթեթով նախատեսվում է կարգավորել ապօրինի փողոցային առեւտուրը:
««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը սահմանում է մշակութային գործունեության իրականացման նպատակով Երեւան քաղաքի հանրային բացօթյա վայրերի` փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն, օգտագործման պայմանները, պահանջները եւ սահմանափակումները: Այս փաթեթը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ ընդունվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ներկայացրած առաջարկը, որը վերաբերում է նախազգուշացման հնարավորությանը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Օրենքների նախագծերով առաջարկվում է գործող իրավական ակտերի մասով «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքներում ամրագրել լիազորող նորմեր: Այս փաթեթը եւս առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չէր ենթարկվել:
Այն քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:
Առաջին ընթերցմամբ քննարկված ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթով Կառավարությունն առաջարկում է մարզպետներին վերապահել բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասություն: Ակնկալվում է, որ հստակեցնող փոփոխությունը հնարավորություն կտա ապահովել պետական ընկերությունների արհեստավարժ, արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետվողականության վրա հիմնված կառավարում: Օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Քննարկված բոլոր օրինագծերը դրական եզրակացություն են ստացել:
Հանձնաժողովի նիստը կայացել է մարտի 15-ին: